Ուսումնական տարվան ընդառաջ, ավանդաբար ՀՀ մարզերում եւ Երեւանում տեղի են ունենում օգոստոսյան խորհրդակցություններ՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ։ Օգոստոսյան վերջին խորհրդակցությունը նախատեսված էր օգոստոսի 30-ին` Երեւանում:
Այս տարի հիշյալ խորհրդակցություններն անցկացվեցին նոր ձեւաչափով` կրթական էքսպո-ցուցահանդեսների զուգակցմամբ: Մինչ երեւանյան խորհրդակցության մեկնարկը, ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծանոթացան Երեւանի դպրոցների կողմից ներկայացված նախագծային աշխատանքներն ամփոփող կրթական էքսպոյին, զրուցեցին աշակերտների եւ ուսուցիչների հետ, իսկ Ժ. Անդրեասյանն անգամ փորձեց աշակերտների թրմած գինին, որը պատրաստել էին «Տեխնոլոգիա» առարկայի շրջանակներում:
Դահլիճում արդեն` տնօրենների, փոխտնօրենների հետ ԿԳՄՍ նախարարը խոսեց հանրակրթական ոլորտի մի շարք խնդիրներից, ինչպես նաեւ արեց առաջարկներ: Մասնավորապես, Ժ. Անդրեասյանն առաջարկեց վերանայել վերջին զանգի մշակույթը մեր դպրոցներում։ «Պլանավորելու ենք նաեւ մրցույթ` լավագույն մշակութային վերջին զանգ, որի համար ունենալու ենք պրոֆեսիոնալ ժյուրի` մշակութային գործիչների ներգրավմամբ:
Իհարկե, սա կամավոր է լինելու, եւ դպրոցներն իրենք են որոշելու՝ մասնակից դառնա՞լ դրան, թե՞ ոչ: Սա առաջին տարին է լինելու, եւ ընթացքում կհասկանանք, թե ինչ լրացուցիչ նախապատրաստական աշխատանքների կարիք ունենք, որպեսզի բովանդակությունը լինի այնպիսին, որ բոլորս գոհ մնանք արդյունքից»,- նշեց նախարարը, ում խոսքով՝ սա նույնպես լինելու է հավելյալ հնարավորություն՝ մեր մոտեցումների վերանայման համար: