ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ պարտավորեցված՝ Սոնա Մնացականյանին ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու դեպքով շարասյան ղեկավար պաշտոնատար անձանց վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հսկող դատախազի կողմից դարձյալ որոշում է կայացվել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, ուստի քրեական վարույթը կարճվելու է։ Այս մասին հայտնում է տուժողի իրավահաջորդ ներկայացուցիչ Ռաֆֆի Ասլանյանը։
Վերջինս նշում է, որ քրեական վարույթով նախաքննությունն առերևույթ իրականացվել է կամայական կերպով, միակողմանի, տեսանելիորեն ուղղորդված, ուղեկցման ընթացքում ռադիոկապի՝ պարտադիր համարվող ձայնագրության անհետացման հանգամանքների ուղղությամբ գրեթե միջոցներ չեն ձեռնարկվել, ինչով խախտվել են նաև Վերաքննիչ դատարանի որոշման պահանջները։
Փաստաբանը «Հրապարակ»-ին ասաց, որ իրենք հնարավորություն ունեն բողոքարկելու դատախազություն, բայց քանի որ դատախազն է կարճելու վերաբերյալ որոշումը կայացրել, այնտեղից ակնկալիք չկա, կդիմեն դատարան։
Նա ասաց,որ այսպիսի բազմաթիվ գործերով է զբաղվել, սակայն պրակտիկայում նման իրավիճակի չի հանդիպել։