Քաղաքականություն

«Հրապարակ». Փաշինյանի եվրոպացի «տերերը» հասկացրել են՝ գլխից վեր չցատկել

«Հրապարակ». Փաշինյանի եվրոպացի «տերերը» հասկացրել են՝ գլխից վեր չցատկել

Տեւական ժամանակ գունավոր, փայլուն արեւմտյան կոնֆետով, իսկ ավելի ճիշտ` կոնֆետի թղթով հանրությանը մանիպուլացնող, «ռսի սապոգից» ազատագրել ու ինքնիշխան դարձնել խոստացող իշխանությունները, թվում է՝ սկսում են առերեսվել դաժան իրականության հետ։

Իրականության հետ առերեսման վերջին ցայտուն դրվագը Փաշինյանի հայտարարությունն էր այն մասին, թե ինքը չի կարող այդ հարցի պատասխանը տալ՝ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել, չնայած այն փաստին, որ նրա թիմակիցներն արդեն անջուր բոբիկացել էին։ «Մեր հասարակությունն ունի որոշում՝ լինել ԵՄ մաս։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկում էր հանրաքվեի մասին, որ Հայաստանը դառնա ԵՄ մաս։ Ես կարծում եմ, որ երբեւէ մոտ ապագայում մեզ մոտ կլինի այդ հանրաքվեն, եւ վստահ եմ, որ մեր մարդիկ կասեն «այո»»,- մինչեւ Փաշինյանի սառը ցնցուղը, Լատվիա կատարած այցի ընթացքում Rus.LSM-ին ասել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Փաշինյանի անկեղծության զեղումը մի կողմից սառը ցնցուղ էր եվրոպական երազանքով հանրությանը կերակրող իշխանական սպասարկուների ու թիմակիցների համար, մյուս կողմից, գուցե գավառական «շուստրիության» հերթական դրսեւորում-շանտաժ Արեւմուտքին ու ժեստ՝ Ռուսաստանին, որի հետ հարաբերությունները ձգտում են բացասականի։ Ռուսաստանի առաջ, ինչպես ասում են, մեղայականով հանդես գալու քայլ էր նաեւ Մոսկվայում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի այցելությունն ուկրաինական ռմբակոծությունից տուժած Բելգորոդ՝ շտկելու այն սկանդալը, որը հասունացել էր Նոր Նորքի թաղապետի՝ Բուչա այցելության արդյունքում։ 

Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Արտակ Բշտիկյանը կարծում է՝ Փաշինյանի եվրոպացի «տերերը» հասկացրել են՝ գլխից վերեւ չցատկել։ Դրանով է պայմանավորված նրա հայտարարությունը՝ ըստ նրա։ «Բալիկ ջան, չափդ ճանաչիր, քեզ ոչ ոք այստեղ չի սպասում, այս ակումբն անգրագետների ու անվստահելիների տեղը չէ, բայց մեզ պետք է, որ դու այդտեղ մնաս իշխանության եւ անես այն, ինչ կասենք»,- սա է եղել, ըստ մեր զրուցակցի, Փաշինյանի տված ուղերձը։ Դիվանագետը չի կարծում, որ իր հայտարարությամբ Հայաստանի վարչապետը կարող էր փորձել շանտաժի ենթարկել Եվրոպային, առավելագույնը, որը նա կարող է անել, փորձել ցույց տալ, որ լավ աշակերտ է։ 
«Եվրոպայում քաղաքական ցունամի է տեղի ունեցել Եվրախորհրդարանի ընտրություններից հետո։ Դրա վառ օրինակը Ֆրանսիան է, որտեղ անցած կիրակի տեղի ունեցավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, եւ հավանական է, որ ԵՄ հիմնադիր ու կարեւորագույն այս պետությունում եւ ամբողջ Եվրոպայով մեկ իշխանության գան այնպիսի ուժեր, որոնք կատեգորիկ դեմ են ԵՄ ընդլայնմանը։ Այդ ուժերը ոչ միայն ԵՄ ընդլայնմանն են դեմ, այլեւ իրենց 27-ի մեջ եղած խնդիրները չեն կարողանում լուծել, էլ ուր մնաց մտածեն այնպիսի երկրների ԵՄ ընդունելու մասին, ինչպիսին Հայաստանն է, որը ԵՄ անդամ դառնալու չափորոշիչներին համապատասխանելու համար տասնամյակների ճանապարհ ունի անցնելու։ Ես ուզում եմ ասել մեր ընթերցողներին, որ սուտ ու կեղծ են այն բոլոր հայտարարությունները, թե մենք ԵՄ-ի հետ բացառիկ հարաբերություններ ունենք եւ, դրանով պայմանավորված, շուտով ազատ կկարողանանք գալ-գնալ Եվրոպա։ Դա հնարավոր չէ, եւ այդպես չի լինելու, եւ այդ մասին նշում են նույնիսկ եվրոպական դիվանագետները։ Թե ինչ են սրանք լսում, դրա ամենալավ ձեւակերպումը տվել է առաջին նախագահը, որ գուցե ինքը չի էլ հասկանում, թե իրեն ինչ են ասում»,- բացատրում է «Հրապարակ»-ի զրուցակիցը։ 

