Քաղաքականություն

Օրը 20 անգամ «Նիկոլ` կապիտուլյանտ» ասելը ո՛չ դուխի, ո՛չ էլ ինտելեկտի նշան է, խոսեք երկրի իրական օրակարգից

Օրը 20 անգամ «Նիկոլ` կապիտուլյանտ» ասելը ո՛չ դուխի, ո՛չ էլ ինտելեկտի նշան է, խոսեք երկրի իրական օրակարգից

 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին դահլիճից դուրս հրավիրելը երևակեց այն հիասթափությունը, որ կա անգամ այս իշխանությունների հանդեպ արմատական ընդդիմադիր լրագրողական, քաղաքական, վերլուծական շրջանակների մոտ։ Հիասթափություն, որ ինչ-որ մարդիկ չեն գիտակցում պահի և իրենց վրա դրված առաքելության լրջությունը։ Եվ պատահական չէ, որ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն իր էջում տեղադրել է «Comedy club»-ի տեսանյութն ու մակագրել․ «Հայաստան. մեր օրեր»։ «Հրապարակի» հարցազրույցը Նաիրա Զոհրաբյանի հետ։


-Տիկին Զոհրաբյան, արդեն իսկ քննադատություն է հնչում նաև ԱԺ ընդդիմության հասցեին, որ  արդեն ձանձրացրել է անբովանդակ ելույթներով ու օրը 20 անգամ «կապիտուլյանտ» ասելով։ Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, օրինակ, գրեթե բաց տեքստով գրել էր․ «Անբովանդակությունը սովորաբար քողարկվում է էպոտաժով»։ Ակնարկը թափանցիկ է․ ժամանակագրորեն համընկնում է ԱԺ-ում այն իրադարձություններին, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ԱԺ ամբիոնի մոտ «կապիտուլյանտ Նիկոլ» բառակապակցության համար ԱԺ նախագահ և նիստը նախագահող Ալեն Սիմոնյանի կողմից դուրս հրավիրվեց դահլիճից` մինչև այսօրվա աշխատանքային օրվա ավարտ։ Ինչ կասե՞ք` որպես բազմաթիվ գումարումների պատգամավոր։


-Լինեմ անկեղծ, շատ ուշադիր չեմ հետևում խորհրդարանի աշխատանքներին, որովհետև, այո, այնտեղ բովանդակությունն առաջին իսկ նիստից փոխարինված է էպոտաժով և շոուով։ Եվ պատահական չէր իմ երեկվա գրառումը, որ խորհրդարանում հավաքված քաղաքական ուժերը չեն գիտակցում կամ գիտակցում են, պարզապես դիտավորյալ հանրության ուշադրությունը շեղում են նման էժանագին էպոտաժային շոուներով, միգուցեև փոխադարձաբար պայմանավորված կերպով, մեր երկրի իրական օրակարգից, որպեսզի, ասենք, մի 10-15-20 օր կամ 1 ամիս հետո, այս անգամ արդեն Հայաստանի սուվերենության հատվածների հետ կապված, մենք հայտնվենք 44-օրյա «Հաղթելու ենք»-ի դեժավյուի, հեշթեգի իրավիճակում։

