Քաղաքականություն

Սև-սպիտակի մեխանիզմը միշտ գործողության մեջ պահելը ձեռնտու է իշխանությանն ու նախկիններին

Սև-սպիտակի մեխանիզմը միշտ գործողության մեջ պահելը ձեռնտու է իշխանությանն ու նախկիններին

Համավարակի  դժվարին օրերին էլ Նիկոլ Փաշինյանին նախկինները հանգիստ չեն թողնում։ Կիրակի օրը նա հերթական լայվը մտավ ու փորձեց որոշ շրջանակների հետ հաշիվներ մաքրել, սպառնալ ու փիլիսոփայել։ Թե որն էր լայվի բուն պատճառն ու նպատակը, այդպես էլ չհասկացվեց։ Սակայն ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը հասցրեց մեղադրել լրատվական դաշտի իր երբեմնի գործընկերներին, նախկին իշխանավորներին, նորից հիշեց «վնգստացող» դատավորներին, ՍԴ-ին եւ այլոց։

Նախ ասաց, որ հսկայական դժգոհության ալիք եւ հիասթափություն կա հեղափոխությունից եւ իշխանությունից, քանի որ բոլորը «փայ» են ուզում եւ քանի որ չեն ստացել ու չեն ստանալու, դժգոհ են իրենից։ Ինքը տեղի չի տալու եւ նրանց թողնելու է առանց «փայի»։ Թե ովքեր են փայատերերը եւ ինչ են ուզում, բնականաբար, չասաց․ «Երկու տարվա իմ վարչապետության ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ այն, որ ես ոչ մի վայրկյան չեմ տրվել «կիսելու» այդ տրամաբանության մեջ, եւ դրա պատճառով էլ հասունանում է դժգոհությունը: Խորքային իմաստով Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն, որովհետեւ այն փայերը, որի ակնկալիքներն ունեին շատ-շատերը, այդ փ բաժանումը տեղի չի ունենում»։ Ապա խոսեց նախկինների մասին՝ հընթացս ակնարկներ անելով, թե կոռուպցիոն մի շարք աղմկահարույց գործերով առաջընթաց կա, եւ նախկինների ակտիվությունը նաեւ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունմամբ է պայմանավորված․․․։ Շուրջօրյա ռեժիմով նախկիններին ասֆալտին փռող, պատերին ծեփող վարչապետը խոսեց նաեւ իրենց գործողություններում «թավիշի» շատ լինելու եւ դրա պատճառով իշխանության նկատմամբ հանրային դժգոհությունների մասին։ Ասաց, թե հեղափոխությունից հետո ոչ մի բան չէր խանգարում «հատ-հատ, հենց հեղափոխության ժամանակ, էդ մարդկանց տներից հանել եւ սամասուդ անել՝ բառիս բուն իմաստով», բայց «սամասուդ» չեն արել, որովհետեւ հեղափոխության թավշյա ոգուն հավատարիմ՝ բոլորին փոխվելու շանս են տվել։  

Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի կարծիքով, վարչապետի՝ հանրային որոշակի հիասթափության կապակցությամբ եզրակացությունը մասամբ ճիշտ է, քանի որ, ի թիվս այլ ակնկալիքների, հանրությունն ունեցել է արդարության հույս: «Ցավոք, միայն խոսվեց անցումային արդարադատության մասին, բայց տեսանելի քայլ չկատարվեց այդ ուղղությամբ: Այդ քայլի բացակայությունը թույլ է տալիս երեկվա գջլողներին, որ տարիներով իրենց թալանածի մի չնչինագույն մաս որպես «բարեգործություն» նետեն բնակչությանը եւ շարունակեն ուզուրպացնել նաեւ բարեգործի, հայրենասերի, հումանիստի կարգավիճակները: Հանրությունն իրավունք ունի իրեն կրկնակի անարգված զգալու: Հայտնի խոսք է՝ «Հին գինին՝ հին տակառներում, նորը՝ նոր»: Շատ կարեւոր պաշտոններում կադրերը փոխվել են, շատերը՝ մնացել նույնը, ելնելով իշխանավարման նպատակահարմարությունից. ի՞նչ թավիշի մասին է խոսքը: Մի՞թե նախորդ իշխանություններն էլ չէին կարող նույն կերպ մեկնաբանել՝ ասելով, որ մեծահոգաբար շանս են տալիս, որ մարդիկ վերափոխվեն: Անհամոզիչ է, եթե չասվի՝ վիրավորական»: Հայրապետյանի խոսքով՝ ժողովրդի մեջ չկա «փայ մտնելու» ակնկալիք․ «Այդպիսի ակնկալիք կարող են ունենալ միայն երեկվա եւ այսօրվա ընչաքաղցները, որոնք իրենց պատկերացնում են առանձնաշնորհյալներ: Այս հարցում պարոն վարչապետն իրավունք ունի դժգոհելու բացառապես իր այսօրվա շրջապատից եւ երեկվա՝ պետության մսուրքին կապվածներից: Ժողովրդային հիասթափությունն ամենեւին դրանով չի պայմանավորված. ափսոս, որ այդպես է եզրակացրել պարոն վարչապետը»:

