Նախորդ հոդվածը՝ այստեղ
Առաջին քաղաքային համայնքը, որ այցելեցինք Սյունիքում՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» ծրագրին մասնակցող ԵՄ երկրների դեսպանների հետ, Սիսիանն էր։ Կանգառը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Սիսիանի մասնաճյուղում էր։ Համալսարանը, ինչպես Երեւանում, Սիսիանում նույնպես ունի քոլեջ, որը տալիս է միջին մասնագիտական կրթություն։ Սիսիանի մասնաճյուղի քոլեջը 2021-ից ընդգրկված է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ իրականացվող մի ծրագրում, որի հապավումը ՄԱՎԵՏԱ է։ Ինչի՞ մասին է այս ծրագիրը։
ՄԱՎԵՏԱ-ն իրականացվում է ՀՀ Արմավիրի, Սյունիքի, Տավուշի եւ Լոռու մարզերում եւ կոչված է գյուղատնտեսության ոլորտում արտադրության եւ կրթության զուգադրմամբ միջին մասնագիտական կրթություն տալու, ինչը ծրագրում ներգրավված անձինք կոչում են «դուալ կրթություն»։ Նկատի ունեն, որ ծրագրում ներգրավված քոլեջների ուսանողները կրթությանը զուգահեռ արտադրամասերում արտադրական գործընթացի են մասնակցում։ Արդյունքում՝ տեսական գիտելիքներն ամրապնդում են գործնական կիրառմամբ, կամ հակառակը՝ գործնական հմտություններն են լրացնում տեսական գիտելիքներով։ Միով բանիվ՝ խորհրդային ժամանակների պրոֆտեխկրթության (մասնագիտական տեխնիկական կրթության)։
Սակայն խորհրդային ժամանակներից եւ ՊՏՈՒ-ներից, իհարկե, կա նաեւ տարբերություն։ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի քոլեջում, օրինակ, Շվեյցարիայի հետ ուղիղ համագործակցություն է հաստատված, փոխայցելություններ են լինում, ուսումնական հաստատությունների միջեւ շփումներ, տեխնիկապես արդիականացնել եւ հագեցվել է քոլեջի լաբորատորիան, որտեղ կատարվող հողի լաբորատոր անալիզի ծառայությունից կարող են օգտվել ամբողջ մարզի բնակիչները։ Երեւում է, քոլեջը բավականին էլ ճանաչում ունի մարզում, քանի որ մի քանի տարի առաջ 2-3 տասնյակ ուսանող է ունեցել, հիմա՝ 300-400: Մասնաճյուղի տնօրենը՝ պրն Գագիկ Խաչատրյանը, ասաց․ «Շենքային պայմանները թույլ չեն տալիս ավելի շատ ուսանողներ ունենալ»։ Բայց դա էլ կարծես լուծվող հարց է․ քոլեջն ընտրվել է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» ծրագրի շրջանակում՝ վերանորոգվել, վերակառուցվելու համար։
Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը՝ տիկ․ Անդրեա Բարբարա Բաումանը, անկեղծ հետաքրքրությամբ ծանոթանում էր քոլեջում արված աշխատանքին, եւ տպավորություն էր, որ հետագայում էլ անձնական հետաքրքրություն եւ ներգրավվածություն կունենա, ինչը ծրագրերի իրագործման զգալի երաշխիք է։
Գորիսում ամենակա Ֆրանսիան
«Ամենակա» բառը դարեր շարունակ Աստծո մասին էր գործածվում։ 20-րդ դարում, երբ ստեղծվեց ռադիոն եւ ամենուր՝ տանը, աշխատավայրում, փողոցում, տրանսպորտում ուղեկցում էր մարդկանց, ռադիոյի մասին էլ սկսեցին ասել ամենակա։ Այժմ ես «ամենակա» բառը պետք է գործածեմ Գորիսում ֆրանսիական ներկայության առնչությամբ, որովհետեւ այդ մասշտաբն այլ բառով չես հաղորդի։