Ես համաձայն եմ թե՛ Արփինե Հովհաննիսյանի, թե՛ իմ լրագրող գործընկեր Ինգա Մարտինյանի հետ, որ օրը 20 անգամ «Նիկոլ՝ կապիտուլյանտ» ասելը ո՛չ համարձակության, ո՛չ էլ դուխի ու հատուկ համարձակության, ո´չ էլ ինտելեկտի նշան է։ Ընդամենը սույն պատգամավորների  «տրեներներին», ովքեր կարծում են, որ էպոտաժը քաղաքական գործիչ դառնալու լավագույն ճանապարհն է, վստահաբար պիտի ասեմ, որ խորապես սխալվում են։ Չտամ անուններ՝ որևէ մեկին չվիրավորելու համար, բայց մենք բազմաթիվ էպոտաժներ ենք տեսել` կոյուղաջուր լցնելուց սկսած։ Եվ որպես այս իշխանությանը որպես արմատական ընդդիմադիր, չէի ցանկանա երբևէ անել արձանագրում, բայց ստիպված եմ որոշ դրվագներով հետևելով ԱԺ աշխատանքին, արձանագրել, որ մեծամասնության որոշ պատգամավորներ, օգտագործեմ ընդդիմադիր պատգամավորներին թրեյնինգ անող պատգամավորների լեքսիկոնը, ուղղակիորեն չռփում են ընդդիմադիր որոշ պատգամավորների։ Սա ես ցավով եմ արձանագրում, որովհետև երբ իրենք մեզ ասում էին, որ դուք լավ կամ իրական ընդդիմադիր չեք, որ չեք կարողանում ամբողջ ընդդիմության խորհրդարանական գործիքակազմն օգտագործել, դրանում որոշ առումներով ճշմարտություն կար։ Եվ մենք բոլորս ակնկալում էինք, որ այս խորհրդարանի ընդդիմադիր հատվածի օրակարգը պիտի լինեն, օրինակ, առաջիկայում բոլորիս համար սպասվող և կանխատեսելի դեմարկացիայի ու դելիմիտացիայի խնդիրները։ Բայց, փոխարենը, մենք տեսնում ենք տարբեր «տրեներների» կողմից էժանագին, ինչ-որ ագրեսիվ, թրեյնինգ արված ու անբովանդակ դիսկուրս, որը, կրկնում եմ, որևէ կապ չունի ո´չ խորհրդարանական գործունեության և ոչ էլ, առավել ևս, Հայաստանի և Արցախի օրակարգի հետ։ Կրկնում եմ՝ օրը 20 անգամ «կապիտուլյանտ» ասելը ո՛չ հերոսության, ո՛չ ինտելեկտի ապացույց  է։ Արդեն ասացի, որ 7-րդ գումարման խորհրդարանական ընդդիմությունը, ըստ իս, չի կարողացել իր ամբողջ գործիքակազմն օգտագործել։ Եվ «գործիքակազմ» ասելով՝ նկատի չունեմ հանձնաժողովի նախագահի կամ ԱԺ փոխնախագայի պաշտոնը, որի միակ, էսպես ասեմ՝ բոնուսն արտահերթ ելույթի իրավունքն է։ Այո, կարող էինք շատ ավելի կայուն գործիքակազմ օգտագործել, ինչը չենք արել, բայց այն, ինչ տեսնում ենք, որ հիմա անում է ներկայիս ընդդիմությունը, սա էպոտաժ է և ոչ ավելին։ Ընդ որում, նկատելի է, ԱԺ-ից դուրս տարբեր գործիչներից ամեն մեկը փորձում է առաջ տանել իր պրոտեժեին, թե ում պրոտեժեն կլինի ավելի էպոտաժային։ Բնականաբար, այս ամենը տխուր է, այս ամենը զվարճալի է ու ցավալի, որովհետև մենք դեռևս շատ լուրջ արտաքին ու ներքին մարտահրավերների առջև ենք կանգնած և առաջիկայում նույնքան լուրջ մարտահրավերներ պիտի կարողանանք կամ չկարողանանք հաղթահարել։ Մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը խախտել է Հայաստանի սուվերեն տարածքը, Դուք այս խորհրդարանում որևէ մեկ հարց դրա մասին լսե՞լ եք, թե՞ ոչ։ Ես չեմ լսել։ Ես դա եմ ակնկալում լսել։ Ես ակնկալում եմ լսել պատասխանը, արձագանքը, հարցադրումը Ալիևի ամեն օր արվող հայտարարության, որ առաջիկայում մենք վերանվաճելու ենք Խորհրդային Ադրբեջանի քարտեզով մեր տարածքները։ Դուք այս հարցի շուրջ դիսկուրս ԱԺ-ում լսե՞լ եք։ Ես՝ ոչ։ Փոխարենը 50 անգամ լսել ենք՝ կապիտուլյանտ։ Կամ` Մարտիրոս Սարյանի ու Այվազովսկու նկարի ռամկան քանի սանտիմետր ներքև կամ վերև է։ 
Այո, խորհրդարանը երկրի ամենադեմոկրատական ամբիոնն է, և, այո, երբեմն նաև էպոտաժ է պետք ԱԺ-ում, բայց եթե չկա բովանդակություն, և այն փոխարինված է բացառապես էպոտաժով, ապա ընդամենը շաբաթների ընթացքում մենք ունենալու ենք ոչ թե երկրի ներկայացուցչական մարմին, այլ՝ երկրի ներկայացուցչական կրկես-Շիբիդո։ Տավուշի սահմանային 6 գյուղերում ռուս խաղաղապահները ուղեկալ կտեղադրեն, իսկ Ոսկեպարում արդեն իսկ տեղադրել են։ Այ, սրանից խոսեք խորհրդարանում, երկրի իրական օրակարգից։ Իրական մարտահրավերներից խոսեք, որ վաղը Հայաստանի սուվերենությունը բզկտելու են։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image