Քաղաքականություն

«Հրապարակ». Գործի է դրվել մարդկանց ընտրական իրավունքի վրա ազդելու կազմակերպված մեխանիզմ 

«Հրապարակ». Գործի է դրվել մարդկանց ընտրական իրավունքի վրա ազդելու կազմակերպված մեխանիզմ 

Ընտրության հաջորդ օրը, կրքերը հանդարտվելուց հետո սովորաբար գալիս է սառը դատելու ժամանակը, ամփոփում են խախտումները, գնահատում դրանց հնարավոր ազդեցությունը հրապարակված արդյունքների վրա: Դատելով պաշտոնական տեղեկություններից՝ Գյումրիում եւ Փարաքարում անցկացված ընտրությունների ժամանակ խախտումներն այնպիսին չեն եղել, որ ազդեն արդյունքի վրա: Սրանից ոմանք նույնիսկ եզրակացրին, որ Հայաստանում ընտրությունների արդյունքում հնարավոր է հասնել իշխանափոխության: «ՔՊ-ին հնարավոր է ընտրություններով հաղթել, եթե ընդդիմադիր դաշտն իրական է: Իսկ եթե խնդիր է առաջանում, հետեւաբար՝ որեւէ մեկը ներդրված նիկոլական է»․ սա Երեւանի ավագանու անդամ Արշակ Սարգսյանի կարծիքն է։ Թեեւ Գյումրիում ակնհայտորեն վարչական ռեսուրս է օգտագործվել, գործի է դրվել ընտրակաշառքի նոր մեթոդաբանություն, որի մասին գրել է մամուլը՝ մարդկանց բուքմեյքերական հաշվեհամարներին գումարներ են փոխանցվել, դատախազությունն ընդամենը 6 հրապարակման է ընթացք տվել եւ մեկ հաղորդման:

Բաց քվեարկության 2 փորձ, շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուների ուղղորդում, 1 ուղղորդման դեպք՝ վստահված անձի կողմից, ճնշումներ դիտորդների նկատմամբ: «Հանձնաժողովի նախագահն անընդ­հատ առաջարկել է՝ օգնող տրամադրել ընտրողներին… ինչի մասին դիտորդը բարձրաձայնել եւ պահանջել է արձանագրել ուղղորդման փաստը գրանցամատյանում, սակայն հանձնաժողովը դիտորդին հեռացրել է տեղամասից»: Չոր պաշտոնական նկարագրից էլ ակնհայտ է՝ զոռբայություն եղել է ու շատ: «Թիվ 31/3 ընտրատեղամաս մտած անձը հարվածել է իրեն լուսանկարահանող դիտորդի հեռախոսին»: ՔԿ-ի շարադրած որոշ դեպքեր ուղղակի ծիծաղ են բերում. «Թիվ 31/70 ընտրատեղամասում անհայտ քաղաքացին, ստանալով իր անձը հաստատող կտրոնը, առանց քվեարկությանը մասնակցելու, դուրս է եկել ընտրատեղամասից եւ իր վերաբերյալ տվյալներ պարունակող քվեարկության կտրոնը, խմբային շահերից ելնելով, փորձել է հափշտակել»: Կարծես դիտավորյալ ընթացք է տրվել ոչ էական խախտումների: Մինչդեռ սենսացիոն դեպքերով, որոնց մասին հրապարակային ահազանգեր են հնչել, նախաքննություն չի վարվում:
«Հրապարակի» լրագրող Լիա Սարգսյանի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ոստիկանության աշխատողները քվեատուփը գողանում տեղամասից, դնում մասնավոր ավտոմեքենան ու հեռացնում տարածքից։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այդ պահին ներկա է եղել ընտրատեղամասում, բացված քվեատուփի մոտ։ Առուշանյանը փաստը չի ընդունել՝ վստահեցնելով, որ քվեատուփն արդեն փակված է եղել։

Մենք հետաքրքրվեցինք ոստիկանությունից` այս դեպքին ընթացք տրվե՞լ է, եթե ոչ` ինչո՞ւ։ «Այս դեպքով խախտում չկա։ Ոստիկանությունն իր օրինական գործառույթներն է իրականացրել, քվեատուփը` ուղեկցումով, դուրս է բերվել տեղամասից, եւ այդ մայթին քայլելիս են եղել լրագրողները։ Որեւէ արտառոց բան այդտեղ չկա»,- պատասխանեց ՆԳՆ խոսնակը։ Սարիկ Մինասյանի թաղամասում հայտնաբերվել է «գաղտնի» շտաբ, որը գրանցված չի եղել, ապօրինի հավաքատեղի` Մինասյանի նկարներով, որի հեռավորությունն ընտրատեղամասից պահպանված չի եղել, իսկ ներսում գտնվող տղամարդկանցից մեկը խոստովանել է, որ շտաբ է գործում: Այս դեպքով ե՞ւս արտառոց ոչինչ չկա։ Ոստիկանության մի աշխատակից ասաց. «Որ մթերային խանութի մեջ նկարներ են կպցնում, նենց չի, որ շտաբ ա դառնում»: Պաշտոնապես մեզ պատասխանեցին. «Նշված տեղեկությունը ստուգման փուլում է»: Պարզ է, որ այս դեպքին եւս ընթացք չի տրվելու: Հատկանշական է, որ ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել, ինչն իրականում լավ ցուցանիշ չէ, քանի որ խոսում է ՆԳՆ-ի նկատմամբ անվստահության մասին:

