Կարող է թվալ, թե Սերժ Սարգսյանի օրերս արված հայտարարությունը անցյալին վերաբերող հերթական մեկնաբանություն է։ Բայց իրականում այն խփում է հենց Նիկոլ Փաշինյանի հեղափոխության հիմքին։ Ժողովրդի արտահայտությամբ՝ Սերժը ուղիղ խփեց Նիկոլի սրտին։
Երրորդ նախագահը հայտարարեց, որ Փաշինյանը 2018-ի շարժման օրերին ՀՀ-ում ԵՄ դեսպանին ասել է՝ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն։
«Ո՞վ էր իրեն առաջարկել։ Գալու է ժամանակ, երբ խոսելու են մարդիկ, որոնց մոտ գնացել է Սվիտալսկին և ասել, որ սրան առաջարկել են փոխվարչապետի պաշտոն։ Ինձ համար էլ է անհասկանալի՝ ո՞վ է առաջարկել նման պաշտոն, ես չեմ առաջարկել», - Երրորդ նախագահը։
Այս խոսքերով Սերժ Սարգսյանը, ըստ էության, ակնարկում է, որ 2018-ի «թավշյա հեղափոխությունը» ոչ այնքան ինքնաբուխ էր, որքան կոորդինացված արտաքին միջնորդությամբ։ Նրա ենթատեքստը պարզ է․«Փաշինյանը հեղափոխական չէր, այլ գործարքի մասնակից, որին առաջարկել էին պաշտոն, բայց նա գնաց մինչև վերջ՝ վերցնելով իշխանությունը»։
Փաշինյանը, իր հերթին, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ նման բան չի եղել։ Նրա արձագանքը տրամաբանական է՝ հաշվի առնելով հեղափոխական ինքնապատկերի կառուցվածքը։
Փաշինյանի ամբողջ լեգիտիմությունը հիմնված է «հեղափոխական մաքրության» գաղափարի վրա։ Եթե նա ընդունի, որ որևէ առաջարկ եղել է, ապա կխոստովանի, որ հեղափոխությունը լիովին անկախ գործընթաց չի եղել, այլ ունեցել է արտաքին դերակատարների ներգրավում։
Փաշինյանը չի կարող իրեն թույլ տալ նման խոստովանություն․ դա կխարխլի իր պատմական միֆը՝ «Ես եմ հեղափոխության մղիչ ուժը, ոչ ոք իմ վրա ազդեցություն չի ունեցել, ոչ մի եվրոպացի, ոչ մի պայմանավորվածություն»։
Բայց եթե հարցը դիտարկենք բանական տրամաբանությամբ, ո՞ր տարբերակն է ավելի հավանական։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Եվրամիությունն ու արևմտյան կառույցները 2018-ից հետո Հայաստանը օգտագործեցին որպես ժողովրդավարական “սիմվոլ” տարածաշրջանում, ի հակակշիռ Ռուսաստանի ազդեցության։
Հայաստանը կտրուկ փոխեց իր արտաքին քաղաքական ուղղությունը՝ փորձելով հեռանալ Մոսկվայից և ինտեգրվել արևմտյան կառույցներին։ Դա արդեն փաստ է․ Ռուսաստանից հեռանալու նոր ազդակներ ի հայտ են գալիս գրեթե ամեն օր։
Սակայն այդ շրջադարձը պահանջում էր ռեսուրսներ, պաշտպանական ու տնտեսական աջակցություն, որոնք Եվրամիությունը խոստացավ, բայց միշտ չէ, որ տրամադրեց։ Արդյունքում՝ Հայաստանը հայտնվեց կիսամիջոցների և սպասման քաղաքականության մեջ, որտեղ իշխանությունը ձևացնում է, թե ինքնուրույն է,
իսկ ԵՄ-ն՝ թե աջակցում է, բայց իրականում երկուսն էլ պարզապես փորձում են հաղթահարել անորոշությունը։
Փաստորեն Սերժ Սարգսյանն ուղիղ խփեց Նիկոլի հեղափոխական սրտին՝ մեկ նախադասությամբ պայթեցնելով այն միֆը, որի վրա Փաշինյանը կառուցել էր իր իշխանությունը։ Նա կոտրեց Նիկոլ Փաշինյանի կողմից հորինված հեղափոխական առասպելը։ Եվ այսօր Սերժ Սարգսյանին հերքելու անհագուրդ փորձերը դրա մասին էին խոսում։