Առաջին միջոցառումը Գորիսում, որին դեսպանները մասնակցեցին, «Ավագ սերնդի կենտրոնի» բացումն էր, որն էությամբ Տարեցների տուն է, ունի մոտ 100 բնակիչ՝ միայնակ ծերեր Գորիսից, նաեւ՝ Արցախից տեղահանված։ Տարեցների տուն հիմնելու գաղափարը «WINNET Գորիս» հիմադրամն էր հղացել, քաղաքային իշխանությունը շինությունն էր հատկացրել, ԵՄ-ն եւ Գերմանիայի դեսպանատունը ֆինանսավորել էին վերանորոգում-կահավորումը, եւ այժմ՝ դեսպանների ներկայությամբ եւ մասնակցությամբ, տան հանդիսավոր բացումն էր։ Տունն իսկապես գեղեցիկ էր, հարմարավետ, եւ ակնհայտ էր, որ տարեցները, որոնց համար ամենքն այդքան ջանացել էին, ուրախ էին եւ գոհ։
Նույնիսկ երգեցին, խոհանոցում էլ գաթա էին թխում, խմոր-խորիզի բուրմունքն էլ այնպես էր տարածվել, որ եվրոպացի հյուրերից մեկը ժամեր հետո դեռ Տարեցների տան գաթայից ու բուրմունքից էր պատմում։ Իսկ ո՞ւր էր այդտեղ Ֆրանսիայի ներկայություն։ Օ՜, Ֆրանսիան Գորիսում ամենուր է... «WINNET Գորիս» հիմնադրամի գլխավոր միջազգային գործընկերներից մեկը 90-ամյա պատմությամբ, «Ամեն մարդկայինը մերն է» կարգախոսով, 98 ֆեդերացիա եւ 90 հազար կամավորականներ միավորող, համաշխարհային տարածվածության Secours Populaire Francais ՀԿ-ն է, որի ներկայացուցիչները մեկշաբաթյա այցով Գորիսում էին, եւ նրանցից Նիկոլա Խուարեբը Տարեցների տան բացմանը խոսեց։
Այնուհետ գնացինք Գորիսի կենտրոնական հրապարակ, այդտեղ Ֆրանսիայի Պատվո հյուպատոսությունն էր։ Երեկոյան գնացինք Գորիսի սիրտ-անոթային հիվանդությունների կենտրոն, այն հայ-ֆրանսիական հաստատություն է։ Բուժհաստատության հարկաբաժիններից մեկում 2021-ից տեղակայված է մեծահասակների նեյրո-օրթոպեդիկ վերականգնման ծառայություն, որի հիմնադիրը 2020-ին Ֆրանսիայում ստեղծված Sante Armenie կազմակերպությունն է (նախագահ՝ պրոֆեսոր Արմեն Մեքինյան): Նեյրո-օրթոպեդիկ կենտրոնը հնարավոր է դարձրել նյարդային խնդիրներով տառապող հարյուրավոր անձանց բուժoգնություն ցուցաբերել Սյունիքում՝ առանց Երեւան տեղափոխելու։ 2025-ին Sante Armenie-ն բացել է նաեւ մանկական նեյրո-օրթոպեդիկ ծառայություն։
Այժմ Sante Armenie-ի նյարդավերականգնողական բուժօգնությունը մատչելի է դարձել նաեւ շարժունակության խնդիրներ ունեցող անձանց։ ԵՄ «Դիմակայուն Սյունիք, թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում գործարկվել է սոցիալական տաքսի ծառայություն, որն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխումը Գորիս, Տեղ, Տաթեւ համայնքների բնակավայրերից Գորիսի բուժհաստատություններ, այդ թվում՝ Sante Armenie։ Ծրագրի պատասխանատուն չեխական People in Need ՀԿ-ն է, որի գործունեության սկիզբը Հայաստանում թվագրվում է 1988-ին, երբ Սպիտակի երկրաշարժից հետո մի խումբ չեխ ուսանողներ կազմակերպել էին օգնության առաքում եւ իրենք էլ եկել էին Հայաստան՝ երկրաշարժից տուժած անձանց օգնելու։
Այժմ, Սյունիք ժամանած՝ ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը եւ Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական տիկ․ Ժուլի Ֆորը մյուս հյուրերի հետ հնարավորություն ունեցան տեղում գնահատելու մեր օրերում կատարվող արժեքավոր աշխատանքը։
Կապանից մինչեւ Շումերիա ու անդին
