Հասարակություն

Եղե՞լ են, թե՞ չեն եղել կեղծ պատվաստումներ

Եղե՞լ են, թե՞ չեն եղել կեղծ պատվաստումներ

Կեղծ պատվաստումների թեմայով վարչապետի ղժղժոցից, ձերբակալելու ու կալանավորելու հրահանգներից հետո, կառավարության նիստի հենց հաջորդ օրը տեղեկացանք, որ ԱԱԾ-ն խուզարկություն է արել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում եւ հայտնաբերել պատվաստումների կեղծ տեղեկանքներ: Մարդկանց է բերման ենթարկել, այդ թվում` թերապեւտներից մեկին:   

Մեզ հասած տվյալներով, ԱԱԾ-ականները, ուսումնասիրելով էլեկտրոնային տվյալների բազան, դուրս են գրել այն դեպքերը, երբ քաղաքացին, չլինելով երկրում, պատվաստումը վավերացնող QR կոդ է ներկայացրել: Պարզվել է, որ նա «պատվաստվել» է Հայաստանից բացակայելով: Միայն «Գրիգոր Լուսավորիչում» մոտ 40 կեղծ տեղեկանք են հայտնաբերել: Տվյալներ կան, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այլ պոլիկլինիկաներում եւս կեղծ տեղեկանքների տրամադրման դեպքեր են հայտնաբերվել: Սակայն միանշանակ պնդել, թե մեղավոր են բժիշկները, չի կարելի: Անցել է 3 օր, այս տեղեկատվության մասին պաշտոնական հաղորդագրություն չկա: Չի բացառվում, որ իրավապահներն ամեն ինչ արել են, ցույց տալու համար, թե կատարում են Փաշինյանի հրահանգը, իսկ հիմա փաստեր են «դզում-փչում»: Ճի՞շտ է, որ ներկայում այլ բուժհաստատություններում էլ են խուզարկություններ ընթանում, եւ ի՞նչ են հայտնաբերել: ԱԱԾ-ից պատասխանում են. «Հետեւեք պաշտոնական լրահոսին»:   

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին ոչ մի ձերբակալված կամ կալանավորված աշխատակից չկա, ուսումնասիրություններ են կատարում: «Մի բժիշկ չի, մի քանի բժիշկներ են գնացել, հարցերի են պատասխանել, դուրս են եկել: Ավելի ինֆորմացիայի չեմ տիրապետում: Որպես տնօրեն, ես ոչնչի չեմ խառնվում, որ անաչառ, օբյեկտիվ քննություն լինի»,- ասաց նա: Հովակիմյանն ասում է, որ տարատեսակ լուրերը վնասում են ԲԿ գործարար համբավին: «Ի՞նչ անենք, մենք էնքան լավ գործեր ենք արել, ու միեւնույն է, մեր համբավն այսպես, թե այնպես գցել են մամուլում: Մենք սովորել ենք վերջին երկու-երեք տարիներին աշխատանքով ցույց տալ մեր արդյունքը: Բացասական բաներ էլ եթե լինում են, ցավում ենք, շտկում ենք»: Նրան խնդրեցինք մեկնաբանել շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկությունները, թե մարդիկ, լինելով արտասահմանում, պատվաստումների սերտիֆիկատների QR կոդ են ցույց տվել, սակայն այդ ընթացքում չէին կարող պատվաստում ստանալ, ինչպե՞ս կարող էր այդպես պատահել: «Ձեր ասած հարցի հետ կապված՝ մի բան միայն կարող եմ ասել․ եթե դա իրական է, ապա, այո, դա հանցագործություն է: Իսկ ոնց կարող է լինե՞լ: Էլեկտրոնային առողջապահության տարբեր օղակներում հնարավոր է շեղումներ լինեն»: Հետեւապես, տնօրենը կարծում է` հստակ ասել, որ բժիշկներն են մեղավոր, չի կարելի: 

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը, որը դեռ երկու ամիս առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան էր ղեկավարում, եւս կարծում է, որ բժիշկներին մեղադրելը վաղ է: «Ես հիմա չեմ կարող ասել, թե ով է մեղավոր, ինչի մեջ է մեղադրվում, մեղադրվո՞ւմ են, թե ո՞չ: Ձեր հարցերն իրավապահներին պետք է ուղղեք, գուցե, իրենք ասեն, թե ինչ ստուգումներ են իրականացնում եւ ում ինչի մեջ են մեղադրում: Մենք այս պահին ինֆորմացիա չունենք: Հնարավո՞ր է արդյոք. էլեկտրոնային առողջապահություն ասվածը որքանո՞վ է արդյունավետ աշխատում, հնարավոր է, որ այդտեղ շեղումներ լինեն: Եթե ինչ-որ բան այնտեղ սխալ լինի, մեզ կհայտնեն, կասեն, թե որ հատվածում է այդ շեղումը եղել, եւ կա՞ արդյոք անհրաժեշտություն՝ միջամտություն իրականացնել այդ ծրագրի մեջ»: Արտակ Ջումայանը տեղյակ չէր անգամ, թե արդյոք արվե՞լ են խուզարկություններ այլ հաստատություններում եւս: «Մենք չգիտենք: Դա մեզ այդքան էլ չի հետաքրքրում, քանի որ այս պահին չունենք պաշտոնական ինֆորմացիա իրավապահներից»: 

Բայց այս դեպքը բոլորին հետաքրքրեց, Ձեզ չի՞ հետաքրքրում: «Մենք անհանգստացած ենք որպես բժիշկներ, բայց իրավապահներն իրենց աշխատանքն են անում»,- ասաց փոխնախարարը: Նա կարծում է, որ քանի դեռ չկա իրավապահների եզրակացությունը, «Գրիգոր Լուսավորիչը» շարունակում է մնալ «նորմալ ԲԿ»:  

Դեռ օգոստոսին, երբ ղեկավարում  էր ԲԿ-ի պոլիկլինիկան, Ջումայանը հարցազրույցներում պարծենում էր իր ղեկավարած պոլիկլինիկայում պատվաստումների հարաճուն տեմպերով: Ապրիլի 13-ից մինչեւ մայիսի վերջն այստեղ պատվաստվել էր մոտ 2 հազար 300 մարդ, այդ թվում՝ օտարերկրացիներ, հունիսին՝ 2 հազար 500, իսկ հուլիսին՝ 4 հազարից ավելի, որտեղ գերակշռող մասը ՀՀ քաղաքացիներն են: «Միջինը մեզ մոտ օրական պատվաստվում է 120 մարդ»,- հայտարարում էր Ջումայանը: Նկատենք, որ պոլիկլինիկայում պատվաստվել է 6 հազար ՀՀ քաղաքացի:

Լրահոս

Ամենաընթերցված

Ցավոտ է, չէ՞․․․

Ցավոտ է, չէ՞․․․

Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու տակ առնել, նվաստացնել։ Ցավալին այն է, որ դա արդեն սովորակա...

×
Gallery Image