Արտակ Բշտիկյանը չի բացառում նաեւ հյուսիսից եկած քամիները։ Հայ-ռուսական հարաբերություններում իշխանությունները շատ մոտ են չափն անցնելուն, ուստի Մոսկվայից ստացված ազդակները եւս հնարավոր են։ Իրականում, նրա խոսքով, Փաշինյանը չգիտի, թե ուր է գնում, պատրաստ է գնալ այն ուղղությամբ, որտեղից երաշխիք կստանա, որ թեկուզ մեկ ժամով ու մեկ օրով  կերկարաձգվի իր «ողորմելի իշխանությունը»։ Այս համատեքստում է մեկնաբանում դիվանագետը Վաղարշակ Հարությունյանի այցը Բելգորոդ։ «Գուցե, ըստ իրենց, դա, այսպես ասած, ձիով քայլ է՝ ցույց տալու Ռուսաստանին, թե մեզ շատ մի նեղեք, մենք դեռ ուղղվելու  ընդունակ ենք։ Սա մանկապարտեզի մակարդակի տգետների, չկողմնորոշվածների ու անվստահելիների մի խմբակ է, որը պատրաստ է փրփուրներից կախվել՝ իր ողորմելի իշխանությունը պահպանելու համար»,- ասում է նա՝ ամենեւին չբացառելով ու չզարմանալով, որ մի օր Նիկոլ Փաշինյանը հետ կանգնի իր երկարաժամկետ հակառուսական դիրքորոշումից ու դիրքորոշում փոխի, ինչին բազմիցս տարբեր իրավիճակներում ականատես ենք եղել։ 

«Նրա միակ դիրքորոշումն իր իշխանությունը պահելն է, նույնիսկ իր թիմակիցների նկատմամբ քամահրական վերաբերմունք ունի, որովհետեւ նրանք էլ, ինչպես մնացած բոլորս, ամեն օր անակնկալի ենք գալիս հերթական անհեթեթություններից։ Արեւմուտքը մեզ չի սպասում, Արեւմուտքն այս ապազգային իշխանությունների ձեռքով մեզ ընդամենը օգտագործում է իր շահերի համար, որոնք երկու կետում են տեղավորվում՝ հնարավորինս արագ ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից եւ ունենալ հաղորդակցման ճանապարհներ, իսկ թե Հայաստանն ինչ գին կվճարի, ոչ ոքի չի հետաքրքրում։ Արեւմուտքի ներկայացուցիչն այս տարածաշրջանում ո՛չ Հոլանդիան է, ոչ՛ Լյուքսեմբուրգը, ո՛չ էլ Ֆրանսիան, Թուրքիան է՝ մեզ համար իր բոլոր հետեւանքներով»,- համոզմունք է հայտնում մեր զրուցակիցը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image