Հարցազրույց

«Հրապարակ». Շատ ավելի վատ բաներ են ասել նախկին ղեկավարները

«Հրապարակ». Շատ ավելի վատ բաներ են ասել նախկին ղեկավարները

Նիկոլ Փաշինյանը երեկ տեղեկացրեց, որ ՔՊ-ն ընդունել է էթիկայի կանոնագիրք, որ այլեւս չհայհոյի, չվիրավորի, ատելության քարոզ չանի, չթիրախավորի հանրության տարբեր խմբերի եւ բարեվարքության կանոնները պահպանի։ Հասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանած, «դոմփել» տերմինը շրջանառած, ընդդիմադիրներին «շինող» ու ասֆալտին փռող, պադվալներ լցնող պետության ղեկավարն ասում է, որ այսուհետ համարժեք պատասխան չի տալու իրեն վիրավորողներին ու հայհոյողներին, եւ խնդրում է դա թուլություն չհամարել: Մի քանի հարց ենք տվել ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին։

- Ավելի քան 7 տարի իշխանությունը հայհոյելուց, վիրավորելուց, բարեվարքության բոլոր նորմերը խախտելուց հետո հանկարծ որոշել է էթիկայի կանոնագիրք ընդունել եւ իր ներսից` դա խախտողներին պատասխանատվության ենթարկել։ Շատերը զարմացած են՝ ինչո՞ւ։

- Հատկապես ուսումնասիրելով կանոնագիրքը, կարող եմ ասել, որ ես միշտ եմ եղել էթիկայի սահմաններում, եւ կարծում եմ, որ պատգամավորների, քաղաքական թիմի մեծ մասն էթիկայի սահմաններից դուրս չի եկել, բայց որ մեզ միշտ ասում են` դուք հայհոյեցիք, թիրախավորեցիք, սա արեցիք, այն համեմատության մեջ, որ մեզ հայհոյել են, թիրախավորել են ու մնացած բոլոր բաները, ուղղակի անհնար է համեմատել, պարզապես անհնար։ 

- Երեւի պետության ղեկավարն էլ դուրս չի եկել այդ սահմաններից։

- Չեմ ժխտում, այո, դեպքեր եղել են, տհաճ դեպքեր են եղել, բարձր պաշտոնյաների կողմից արտահայտությունների կամ գործողությունների տեսքով, եզակի` ոչ հաճախ, բայց, այո, եղել են դեպքեր։

- Սեւերի ու սպիտակների բաժանելուց, ասֆալտին փռելու սպառնալիքներից սկսած, վերջացրած «դոմփելու», «շինելու» մասին արտահայտություններով, Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու առաջին օրվանից դրանով է զբաղվել։ 

- Բայց հենց վարչապետն այսօր իր այս քայլով եւ իր գրառմամբ, ինչպես նաեւ՝ էթիկայի կանոնագիրքը համատեղ մշակելով, ուզում է ցույց տալ եւ ներողություն խնդրել այն բոլոր սխալների համար, որոնք արվել են, եւ այսուհետեւ կանխել հատկապես պաշտոնյաների կողմից նման վարքագիծը։ Կարծում եմ, որ սա ողջունելի է։

- Այսինքն, 8 տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ այդ ամենը վատ բան է, թե՞ գուցե սա պարզապես նախընտրական հնարք է։

- Կարծում եմ՝ նախընտրականի հետ որեւէ աղերս չունի, առավել եւս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ցավոք սրտի, ժողովրդին դուր է գալիս ե՛ւ վիրավորելը, ե՛ւ էթիկայի կանոնները խախտելը։ Փորձը ցույց է տալիս, հատկապես սոցիալական մեդիան թերթելով դու տեսնում ես՝ այնպես չի, որ ժողովրդի ստվար հատվածին դուր է գալիս հայհոյելն ու վիրավորելը, ուստի ես կարծում եմ, որ սա նախընտրականի հետ կապ չունի, պարզապես ինչ-որ մի օր այդ քայլը պետք էր անել, անհանդուրժող պայքար պետք էր ցուցաբերել զազրախոսությունների, ատելության տարածման եւ այլնի հարցում։ Այդ պարտականությունն էլ հերթական անգամ մենք վերցրել ենք մեզ վրա։ 

- Բայց դուք եք հայհոյանքի, պառակտման եւ այլնի ավանդույթները դրել Հայաստանում․․․

- Ո՞վ է ասում, շատ ավելի վատ բաներ են ասել մնացած ղեկավարները։

- Մի օրինակ ասեք։

- Շատ են, ե՛ւ ղեկավարները, ե՛ւ քաղաքական թիմերը, ու այս մանիպուլյացիան ինձ դուր չի գալիս, թե այս իշխանությունը բերեց հայհոյանքը։ Չկա նման բան, մի քիչ ավելի ուշադիր ուսումնասիրեք եւ կտեսնեք, որ նման բան չի եղել։ Ուղղակի մեր իշխանությունը մի սխալ, ավելի ճիշտ՝ սխալ չէ․․․ քննարկելի է սա, տվեց ազատություն, թողեց ազատ` մարդկանց արտահայտման համար, ու ստեղծվեց քաոս։ 

- Իշխանականները, այո, ունեն ազատություն, բայց հանկարծ մեկը հանդգնի եւ իշխանականների հասցեին մի թեթեւ մեկնաբանություն անի Ֆեյսբուքում, անմիջապես բռնում են ու բանտարկում։ 

- Չկա նման բան, 8 տարի է՝ իմ հասցեին ինչ սուտ ասես, գրում են եւ ինչ ասես, անում են, բայց որեւէ մեկը չի հայտնվել ճաղերի ետեւում։

- Դուք երեւի շատ կարկառուն չեք։

- Ամեն դեպքում, ես հուսով եմ, որ մի օր բոլորը պատասխան են տալու իրենց ասածների համար։ Մենք այդ պատասխանատվությունը վերցրել ենք մեզ վրա, ընդունել ենք կանոնագիրք, որով ասում ենք՝ եթե սխալ բան անենք կամ ասենք, պիտի պատասխանատվություն կրել։

- Կհաջողվի՞, մի քիչ դժվար է պատկերացնել ձեր իշխանությանն ու բարեվարքության կանոնները։ Մարդիկ ձեզ եւ հայհոյանքն ու վիրավորանքը որպես հոմանիշ են ընկալում։

- Վստահ եմ` կկարողանանք, եւ մարդիկ էլ նման կարծիք չունեն մեր մասին, այդպես կարծում են մի խումբ մարդիկ, թող շարունակեն այդպես կարծել, մենք այնպիսի անհնարին բաներ ենք կարողացել անել: Սա, որ մեր պարտականությունն է` որպես հայ, որպես քրիստոնյա, որպես մշակութային արժեք ներկայացնող երկիր, մենք սա կանենք հեշտությամբ, մնում է ժողովուրդն էլ հետեւի մեր օրինակին։ Մենք կստեղծենք տգեղ եւ տհաճ խոսույթից դուրս մշակույթը եւ այն այսօրվանից պիտի սկսենք։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image