Էքսկլյուզիվ

Ժամանակին իր զուգընկերուհին էր Մեհրիբանին թեյի հրավիրում, հիմա էլ ինքն է Ալիեւին սրճելու կանչում

Ժամանակին իր զուգընկերուհին էր Մեհրիբանին թեյի հրավիրում, հիմա էլ ինքն է Ալիեւին սրճելու կանչում

Հայաստանի տեսլականը պարզ է՝ կարգավորել հարաբերությունները երկու հարեւանների հետ՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ եւ փոխադարձ տարածքային պահանջների բացառմամբ, եւ խորացնել ավանդաբար բարեկամական հարաբերությունները մյուսների հետ: Այս մասին Երեւանում ընթացող «Երեւանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով էլ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղության հաստատումը ոչ միայն հնարավոր է, այլեւ՝ իրատեսական եւ հասանելի։ Նա ընդգծել է, որ նույնիսկ հնարավոր սադրանքների պայմաններում, ի հեճուկս շատերի, երկու երկրների միջեւ նոր պատերազմ չի լինի, ինքը դրանում վստահ է։ Միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարություններին, ասաց, որ Փաշինյանն անընդհատ նույն երգն է երգում, քանի որ իրեն օդուջրի պես այդ թուղթն է անհրաժեշտ, որն Ալիեւը միտք էլ չունի ստորագրելու:

«Հասկանալի է, որ այս պահանջները բավարարելու դեպքում Ալիեւը նոր պահանջներ է առաջ քաշելու: Իրական խաղաղությունը թղթով չի հաստատվում, իրական խաղաղություն չի կարող լինել մեկի հետ, որն ուզում ու ծրագրում է ոչնչացնել քեզ, որի համար դու եկվոր ես, որի համար քո երկիրն «Արեւմտյան Ադրբեջան» է: Մարդիկ ամենօրյա ռեժիմով նոր պահանջներ են ներկայացնում, ընդ որում՝ այն լեգիտիմացնում ու միջազգայնացնում են»,- ասաց Կարապետյանը: Միջազգայնագետը նկատում է, որ մինչ Երեւանում ՀՀ ԱԳ նախարարը խոսում է հարեւան պետությունների հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին, Թուրքիայում այս օրերին ընթանում է «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարեւոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանսը:

«Ալիեւն իր ելույթում հայտարարել է, որ արեւմտյան ադրբեջանցիներին իրենց «նախնիների հողեր» անվտանգ, արժանապատիվ եւ խաղաղ վերադարձի ապահովումը կարեւոր պայման է, հետեւաբար՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումն այն մասին, թե երբ եւ ինչ պայմաններում արեւմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց նախնիների հողեր: Ադրբեջանն ակնկալում է, որ այս հարցը քննարկելու նպատակով ՀՀ ղեկավարությունը կընդունի համայնքի ներկայացուցիչներին: Մարդիկ այնքան են վստահ իրենց ուժերին, իրենց ծավալապաշտական ծրագրերի իրագործմանը հավատարիմ, որ «ծառայության համար հոգեւոր սպասավորություն» են պատրաստվում հիմնել Երեւանում: Դուք հասկանո՞ւմ եք՝ բանն ուր է հասել»,- ասաց Կարապետյանը: 

Միջազգայնագետը նկատում է, որ մեր թշնամիներն այնքան հեռուն են գնացել, որ «Արեւմտյան Ադրբեջանի խորհրդի» կողմից անգամ տրամադրում են «Արեւմտյան Ադրբեջանի» բնակիչ-փախստական համարվելու համար «անձնագիր-փաստաթուղթ»: «Սակայն մեր կողմից ոչ մի արձագանք՝ ձայն բարբառո հանապատի: Կարծես այս ամենը մեզ հետ կապ չունի, երկիրը որբի գլխի են վերածել: Միջինասիական յայլեքից եկած քոչվորները հետեւողականորեն, գծած-գրած պլանով, ոչնչից ու կեղծիքից ստեղծել են օրակարգ, որդեգրած ռազմավարությունով գնում են դրան, միջազգային հանրությանը համոզում են իրենց իրավացի լինելու մեջ ու ձգտում կոնսենսուս ձեւավորել, վերադարձի հարցով Հայաստանի վարչապետից ակնկալում են կոնկրետ ժամկետներ՝ այն ներկայացնելով որպես համաձայնեցված ու հաստատված իրողություն, իսկ մերոնք՝ ջայլամի դիրք ընդունած, ամորֆ ու ապատիկ, անգամ չեն հետեւում, թե ուր են հասել դրանք իրենց ուտոպիստական ծրագրերի ռեալիզացիայի արդյունքում»,- շեշտում է զրուցակիցս: Սակայն նկատենք, որ ՀՀ իշխանություններն այնքան էլ լուռ չեն՝ հենց երեկ ԱԺ նախագահը հայտարարեց, որ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելուց 5 րոպե հետո առեւտուր կսկսվի հայերի ու ադրբեջանցիների միջեւ, եւ ադրբեջանցիները կկարողանան գալ եւ ապրել Հայաստանում։

Փոխարենը՝ ՀՀ գործող իշխանությունները լռում են Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի, Շահումյանի, Նախիջեւանի, Արցախի հայաթափման եւ դարերով այնտեղ ապրած հայերի վերադարձի իրավունքի, գույքի եւ ունեցվածքի, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության մասին։ Ձայն չեն հանում հայ ժողովրդի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների մասին:

«Գործող իշխանության վախեցած, ադրբեջանական ու թուրքական իշխանության ողորմածությանն ապավինած կրավորական կեցվածքը միայն նպաստում է այս ծրագրի իրագործմանը, ադրբեջանական կեղծիքների միջազգայնացմանը եւ դրա հանդեպ կոնսենսուսի կայացմանը: Ալիեւի ու Էրդողանի հետ Տիրանայում հանդիպումն էլ՝ ապացույց՝ բռնապետի ու ստրուկի, տիրոջ ու ծառայի փոխհարաբերություններ: Ինչպես իր զուգընկերուհին էր ժամանակին Մեհրիբանին Շուշի թեյ խմելու հրավիրում, այնպես էլ ինքն Ալիեւին՝ սուրճ խմելու»,- եզրափակեց Դավիթ Կարապետյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image