Հետաքրքրվեցինք՝ այս օրերին, երբ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը, պայքարում է համավարակի դեմ, ինչո՞ւ Փաշինյանը նորից հիշեց նախկիններին․ «Սեւ-սպիտակի պարզունակ մեխանիզմը միշտ գործողության մեջ պահելը ձեռնտու է բացառապես իշխանությանն ու նախկիններին, դրանով մշտապես ամայի կպահվեն Հայաստանի քաղաքական, տնտեսական, գաղափարների ու մտքերի դաշտերը՝ ի վնաս Հայաստանի ներկայի ու ապագայի եւ հօգուտ նախկինների ու ներկաների նեղ, գավառամիտ խմբերի: Հատկապես երերում զգալիս այս մեթոդաբանությունը»։

Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին չեն մտահոգում վարչապետի նախազգուշացումը եւ սպառնալիքը, որ վերցնելու են ժողովրդից թալանածը, հատկապես՝ դղյակները․ «Կոնկրետ ես ո՛չ գույք ունեմ, ո՛չ էլ մտահոգվում եմ»։ Դիտարկմանը, որ տարիներ շարունակ մամուլը գրել է Տարոն Մարգարյանի՝ գոլդ հասցեում տեղակայված շքեղ առանձնատան մասին, ինքը տեղյա՞կ է՝ Մարգարյա՞նն էլ չունի մտահոգություններ, պատասխանեց․ «Երբ գործ կհարուցվի, կտեսնեն, հո ասելով չի, որ ապօրինի է, կտեսնեն, էլի։ Չի կարող այդ առանձնատունն ապօրինի միջոցներով լինել»։ Իսկ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացած նախկին քաղաքապետն այդ պարագայում ի՞նչ միջոցներով է կառուցել մի քանի միլիոնանոց առանձնատունը։ «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց կասեմ, որ օրինական ձեռք բերված գույք է։ Տարիների ընթացքում է կառուցվել, այնպես չի, որ մի օրում է կառուցվել, 10 տարվա ընթացքում է կառուցվել»։ Ռոբերտ Սարգսյանն ասաց նաեւ, որ իրեն ոչ մեկը չի կարող «սամասուդի» ենթարկել․ «Ես էս երկրում վախենալու ոչ մի բան չունեմ, ե՛ւ բանակում եմ ծառայել, ե՛ւ էս երկրի համար իմ ապրելով լիքը բան եմ արել։ Իմ անունով գրանցված գույքեր էլ ունեմ, որոնք լրիվ օրինական եմ, ինչ եղել եմ պետական պաշտոնյա՝ ԱԺ պատգամավոր, դրանից հետո գույք ձեռք չեմ բերել»։

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ վարչապետն իրավունք ունի՞ տեղեկություններ ստանալ, առավել եւս հրապարակային խոսել  նախաքննական փուլում գտնվող քրեական գործերի մասին։ «Իրավունք ունի այնքան, որ նախաքննության ընթացքին միջամտություն չլինի, բայց հատկապես պաշտոնյաները պետք է զսպվածություն ցուցաբերեն, որպեսզի նախաքննական գաղտնիք չհրապարակեն կամ ազդեցություն չունենան»։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image