Հայաստանում վերջին մի քանի ամսվա ընթացքում արդեն երրորդ մահվան դեպքն է արձանագրվում` պլաստիկ վիրահատական միջամտության արդյունքում: Վերջին դեպքերից երկուսը` «Արթկոսմետ» էսթետիկ բժշկության կենտրոնում էին արձանագրվել, ամենավերջինը` «Ուիգմոր» կլինիկայում, երբ 50-ն անց կնոջը որովայնի պլաստիկա էր արվել, նրա վիճակը մեկ օր հետո կտրուկ վատացել էր ու գրանցվել էր մահ:
Էսթետիկ բժշկության կենտրոններում այս բարձիթողի վիճակը շատերը բացատրում են նրանով, որ պլաստիկ վիրահատություններից առաջ անհրաժեշտ ստուգումներ չեն իրականացվում, պացիենտի օրգանիզմի առանձնահատկությունները, խնդիրները չեն ուսումնասիրում` միանգամից պառկեցնում են վիրահատական սեղանին, իսկ երբ բարդություններ են ծագում, հաճախ պարզվում է, որ վերակենդանացման բաժանմունքներ չունեն այդ կենտրոնները, կամ`դրանք ձևական բնույթ են կրում եւ մարդուն չեն կարողանում հասցնել մասնագիտացված բժշկական կենտրոններ եւ պացիենտը մահանում է:
Ֆրանսահայ բժիշկ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, Փարիզի համալսարանական պետական հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ՝ Ժան-Միշել Հովհաննես Էքերյանից, որն այս օրերին Հայաստանում է, հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է իրավիճակն այս հարցում հենց նույն Ֆրանսիայում. «Եթե ձեր ուշադրությանը հանձնեմ Ֆրանսիայի կամ Եվրոպայի թվերը, ապա պլաստիկ վիրահատություններից մահերը կամ դրան հաջորդած հետ վիրահատական բարդությունները շատ-շատ քիչ են: Որպես այդպիսին` բարդությունները 1 կամ առավելագույնը 2 տոկոս են, իսկ մահացությունները նույնիսկ տոկոս էլ չեն կազմում: Թե ինչո՞ւ է Հայաստանում այս պատկերը, ենթադրում եմ, որ նրանք, ովքեր թույլտվություն են վերցրել եւ սերտիկֆիկատներ ստացել, որպեսզի կարողանան աշխատել իբրեւ պրակտիկ վիրաբույժ՝ կամ նախարարության որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի սանիկն է, այդ պատճառով էլ հեշտությամբ ստացել է այդ թույլտվությունը կամ էլ թույլտվություն տալու հարցը խիստ դրված չէ Հայաստանում եւ չեն պահանջել համապատասխան փաստաթղթեր, ըստ որի այդ բժիշկը կարող է աշխատել: Դրսից սերտիֆիկատներ ներկայացնելը դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետեւ կարող է այդ բժիշկը եւ լավ, եւ վատ վերապատրաստում անցած լինի, էլ չասեմ, որ կարող է ընդհանրապես իր ստացած սերտիֆիկատը կեղծ լինել»,-ասում է բժիշկ Էքերյանն, ում կարծիքով մահվան ելքով դեպքերը բացառելու համար պետությունը, առողջապահության նախարարությունը բժիշկներին տրված սերտիֆիկատների հարցը պետք է շատ խստորեն քննի ու նոր միայն աշխատելու լիցենզիա տա։
«Բայց երեւի թե ամեն տեղ կոռուպցիա կա ու շատ անարժաններ ունեն այդպիսի սերտիֆիկատներ, որ կարողանում են լիցենզիա ստանալ: Բժշկական կոռուպցիան ինձ համար ամենավտանգավորն է, մարդիկ գեղեցկանալու փոխարեն կմահանան։ Այդ կոռուպցիան կար թե Սերժ Սարգսյանի օրոք, թե հիմա` Նիկոլ Փաշինյանի ժամանակ, բայց որոշակի փոփոխություններով, ինչպես սունկերը կբուսնեն, այդպես էլ այդ մասնավոր բժշկական կենտրոնները կբուսնեն, ես ամեն անգամ տեսնում եմ դա, բայց, թե ինչ արտոնությունով ու սերտիֆիկատով դա կարվի, արդյոք այս հարցում ստուգողը կարո՞ղ մեկն է, թե՞ անկարող՝ չգիտեմ»:
Ֆրանսահայ բժշկի դիտարկմամբ, պետությունը ոչ միայն սկզբից պետք է ստուգի` լիզենցիա տալով այս կամ այն բժշկական կենտրոնին, այլ նաեւ գործունեության ընթացքում․ «Այդ ստուգումը պետք է նաեւ ընթացքում անպայման լինի, պարբերաբար բժիշկներն էլ պետք է քննություն հանձնեն, վերապատրաստվեն, այլապես մահացությունների դեպքում տուժողների հարազատները դատական գործեր են, չէ՞, սկսելու այդ բժիշկների դեմ: Իրավիճակի լրջությունը հասկանալու համար պետք է վիճակագրություն անել նաեւ պլաստիկ վիրաբուժությունից մահացությունների դեպքերի հետ կապված, հատկապես որ բնակչությունը մեծ չէ, դա հնարավորություն կտա պարզելու, թե ինչ վիճակ է տիրում այս ոլորտում»:
Ինչպե՞ս է գնային քաղաքականությունը որոշվում Ֆրանսիայում, քանի որ Հայաստանում այս հարցում ծայրաստիճան քաոտիկ պատկեր է, դիցուք՝ քթի վիրահատությունը կարող է սկսվել 200 հազարից մինչեւ 2 մլն դրամ` կախված բժիշկներից ու բժշկական կենտրոններից, այլ կերպ ասած՝ անվերահսկելի վիճակ է: Բժիշկ Էքերյանն ասում է` այս հարցում գրեթե նույն պատկերն է նաեւ Ֆրանսիայում` գների հարցում վերահսկողություն չկա, ինչու՞. «Որովհետեւ հիվանդներն ունեն սեփական ապահովագրությունը, այսինքն, եթե իրենց ապահովագրությունը վճարում, փակում է այդ ծախսերը, ուրեմն կառավարությունն այլեւս չունի ասելիք, իրենց միջեւ է այդ հարցերը կարգավորվում: Բայց այստեղի գները Ֆրանսիայից ավելի թանկ են, անպատկերացնելի թանկ ու դա ոչ միան բժշկության, այլ նաեւ բոլոր ոլորտներում»,-իր զարմանքն է հայտնում զրուցակիցս:
Բժշկությունը, ըստ վիրաբույժի, ոչ միայն հասանելի պետք է լինի, այլ նաեւ մատչելի, ինչպես եվրոպական շատ երկրներում, որտեղ գիտության առաջընթացը առողջապահության մեջ բարելավում է մարդկանց կյանքի որակը. «Իսկ անապահով խավը գնում է դեպի էժան բուժծառայություն..., բայց ամենավատ բաներից մեկը այն է, որ բժիշկները ոչ խորհուրդ կվերցնեն, ոչ էլ խորհուրդ կլսեն, օրինակ կվերցնեն բժշկության ամերիկյան մոդելը, բայց ամենալավ բժշկությունն Ամերիկայում չէ, որտեղ շատ հետամնաց բաներ կան, այդ թվում՝ պլաստիկ վիրաբուժության մեջ, մինչդեռ Եվրոպան այս հարցում ավելի առաջ է գնացել, ֆրանսիայում, Շվեցարիայում, Գերմանիայում, Բելգիայում, Ավստրիայում շատ խստորեն կմոտենան այս հարցերին»: