2024 թվականն իշխանությունների` դեռ 2018-ին սկսած արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ, նոր թափով է շարունակվում: Նախ Ամանորին Հանրային հեռուստաընկերությանն արգելեցին հեռարձակել Ամենայն հայոց կաթողիկոսի ամենամյա ուղերձը: Ապա նոր «Վարդանանք» շարժում հայտնվեց դաշտում, որը «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժման իրավահաջորդն է եւ փետրվարի 24-ին նախատեսում են Էջմիածնում Վեհափառի դեմ հանրահավաք իրականացնել։ Խմբի նախաձեռնողներն իրենց միանալու կոչեր են անում համացանցում։ Արդեն ձեւավորվում է նաեւ հակընդդեմ շարժում` ի պաշտպանություն եկեղեցու: Զրուցել ենք լրագրող Նաիրի Հոխիկյանի հետ:
- Եկեղեցու դեմ նոր ակցիա են իշխանական շրջանակները նախաձեռնել: Նրանք պահանջում են Վեհափառի հրաժարականը: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում Դուք, ընդդիմադիր շրջանակները` այս շարժումն ու արշավը տապալելու համար։
- Անկեղծ ասած, ես` Ամերիկայից ուղղորդված այդ ակցիային լուրջ չեմ վերաբերվում, Անդրանիկ Դովլաթյան անունով կենդանուն: Եկեղեցու դեմ արշավը քրեորեն պատժելի է` Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Վստահ եմ, որ այդ մարդը չի համարձակվելու նման ակցիա իրականացնել: Այս իշխանությունները շատ լավ տիրապետում են հասարակությանը շեղելու տեխնոլոգիաներին ու սա ևս բացառություն չէ: Իրենք պարբերաբար հորինում և շրջանառության մեջ են դնում տարբեր կեղտոտ տեխնոլոգիաներ, որպեսզի մարդիկ կարևոր հարցերը թողած զբաղվեն դրանցով, չմտածելով ամենակարևոր հարցերի մասին: Նիկոլը պարբերաբար հիմար արտահայտություններ է անում, դիտավորյալ հանրությանը շեղելու նպատակով: Ասում է` «Սա հայրենիք չէ, սա հայրենիքի մնացորդ է»: Ձեզ թվում է նա չգիտի՞, որ այդ հայտարարությունները հանրության մոտ աղմուկ են առաջացնելու, շատ լավ գիտի, պարզապես դա տեխնոլոգիա է: Անդրանիկ Դովլաթյանին ուղղորդել են վիրավորել Վեհափառին:
- Ասում եք լուրջ վերաբերվել պետք չէ: Իսկ եթե մեծ թվով մարդկանց հանեն փողոց: Բազմություն հավաքվի Էջմիածնում, ի՞նչ կլինի այդ դեպքում:
- Եթե, այնուամենայնիվ, լինի նման սադրանք, ես` ինքս դուրս կգամ և կկանգնեմ Հայ առաքելական եկեղեցու կողքին: Փաստաբաններին, որոնք հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, ես ևս միացել եմ: Մեր գործող սահմանադրությամբ մեր սուրբ եկեղեցին համարվում է պետության միակ հոգևոր կառույցը, իսկ պետությունը պարտավոր է պաշտպանել սահմանադրությամբ ամրագրված առաքելական եկեղեցին: Եթե Նիկոլին հաջողվի փոխել սահմանադրությունը, վստահ եմ, որ այդ կետը ևս կհանվի, առաքելական եկեղեցին էլ կդադարի լինել մեր պետական կրոնը: Ընդհանուր առմամբ ես չեմ բացառում, որ մեր եկեղեցու հիմքերին սրանք փորձում են հարվածել, բայց Հայ առաքելական եկեղեցին 1700 տարվա մեջ 1700 հատ Նիկոլ է տեսել ու հաղթել է բոլոր նիկոլներին: Եկեղեցին համակարգ է` անձ չէ և չի քանդվելու երբեք:
- Վտանգ չկա՞, որ բախումներ կարող են լինել այդ օրը` եկեղեցականների և հակաեկեղեցականների միջև:
- Անդրանիկ Դովլաթյանից բացի կա՞ն կոնկրետ այլ մարդիկ: Ես չեմ հանդիպել: Սա ավելի շատ նմանվում է մութ սենյակում սև կատու փնտրելուն: Ամսի 24-ին ոչ մի սադրանք էլ չի լինի, ոչ ոք չի գա, բացի մեր սուրբ եկեղեցու հետևորդներից: Կոնկրետ այդ դեպքն իմ կարծիքով` ուշադրություն շեղելու համար է, բայց առհասարակ մեր եկեղեցին, ազգային առանցքային կառույց է: Նիկոլն ու իր ամբոխաոհմակը փորձում են վերացնել ազգային ամեն բան: Եկեղեցին էլ հայտնվել է թիրախում։