Գագիկ Ջհանգիրյան- Ռուբեն Վարդազարյան աղմկահարույց ձայնագրությունից անցել են օրեր, բայց Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ վարույթ չի հարուցել, փոփոխության հարց չի քննարկել, փոխարենը դադարեցվել են Ռ․Վարդազարյանի լիազորությունները։ Քաղտեխնոլոգ Արա Պողոսյանի հետ զրուցել ենք այս թեմայի շուրջ։
- Ինչու են, այսպես ասած, «մի կտոր հացի շուրջ» նման քննարկումներ ծավալվել։ Այս ձայնագրությունն ինչի մասին է ասում։
-Հայկական իրականության մեջ դա այնպես չի, որ նորություն է, որովհետև ժողովուրդը առնվազն պատկերացնում է, կամ մարդիկ տարբեր ժամանակներում միշտ էլ խոսում էին այն մասին, որ դատական համակարգը կատարյալ վիճակում չէ։ Այս դեպքում էլ մենք ուղղակի տեսնում ենք դրա վառ արտահայտությունը, ընդ որում իմ ունեցած տեղեկություններով, հատկապես ՀՀՇ-ական շրջանում, այսինքն՝ մինչև 1998 թվականը՝ այդ երևույթը բավականին տարածված է եղել։ Տարբեր կոմպրոմանտներով պաշտոնյաների փոփոխությունը, այդ թվում՝ նաև պառլամենտական խմբակցություններից պատգամավորների՝ իրենց կողմ ներգրավելը։ Հիմա, այստեղ տեսնում ենք ժամանակակից հայկական իրականությունը։ Մի իրականություն, որտեղ դատական համակարգի այն ներկայացուցիչները, ովքեր պետք է պատասխանատու լինեին արդարադատության համար, երկրում արդարության մթնոլորտի ձևավորման համար, իրենք տարբեր կոմպրոմանտներով իրականացնում են այդ սցենարը։
- Ի՞նչ հետևանքներ կունենա այդ ձայնագրությունը՝ դատական և պետական համակարգի վրա։
- Սա բերելու է հանգեցնի բավականին բացասական հետևանքների, որովհետև ձայնագրության մեջ խոսվում է ինչ-որ ավելի բարձր մարդկանց հետ փոխհամաձայնեցված գործողությունների մասին։ Սա բերելու է երկարաժամկետ ժամանակահատվածում պետական համակարգի նկատմամբ վստահության զրոյացման։ Մյուս կողմից էլ՝ դատական համակարգի նկատմամբ վստահության զրոյացման։ Նաև իր ազդեցությունն է ունենալու հասարակության փոխհարաբերությունների վրա, որովհետև մենք բազմիցս խոսել ենք այսօրվա հասարակության ներսում ներքին կոնֆլիկտի մասին։ Այդ կոնֆլիկտի վրա սա ևս մեծ ազդեցություն է թողնելու՝ այն խորացնելու և ավելի ռադիկալացնելու իմաստով։ Անընդունելի է այն, որ դատական համակարգում կարող է լինել շանտաժի միջոցով փոփոխությունների նախադեպ։ Այնպես չէ, որ այդ նախադեպերը նախկինում չեն եղել, բայց այս նախադեպն արդեն հրապարակային է, ինչը որ բավականին բացասական ազդեցություն է թողնելու, եթե ձայնագրությանը չհաջորդի՝ օրինակ պատիժների մեխանիզմի կիրառումը, որովհետև շանտաժը պատկերացրեք այստեղ սովորական դատավորի նկատմամբ չի, այն՝ ԲԴԽ նախագահի նկատմամբ է, և դա չի կարող չունենալ իր ամենաբացասական հետևանքները՝ և իրավական իմաստով, և՝ քաղաքական։
- Կարծում եք, պետք է քրեական գործ հարուցվի՞ կամ հրաժարակա՞ն տա Գագիկ Ջհանգիրյանը։
- Այո, պետք է անմիջապես հարուցվեր քրեական գործ, որովհետեւ այստեղ քրեորեն հետապնդելի արարք է տեղի ունեցել։ Չէ, որ դատավորներն ունեն անկախության երաշխիքներ՝ և սահմանադրությամբ,և օրենքներով։ Եվ այստեղ խախտվում է դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի՝ անկախության իրավունքը, հնարավորությունը։ Ընդ որում այնտեղ տեսնում ենք նաև քրեական գործերի մասով երաշխիքներ, հավաստիացումներ, այսինքն՝ քրեական գործ կարելի է հարուցել, կարճել, կարելի է պայմանավորվել՝ չլինի քրեական գործ՝ հրաժարականի դիմաց, դա արդարադատության կոպիտ խախտում է, եթե ավելի կոպիտ ասենք՝ բռնաբարում է ուղղակի արդարադատությանը և արդարությանը։
- Այսինքն՝ հրաժարական տալով, կարելի է խուսափել պատասխանատվությունից, պատժից։
-Իհարկե, փաստորեն մարդը կարող է խոստանալ, որ եթե դու հրաժարական տաս՝ քո նկատմամբ քրեական գործերը կչեղարկվեն, այնտեղ ասում է, բայց հարուցվել է դա, մյուս կողմից ասում՝ դե ինչ կապ ունի՝ հարուցվել է, չի հարուցվել, ես եմ քո երաշխիքը, ես քեզ ասում եմ, որ չկա նման գործ։ Եվ պատկերացրեք շարքային քաղաքացին սա լսելով ինչպես կարող է հույս ունենալ, որ իր խնդիրները կարող են լուծվել։ Ես խիստ կասկածում եմ, որ քրեական գործ կհարուցվի և պարոն Ջհանգիրյանը կկանգնի արրդարադատության առաջ։
- Ինչպե՞ս կարձագանքեն իշխանությունները, վերջիվերջո։
-Այո, պետք է հասկանանք իշխանությունների դիրքորոշումը։ Օրինակ, այս պահին իրենք դրանից ինչ շահ, և ինչ կորուստ կունենան։ Ես կարծում եմ, եթե իշխանությունները գտնեն, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, եթե համարի, որ այդ պահին Գագիկ Ջհանգիրյանին զոհաբերելով ինքը կամրացնի իր դիրքերը՝ կզոհաբերի։ Եւ ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանին։