Քաղաքականություն

Փաշինյանի պես անհանդուրժող

Փաշինյանի պես անհանդուրժող

Մենք հաճախ ենք անդրադառնում Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների անհանդուրժող կեցվածքին: Գրում ենք, որ չնայած այն հանգամանքին, որ այս Ազգային ժողովում մեծ թվով նախկին լրագրողներ կան, որ Փաշինյանն ինքն էլ նախկին լրագրող ու խմբագիր է, որը նախկինում հալածվել է այս կամ այն ուժի կողմից, խոսքի ազատության սահմանափակումների հետ առնչվել, դատարանի առաջ կանգնել եւ այլն, սակայն այսօր այդ նույն մեթոդները, նույնիսկ` ավելի վատ ձեւերով, ինքն է կիրառում ուրիշների եւ հատկապես իր քաղաքական հակառակորդների, իրեն քննադատողների նկատմամբ: Նրանց դեմ քրեական գործեր են հարուցվում, բանտարկում են, օրենքներն են փոխում եւ խոսքի համար մարդկանց են ազատազրկում ու պատժում: Մի խոսքով` այն, ինչ Փաշինյանն է անում, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երազել անգամ չէին կարող, որովհետեւ նրանց դեմ պայքարող քաղհասարակություն կար, եւ միջազգային հանրությունն էլ աչալուրջ հետեւում էր ու սանկցիաներ կիրառում: 

Բայց այսօր նաեւ Հայաստանում գործող ընդդիմությունն է փոխվել` առաջվա ընդդիմությունն էլ ավելի հանդուրժող ու դեմոկրատ էր: Ամեն անգամ, երբ ընդդիմության հասցեին որեւէ խոսք, քննադատություն են հնչում, նույն անհանդուրժողականությունն ու մերժումը տեսնում ենք նաեւ ընդդիմության կողմից: Ճիշտ է` ընդդիմությունը մարդկանց խոշտանգելու, գործեր հարուցելու, բանտ նետելու հնարավորություններ չունի, սակայն նրանց անհանդուրժողականությունն էլ պակաս ագրեսիվ չէ: Վերջին ամենացցուն օրինակը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահայնի հարցազրույցն էր, որը մեծ աղմուկ է բարձրացրել եւ որոշ շրջանակների, հատկապես` Սերժ Սարգսյանի համակիրների ու թիմակիցների կողմից կատաղի քննադատության է արժանանում: 

Միքայել Աջապահյանը քննադատական խոսք է ասել ՀՀ երրորդ նախագահի մասին, զուգահեռներ է անցկացրել նրա եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ եւ եզրահանգումներ արել հօգուտ Քոչարյանի, ինչը Սերժ Սարգսյանի թիմակիցներին հունից հանել է: Քանի օր է՝ այդ թիմի բոլոր անդամները հերթով գրում են ու գրում` Միքայել սրբազանի հասցեին վիրավորանքներ հնչեցնում, մի երիտասարդ պատգամավորուհի նրան «քայլող անտեղյակություն» է անվանում` նմանվելով ՔՊ-ական Էմմա Պալյանին, մյուսը «խառնակիչ» է կոչում եւ այլն: Կարելի է, իհարկե, չհամաձայնել հոգեւորականի գնահատականների հետ, բայց նա ոչ մի վիրավորական խոսք չի ասել իրենց առաջնորդի մասին, պարզապես քննադատել է, ինչն իր սահմանադրական իրավունքն է, հետեւաբար՝ ի՞նչ իմաստ ունեն այդ որակումները: 

Բայց այն, որ երրորդ նախագահի թիմակիցներն այսքան անհանդուրժող ու քինախնդիր են իրենց առաջնորդի հասցեին հնչած քննադատությունների հանդեպ, բոլորովին չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանի թիմն այս առումով էականորեն տարբերվում է նրանցից: Նրանք էլ ամեն հարմար առիթով թիրախավորում են բոլոր նրանց, ովքեր քննադատական խոսք են հնչեցնում Քոչարյանի մասին: Գուցե այս անհանդուրժողական մոտեցումը Նիկոլ Փաշինյանից փոխանցվել է մյուս քաղաքական ուժերին, բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանին ընդդիմացող ուժերը պետք է իրենց մոտեցումներով ու խոսույթով տարբերվեն նրանից: Ակնհայտ է, որ ոչ մի քաղաքական ուժի էլ հաճելի չէ քննադատություն ու պարսավանքի խոսքեր լսելը, սակայն հասուն ու կայացած ուժերն այսքան մանրախնդիր չեն լինում եւ իրենց հասցեին հնչած ամեն քննադատական խոսքից ցնցումների մեջ չեն ընկնում ու ատելությամբ լցվում իրենց քննադատողների հանդեպ: 

Ինչ վերաբերում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա տպավորություն է, թե նա հաճույք է ստանում սկանդալների կիզակետում հայտնվելուց: Կարծես թե հատուկ է սկանդալային ու կտրուկ հայտարարություններով հանդես գալիս, որպեսզի օրեր շարունակ իրեն քննարկեն, եւ մի սկանդալը չմարած` հաջորդն է հրահրում, որ հանրային օրակարգից հանկարծ դուրս չմղվի: Փոխարենը պառակտված ընդդիմությանը հաշտեցնելու, հեղինակավոր հոգեւորականը հարցազրույց հարցազրույցի հետեից է տալիս եւ կրակի վրա բենզին լցնում` իրավիճակը թեժացնելով:

Այնուամենայնիվ, ճիշտը մարդու ազատ խոսքը, հնչեցրած գնահատականներն ու մտքերն ի գիտություն ընդունելն է կամ էլ` անտեսելը, այլ ոչ թե չեղած տեղը նման աղմուկ բարձրացնելն ու անհանդուրժողական կեցվածքը ընդունելը: Պատկերացնո՞ւմ եք` եթե աշխարհի կայացած քաղաքական գործիչները նույնքան մանրախնդիր լինեին, ինչ կկատարվեր աշխարհով մեկ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image