«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Աննա Մանուկյանն է
- Երկրի վարչապետը և նրա կինը համացանցում բավականին ակտիվ են՝ հեծանիվ վարելուց մինչեւ ճաշ պատրաստել, կիսամերկ տեսարաններից մինչեւ լոբի մաքրել, կատակներ անել, մարզեր այցելություններ, համերգների մասնակցություն, սելֆիներ եւ այլն: Այս ամենը կարող էր ընդունելի լինել, եթե մենք այսքան խնդիրներ չունենայինք, եթե 2020 թվականի պատերազմը, Արցախի հանձնումը եղած չլիներ: Եթե ՀՀ սահմաններից տարածքներ չհանձնվեին Ադրբեջանին, հազարավոր զոհեր չլինեին, նոր ագրեսիայի ու նոր զիջումների վտանգները չլինեին: Բայց այս իրավիճակում գտնվող երկրի առաջնորդն ի՞նչ հոգեբանական վիճակում պետք է լինի, որ նման վարքագիծ դրսևորի: Տեսակետ կա, որ հանրությանը փորձում են այս ճանապարհով ներշնչել, որ ամեն ինչ հրաշալի է, կամ էլ` հոգեբանական տեռորի ենթարկել, որ պահեն իշխանությունը:
- Երբեմն նրանց աղմկահարույց տեսանյութերը տեսնում եմ ու զարմանում: Նախ պետք է անպայման հաշվի առնել, թե մեր պետությունը առնվազն վերջին չորս տարիներին ինչ ճանապարհ է անցել: Մենք ունեցել ենք ողբերգական պատերազմ և դա ողբերգական հետևանքներ է թողել: Հայաստանին հետևում է ամբողջ աշխարհը: Միջազգային քաղաքականության ուշադրության կենտրոնում մեր վերաբերմունքն է կորուստների հանդեպ և շատ կարևոր է այստեղ հաշվի առնելը, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել մարդկանց հոգեբանության մեջ: Այստեղ հարկ է ընդգծել, որ շատ կարևոր են երկրի ղեկավարների հոգեբանական վիճակի փոփոխությունները: Ավելի քան համոզված եմ, որ յուրաքանչյուր տեսանյութ, որ հրապարակում է վարչապետը, այն հումորային կլինի, ժամանցային, թե` քաղաքական, պետք է լինի կշռադատված: Շատ կարևոր է, թե այդ ամենն ինչ է փոխանցում հանրությանը, որն է միտքը:
- Իսկ ո՞րն է միտքը:
- Ըստ իս` այնքան էլ լուրջ միտք չկա: Օրինակ` լոբի ես մաքրում, նկարում, հետո հրապարակում, նմանատիպ վիդեո կարող է նկարել ցանկացած այլ մարդ, բայց ոչ այն երկրի ղեկավարը, որն ունեցել է մեծ կորուստներ` մարդկային և տարածքային: Ցանկացած հասարակ մարդ կարող է անել նման վիդեո` ինչո՞ւ, որովհետև սովորական կենցաղով ապրող մարդը թիրախավորված չէ դրսից և ներսից: Մենք այսօր պետականության պահպանման խնդիր ունենք, պետք է ավելի քան աչալուրջ լինենք, ավելի քան` էմպատիկ: Պետք է անպայման հաշվի առնել դիմացինի հույզերը, էմոցիաները, կորուստները:
- Կան տեսակետներ, որ Փաշինյանն ու իր կինը սրանով հանրությանը որոշակի մեսիջներ են հղում: Օրինակ` փորձում են մարդկանց ասել, որ՝ տեսեք մենք երջանիկ, ուրախ, անհոգ ապրում ենք, ձեզ այլ ելք չի մնում, քան մեզ ընդունելը ու մեզ հետ միասին զվարճանալը:
- Որդեկորույս մորը կարո՞ղ ես ասել` լոբի մաքրի, ուրախացի, թող ամուսինդ էլ քեզ նկարի, կարո՞ղ ես` չեմ կարծում: Մենք բոլորս էլ, ի վերջո, ծնվել ենք երջանիկ լինելու ձգտումով, մեր բոլորիս նպատակը երջանիկ լինելն է, թե ինչպես դա կստացվի մեզ մոտ, դա այլ հարց է, բայց ուզում ենք լինել երջանիկ: Իշխանությունների այդ կեցվածքը, սակայն, այլ հարթության վրա է, այն մեր պետության դեմքն է: Կարող ենք համեմատել այլ երկրների ղեկավարների հետ: Օրինակ` տեսե՞լ եք Բրիտանիայի քաղաքական վերնախավը նման տեսանյութեր նկարի և տարածի, ես հետևում եմ թագավորական ընտանիքին և նման բան երբեք չեմ տեսել: Նրանք, օրինակ, իրենց ազգային անվանդույթներն ու սովորույթներն են պահպանում և դա այնքան գեղեցիկ է կողքից նայելիս:
- Հայաստանում էլ երբևէ նման փորձ չենք ունեցել: Նախկին նախագահները և նրանց կանայք, կարծես, նման շոուներ չեն իրականացրել երբևիցե: Այս երևույթը մեր իրականության մեջ նորույթ է, որ բերեց Փաշինյանը:
- Նորույթն էլ պետք է գեղեցիկ լինի, համեմված մեր ազգային ավանդույթներով, ոչ մեկս էլ նորություններին դեմ չենք, բայց դրանք պետք է լինեն համեմված մեր ավանդույթներով: Երկրի ղեկավարի համար ամենակարևորը ազգային պատկեր ունենալն ու պահպանելը պետք է լինի, մենք ունենք ազգային առանձնահատկություններ և դրանք որևէ մեկը չի կարող հերքել:
- Դժվար է հայ տղամարդուն պատկերացնել, որ իր երեխաների մորը կիսամերկ կնկարի կամ կխրախուսի, որ նման կիսամերկ նկարները տեղադրվեն համացանցում:
- Տիկնոջ համազգեստը սպորտային էր` հեծանվորդների համար նախատեսված, բայց ներքևի մասը պետք է լիներ ավելի երկար, ծնկները պետք է լինեին ծածկված, իսկ վերևի տոպը պետք է փակ լիներ` ինչո՞ւ, որովհետև նա երկրի առաջին դեմքի կինն է: Ոչ մեկս էլ դեմ չենք սպորտին և սպորտի մեջ ներգրավված լինելուն, սակայն այդտեղ խնդիր կա ցուցադրության և մատուցման մեջ:
- Գուցե ուզում են ասել, որ մենք էլ ձեզնից մեկն ենք, ինչո՞ւ պետք է տարբերվենք այդ դեպքում:
- Իրենք գուցե այդպես են մտածում, բայց աշխարհը այդպես չի ընկալում նրանց: Իրենք երկրի առաջին դեմքերն են և ունեն մեծ և ուղղակի մասնակցություն երկրում տեղի ունեցող պրոցեսներում:
- Ի՞նչ եք կարծում` նրանք սթա՞փ են, թե՞ ոչ: Գուցե ինչ-որ տրավմանե՞ր ունեն:
- Ես չեմ կարող վերլուծել նրանց կյանքի ուղին, որովհետև նրանց հետ չեմ աշխատել, բայց հոգեվիճակը բավարար է, նույնիսկ կասեի` նորմալ, արտառոց ոչինչ չեմ նկատում, բայց էմոցիոնալ հասունությունը երկրի ղեկավարի պարագայում լավ կլիներ, որ տեսանելի լիներ: