Հասարակություն

Սարքը հաշմանդամ զինվորների մոտ քայլելու պատրանք է ստեղծում

Սարքը հաշմանդամ զինվորների մոտ քայլելու պատրանք է ստեղծում

«Ռե Արմենիա» (Re Armenia) համագործակցման հարթակի ղեկավար Գեւորգ Պողոսյանն իր առաքելությունը համարում է աշխարհի տարբեր ծայրերում գործ անող հայերին իրար գլուխ հավաքելը։ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված այս հարթակի միջոցով արդյունավետ դրամահավաքներ էին իրականացվում։ 67 մլն դրամ հաջողվել էր հավաքել միայն «Մունք» տեխնոդպրոցի ստեղծման համար, որը հիմնվել էր 2022 թվականին՝ ԱՀ Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում։ Արցախցի երեխաներն այս դպրոցի շնորհիվ կարողանում էին անվճար IT կրթություն ստանալ։ «Արցախի հանձնումից հետո դպրոցի համակարգիչներն ու գույքը դրեցինք «գազելի» մեջ, տեղափոխեցինք Տաշիր, Կալինինո։ «Մունքը» բացվեց նաեւ Սյունիքում, ունենք նման դպրոց Վանաձորում»,- պատմում է  «Ռե Արմենիայի» աշխատակից Դավիթ Մելքումյանը, որն արցախցի է ու «Մունքի» շրջանավարտներից։ Այսօր էլ «Ռե Արմենիայի» միջոցով տարբեր կազմակերպություններ դրամահավաքներ են իրականացնում՝ նշելով ծրագրի նպատակները, նկարագիրը, պահանջվող գումարը։ Օրինակ, «Միասին» ՀԿ-ն մոտ 2,7 մլն դրամ է հավաքում՝ տարեցների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով։ 

Հետաքրքրվեցինք․ ստուգո՞ւմ եք՝ Ձեր հարթակի միջոցով իրականացված դրամահավաքներն արդյոք ծառայո՞ւմ են նպատակին։ Դավիթ Մելքումյանը պատասխանեց, որ ստուգման հիմնական ձեւն առցանց զանգերն են, կազմակերպությունների պատմությանը, իրականացրած գործերին ծանոթանալը։ «Ռե Արմենիա» հարթակի միջոցով իրականացված հաջող նախագծերի թվում նա նշում է «ՄետաԳեյթ» նախագիծը, որն իրականացրել է «Տերեմ» հիմնադրամը։ Աշխարհի 1500 հայեր են աջակցել այս ծրագրի իրականացմանը։ Նրանց աջակցությամբ արտադրվում են 40 ՄետաԳեյթ սարքեր։ MetaGait-ն աշխարհում առաջին հեռավար վերականգնողական սարքն է՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, որն օգնում է մարդկանց քայլել վիրտուալ տիրույթում։ Այս սարքի միջոցով հաշմանդամ զինվորները, որոնք էլ երբեք չեն քայլելու, ստանում են քայլքի երջանիկ պատրանք, իմիտացիա։ Համարվում է, որ այս վիրտուալ քայլն օգնում է կանխարգելել 30-ից ավել հիվանդություններ, որոնք առաջանում են չքայլելու հետեւանքով։ Այսպես․ «Ռե Արմենիա» հարթակը որոշ առումով իր վրա է վերցնում պետության գործառույթները՝ համախմբելով սփյուռքին: Վերջերս էլ, արցախյան թեմային հավատարիմ, ակտիվորեն բարձրացնում է մեր գերիների ազատագրման թեման։ 

«Ռե Արմենիայի» ղեկավարը Գեւորգ Պողոսյանն է, որն «Ի դրամ» վճարային համակարգի հիմնադիրն է։ Նրա ֆեյսբուքյան էջում բազմաթիվ կոչեր գտանք` ի աջակցություն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների։ «Դատվում են, որովհետեւ ՀԱՅ են»,- գրում է Պողոսյանը, ստորագրահավաքի կոչ անելով, առաջարկելով ՀՀ կառավարությանը՝ հետեւել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների գործերի քննությանը եւ իրականացնել Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերի առաջարկած միջոցները։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image