ԵՄ դեսպանների՝ սյունիքյան շրջայցի վերջին կանգառը Կապան քաղաքում էր։ Սյունիքում Կապանը կոչում են Հայաստանի հարավային մայրաքաղաք, եւ դրանում ճշմարտություն կա։ Ես առաջին անգամ էի Կապանում, եւ այդ քաղաքի մշակութային մակարդակը, աուրայի պատմական հագեցածությունը, անխառն հայկական էությունը, մարդկանց կրթվածությունն ու խորությունն ինձ ուղղակի ապշեցրին։
Կապանում առաջին միջոցառումը Սյունիքի մարզպետի հետ դեսպանների փակ հանդիպումն էր։ Այսինքն՝ 1-1,5 ժամ ազատ ժամանակ կար, եւ, ինչպես աշխարհի ցանկացած քաղաքում կվարվեի, որտեղ առաջին անգամ էի լինում, քայլեցի կենտրոնական փողոցներից մեկով՝ քաղաքից, մարդկանցից, միջավայրից տպավորություն կազմելու համար։ Մտա փողոցում իրար հերթագայող վաճառասրահներից մեկը, ինչ-որ բան հարցրի, տնօրինուհու հետ զրույց սկսվեց... եւ ինչ պարզվեց։
Պարզվեց՝ տիկնոջ որդին ռազմական սպա է, որ ուսանել է Հունաստանում, ծառայել է ՀՀ զինված ուժերում, հետո ռազմական կարիերան ավարտել է, անցել է այլ ոլորտ, ավելի բարեկեցիկ կյանքի, եւ ինչո՞վ է տարվել... շումերագիտությամբ։ «Հիմա գտել է մեկին, ում մոտ շումերերեն է սովորում»,- պատմեց մայրը։ Հայտնի պատմություն է, որ շումերագետների միջազգային մի գիտաժողովում հայազգի Արմեն Դավթյանը հրապարակավ ասել է․ «Ընկերներ, որպեսզի դուք կարողանաք հասկանալ շումերերեն, պետք է նախ իմանաք հայերեն․..»։ Այլ ժողովուրդներ, լեզվաբաններ, «գիտնականներ» կարող են երկար դեգերել շումերագիտության լաբիրինթոսներում, սակայն ցանկացած գրագետ հայի հենց միայն Էրեբու-Էրեդու քաղաքների անունները, շումերյան Մարդուկ-Մարաթուկ աստվածությունը, նրա Մուշհուշ վիշապը անսխալաբար կհուշեն Շումերիայի կազմավորման վրա Հայկական բարձրավանդակի, հայերի եւ հայոց լեզվի ազդեցության մասին։
Ինչեւէ, առավել էականն այստեղ հազարամյակներ առաջ գոյություն ունեցած ու անցած Շումերիայի պարագան չէ, այլ հայերի անխորտակելի կապն իրենց պատմության, լեզվի, ինքնության հետ, արյան կանչն ու հետաքրքրությունն այդ ամենի հանդեպ։ Զինվորական, որի հոբբին ռազմական կարիերայից հետո դառնում է շումերագիտությունը, որովհետեւ այն նոր էջեր է բացում հայության մասին։ Կապանից անցում Շումերիա՝ հազարամյակների միջով, առօրեական մի խոսակցության ժամանակ, Կապանի սովորական մի փողոցում․․․ Սա՝ առաջին վկայությունը, որ Կապանում մայրաքաղաքային աուրա է ու մակարդակ։
Սյունիքի մարզպետի հետ դեսպանների փակ հանդիպումից հետո ծրագրված էր այցելություն Կապանի Արվեստի թանգարան։ Այդ թանգարանը, ցուցադրված կտավները, դրանց միտքը, ժանրային բազմազանությունը, էսթետիկան տպավորում էին վայրկենապես։ Արեւելյան Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, որտեղ ես եղել եմ՝ Սլովակիա, Լեհաստան, Ուկրաինա, Լատվիա, Հունգարիա, Մոլդովա եւ այլն, եղել եմ նաեւ իրենց թանգարաններում, պատկերասրահներում եւ առանց չափազանցության կարող եմ ասել, որ այդ երկրների ոչ մի պատկերասրահ չունի կերպարվեստի այդքան տպավորիչ գործեր եւ հարուստ հավաքածու, ինչպիսին ցուցադրված էր Կապանի թանգարանում։ Դա էլ երկրորդ վկայությունը Կապանի՝ մայրաքաղաքային աուրայի ու էության։
Պաշտոնյաներ, որ տպավորություն գործեցին