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը, որի կազմակերպությունն ընտրությունների օրը հետեւել է խախտումներին, արձանագրած խախտումները դեռ չի ներկայացրել Քննչական կոմիտե, իսկ դրանք բազմաթիվ են: Նախաձեռնությունը հաստափոր զեկույց է կազմելու, ներկայացնելու է նյութեր, տեսագրություններ: «Բազմաթիվ դեպքեր ենք արձանագրել, որոնց մասին ահազանգում էինք, բայց ոստիկաններն ընթացք չէին տալիս: Կուտակումները, որոնք մեծամասամբ խայտառակ բնույթ ունեին, մեզ չի հաջողվել, իհարկե, ցրել կամ արձանագրել: Ունենք բազմաթիվ ահազանգեր՝ հենց կաշառք տալու: Անգամ ունենք դեպք, երբ քաղաքացին գումար տալու պահը տեսել է անձամբ, բայց քանի որ չենք ֆիքսել, մենք դեպքերը բարձրաձայնում էինք ուղղակի կամ կանխում էինք մեր ֆիզիկական ներկայությամբ: Ունենք նաեւ տասնյակ տեսանյութեր՝ խցիկների գաղտնիության խախտումներով, մարդու բնակարանում այլ անձանց գրանցումների, եւ դրանց եւս հետեւողական կլինենք»,- ասում է Գոհար Մելոյանը: Ի՞նչ եղավ նախընտրական շրջանում արձանագրված խախտումների հետ, դրանց ընթացք տրվե՞լ է` ոչ, ինչը սպասելի էր: Ձեր տպավորությամբ՝ այդ խախտումները, առհասարակ՝ Գյումրիում տիրող մթնոլորտը կարո՞ղ էին ազդել ընտրությունների ելքի վրա: «Ակնհայտ էր, որ կար վարչական ռեսուրսով կազմակերպված պրոցես: Մարդկանց խմբերով մոտեցնում էին, կոլեկտիվներով, տեղամասերի մոտ ցուցակներով մարդիկ էին շրջում. մի քանի տասնյակ տեղամասերում ֆիքսել են, թե ինչպես են ՔՊ վստահված անձինք ցուցակագրում մարդկանց: Եթե որոշ դիտորդներ մեր առաքելության նկատմամբ էլ են դիտորդություն անում ու ասում են, որ դա խախտում չէ, մենք գտնում ենք, որ դա էական խախտում է, մանավանդ որ համատարած բնույթ է կրում ու կազմակերպված է իշխանական ուժի կողմից` սա եւս վերահսկողական մեթոդ է: Նրանք միայն չէին հաշվում քվեարկողների մուտքը, այլեւ խաչի ու շրջանակի ձեւով տարբեր նշումներ էին անում՝ նշելով այն անձանց, ովքեր պետք է գային ու կատարեին իրենց ընտրությունը: Կազմակերպված մեխանիզմ կար՝ մարդկանց ազատ ընտրության իրավունքի վրա ներազդելու»:

Գոհար Մելոյանը խոսեց նաեւ համատարած հոսանքանջատումների, ոստիկանության պահվածքի մասին, որը չէր ցրում կուտակումները: Ինչպես միշտ, ճակատագրական պահերին անգործություն է ցուցաբերել ՄԻՊ գրասենյակը: Մարտի 30-ին Անահիտ Մանասյանն ու նրա աշխատողները մամուլի քարտուղարի աշխատանք են կատարել՝ կարդացել են ԶԼՄ-ների եւ սոցցանցերի հրապարակումները` ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, կուտակումների, քվեարկության գաղտնիությունը խախտելու եւ այլնի վերաբերյալ, եւ հաղորդագրություն տարածել այս ամենի մասին: Մինչդեռ ենթադրվում է, որ պետք է անցնեին տեղամասերով, հանդիպեին ահազանգողներին, անձամբ զրուցեին ընտրողների, հանձնաժողովների անդամների հետ, ինչպես անում էին օմբուդսմենի գրասենյակի աշխատողները՝ մինչեւ իշխանափոխությունը: Մանասյանի աշխատողները նստել են օֆիսում եւ տեղամասեր են գնացել «ամենաանմեղ» նպատակով՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրության մատչելիությունը դիտարկելու։ Եվ արձանագրել են, որ տեղամասերում չկան խոշորացույցներ, մի հաշմանդամ էլ չի կարողացել տնից դուրս գալ եւ չի գնացել ընտրելու: Սա է ՄԻՊ աշխատակազմի միակ «հեղինակային» բացահայտումը: Իհարկե, Անահիտ Մանասյանն այս անգամ էլ կենտրոնացել է իր սիրելի թեմայի՝ ատելության խոսքի վրա: Երեւի հազիվ է իրեն զսպել, որ չպաշտպանի իշխանական պատգամավոր, Գյումրիում անհասկանալի նյութերի ազդեցության տակ շրջող Վիլեն Գաբրիելյանին` լրագրողների ու ՖԲ օգտատերերի ատելության խոսքից: «Արձանագրվել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բեւեռացման բարձր մակարդակ, ինչն անթույլատրելի է»,- կարծում է ՄԻՊ-ը՝ տեղեկացնելով, որ գրություններ է ուղարկելու պետական մարմիններին: Բայց ո՞ր պետական մարմինն է սթափվում իշխանության ծոցում տաքուկ տեղավորված օմբուդսմենի գրություններից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image