Վերջերս ձեւավորված «Երրորդ ուժ» նախաձեռնությունը պառակտվել է։ Հիշեցնենք, որ շարժումը ձեւավորել էր «Թովմասյան» հիմնադրամի նախագահ, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը։ «Երրորդ ուժը» ընդդիմադիր նախաձեռնություն է, որի մաս էին կազմել նաեւ «Հայահավաք» նախաձեռնության անդամները՝ Արագած Ախոյանը, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը, Արշակ Զաքարյանը, Վարդան Այվազյանը եւ այլք։ Մենք տեղեկացանք, որ «Հայահավաքի» եւ «Երրորդ ուժի» ճանապարհները բաժանվել են, եւ ընդամենը վերջերս ձեւավորված դաշինքը պառակտվել է։ Մեզ հետ զրույցում Արամ Գ․ Սարգսյանը հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով, որ տակտիկական հարցերի շուրջ անհամաձայնություններն են եղել պատճառը։
««Հայահավաք» խումբը, որի կազմով մենք համագործակցության գնացինք պարոն Թովմասյանի առաջարկով, հիմա գտնում է, որ ինքն իր ուրույն ճանապարհով պիտի գնա՝ իր կարողությունների եւ իր գաղափարների շուրջ ձեւավորված ուժերի հետ միասին։ Խնդիրներ կան՝ զուտ տակտիկական հարցերի վերաբերյալ, որոնց հետ մենք այդքան էլ համամիտ չենք, դրա համար էլ «Հայահավաքը»՝ Արշակ Զաքարյանը, Տիգրան Չոբանյանը, Արագած Ախոյանը, մենք ուղղակի որոշեցինք ընդունել այդ առաջարկը, շարունակել «Երրորդ ուժ» հասկացության տակ։ Ես իմ ելույթներում ասել եմ, որ «Երրորդ ուժ» հասկացությունը շատ պայմանական է։ Հիմա մենք կշարունակենք մեր «հայահավաքի» ձեւաչափով, եւ դա իրոք գնում է, մենք մեր ծրագրով աշխատում ենք»։
Սարգսյանին հարցրինք, թե ճի՞շտ է, որ բաժանվելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ Արտակ Թովմասյանն ուզում է ավելի շատ երիտասարդների հետ աշխատել, քան հին քաղաքական գործիչների։
«Ավելի շատ՝ որ երիտասարդներն ավելի գերիշխեն, ինչի հետ մենք, միանշանակ, համաձայն ենք, բայց մեր սկզբունքն այն է, որ անհրաժեշտ է, որպեսզի լինի սերունդների համերաշխության սկզբունքը, այլ ոչ թե միայն մեկ սերնդի ներկայացուցիչ կամ մեկ այլ, դա ծայրահեղություն է։ Այստեղ, այո, մենք ունեցել ենք տարաձայնություն։ Անձնավորված չէ, խոսքն այն մասին է, թե որ սկզբունքով պետք է շարունակել, այդ հարցը կա, եւ մենք մնում ենք մեր սկզբունքին, որ երիտասարդների եւ ավելի փորձառուների համերաշխություն լինի։ Խոսքը տարիքի մասին չէ, տարիքը նշանակություն ունի այն դեպքում, երբ մարդն առողջ է կամ առողջ չէ, իսկ ինչ վերաբերում է կարողություններին, արդեն դա պետք է որոշի հանրությունը։ Ինչ վերաբերում է երիտասարդներին, ապա մենք էլ ենք երիտասարդ եղել եւ գիտենք, որ երիտասարդ տարիներին ավելի մեծ հնարավորություններ կան՝ ե՛ւ էներգիայի, ե՛ւ կարողությունների առումով։
Իհարկե, երիտասարդներն իրենց վրա պետք է պատասխանատվություն վերցնեն, բայց արդյո՞ք միայն իրենց՝ մի սերնդի․․․, մենք տեսանք, չէ՞, ինչ եղավ էս Նիկոլի թիմի հետ, ես տեսել եմ, թե ինչ եղավ ՀՀՇ-ի ժամանակ, երբ փողոցից եկած մարդիկ որոշեցին, որ իրենք ամենափորձառուներն են կամ ամենախելոքները։ Մենք տեսանք արդյունքը, դրա համար, մեր գնահատմամբ, պետք է լինի սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա»։
Սարգսյանին հարցրինք նաեւ՝ որոշե՞լ են՝ մասնակցելո՞ւ են ընտրություններին։ «Մեր սկզբունքը մենք հստակ հայտարարել ենք, որ այս իշխանությունների օրոք չի կարող տեղի ունենալ արդար ընտրություն, կամ ընդհանրապես այդ ընտրությունները չեն ծառայելու այն նպատակին, որ երկիրը դուրս գա այս ծանրագույն վիճակից, եւ մենք շարունակելու ենք մեր պայքարը, որպեսզի հասնենք այս իշխանության հրաժարականին, որպեսզի երկրում մթնոլորտը փոխվի։ Այս պայմաններում ընտրություններ անցկացնելը մեր պետության դեմ հանցանք կատարել է։ Նրանք, ովքեր արագ-արագ շտապում են վերարտադրվել, խոսքը հատկապես խորհրդարանական ուժերի մասին է, ուրեմն պիտի հասկանան, թե ինչ հանցանք են կատարում մեր ողջ ժողովրդի եւ պետության առջեւ եւ մեր պետականության պահպանման հարցում։ Եթե իրենց թվում է, որ այս պայմաններում հաղթելու են եւ դրա համար են գնում նոր ընտրությունների, դա նույնպես հիմարություն է, որովհետեւ այս մթնոլորտում հաղթող չի լինելու։ Դրա համար մենք, իհարկե, չենք հրաժարվում ընտրություններին մասնակցելուց, բայց ո՞ր ընտրություններին։ Հարցը նրանում է, թե մենք կհասնե՞նք նրան, որ դա լինի ժամանակավոր կառավարության ձեւավորման արդյունքում, այդ պայմաններում միայն նոր կարելի է գնալ նոր ընտրությունների»,- ասաց Սարգսյանը։