Կապանի Արվեստի թանգարանում, սակայն, կտավներից ոչ պակաս, ինձ մի այլ դիպված զարմացրեց։ Դեսպաններին դիմավորեցին թանգարանում, եւ աշխատակցուհիներից մեկն անգլերենով սկսեց կտավները ներկայացնել։ Քիչ անց մի տղամարդ միջամտեց, թե՝ ջան, այսպես շատ դանդաղ է ստացվում, արի՝ ես արագ հայերեն ներկայացնեմ, թարգմանիչը կթարգմանի։ Ու արագ սրահից սրահ անցնելով՝ ծանոթացնում էր․ սա այս կտավն է, դա այն նկարչի գործն է, սա այս ժամանակ է ստեղծվել, այն կտավի հեղինակի ընտանիքում բոլորն են նկարիչներ, սա բազմաժանր նկարիչ է, ունի ավելի հայտնի գործեր... ու այդպես՝ բոլոր սրահներում, մինչեւ ելք։ Ենթադրեցի, որ թանգարանի ղեկավարությունից է եւ կեցցե, որ այդպես գիտի հավաքածուն։
Դրանից հետո գնացինք կից մասնաշենքը, որտեղ Կապանի Գեղարվեստի եւ Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններն են։ Այդ կենտրոնները ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ավելի լայն՝ Mayors for Economic Growth (M4EG) ծրագրի շրջանակում ապահովվել են փայտամշակման, կավագործության, կարուձեւի եւ նման աշխատարաններով։ Երեխաներն աշխույժ ու ակտիվ՝ դեսպաններին պատմեցին, թե ինչ են կարում, նույնիսկ հավատացրին, թե կարելու համար ամենաբարդ հագուստը ժիլետն է, կավագործության խմբակում էլ իրենց աշխատանքները ցուցադրեցին, ու նորից M4EG ծրագրի ընթացքը ներկայացնողը նույն տղամարդն էր, որ ինձ թվացել էր՝ թանգարանի ղեկավարներից է։ Պարզվեց՝ թանգարանի ղեկավարներից չէ, քաղաքի ղեկավարներից է․ Կապանի փոխքաղաքապետն է՝ Գոռ Թադեւոսյան։ Ահա թե ինչպիսի քաղաքային իշխանություն կարելի է ունենալ․․․ Շատ ավելի կիրթ, զարգացած, իրազեկ, պատասխանատու, քան Երեւանի իշխանությունն է կամ երկրի։ Դա էլ երրորդ վկայությունը, որ Կապանում մայրաքաղաքային աուրա է ու մակարդակ։
Վերջին միջոցառումը, որին մասնակցեցինք Կապանում՝ ԵՄ դեսպանների այցի շրջանակում, ժամանակակից սարքավորումներով գերհագեցած մի տպագրատան բացումն էր։ Դրա ստեղծումը ֆինանսավորվել է ԵՄ-ի կողմից՝ նախկին դատապարտյալների «Ես փոխվում եմ» սոցիալական վերաինտեգրման ծրագրի ներքո։ Իրականացնողը չեխական People in Need ՀԿ-ն է։ Ազատազրկման վայրերից եկած կամ պրոբացիայի փուլում գտնվող անձանց զբաղվածության եւ վերաինտեգրման գաղափարը նախկին դատապարտյալների կողմից առաջ է մղել Արմենակը, որը լրագրող է, «Առավոտի» թղթակիցն է եղել, եւ շատերը, այդ թվում՝ ես, իրեն ճանաչում ենք «Առավոտից», անձամբ։ Ուրախալի էր տեսնել, որ այդպիսի մարդասիրական, նաեւ՝ սոցիալական ռեզոնանս ունեցող ծրագրով է զբաղված։
Վերջապես, չեմ կարող հոդվածն ավարտել, առանց եւս մի համակրելի եւ կարեւոր պաշտոնյայի մասին նշելու՝ Նվարդ Հարությունյան։ Նա Սյունիքի մարզպետի խորհրդականն է, զբաղվում է միջազգային ծրագրերով։ Այցի երկու օրերի ընթացքում այդ կնոջ պատասխանատվությունը, ամեն ծրագրից տեղեկացվածությունը, սրտացավությունը, գործնականությունը, կերպարն իրոք տպավորեցին։ Վստահաբար, նման պաշտոնյաների առկայությունը դեր է կատարում, որ այդքան երկրներ ու դեսպաններ աշխատեն Սյունիքում, եւ լավագույն այցեքարտն է, որ նոր երկրներ ու դեսպաններ էլ ցանկանան «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» ծրագրում ներգրավվել։