Հարցազրույց

«Հրապարակ». Նրանք վաղուց են անցել իշխանությունների կողմը

«Հրապարակ». Նրանք վաղուց են անցել իշխանությունների կողմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ վարչապետը կարեւորել է կառավարության եւ ՍԴՀԿ-ի միջեւ ձեւավորված կառուցողական համագործակցությունը։ Համբիկ Սարաֆյանը վերահաստատել է կուսակցության աջակցությունը խաղաղության օրակարգին եւ կառավարության քաղաքականությանը։ Քննարկվել են ՀՀ կառավարության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ՎՍԴՀԿ նախկին ատենապետ, ԱԺ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ: 

- Տիկին Սարգսյան, Համբիկ Սարաֆյանը` կուսակցության կենտրոնական վարչության ատենապետը, իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ է հաստատել: Նա երեկ հանդիպում է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ, դեմքի երջանիկ արտահայտությամբ, հրճվանքով լուսանկարներ է հրապարակել: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին: 

- Բայց նրանք վաղուց են անցել իշխանությունների կողմը: Ես հիվանդացել եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ամեն դեպքում, ինչո՞ւ պետք է չանցնեին Փաշինյանի կողմը: Իսկ ո՞ւմ կողմը պետք է անցնեին` ինձ դա է հետաքրքիր: 

- Առանձին կուսակցություն է, պարտադի՞ր է ինչ-որ մեկի կողմն անցնելը: 

- Ցույց տվեք մեկին, որի կողմն արժե անցնել: Ընդդիմության հիմնական հատվածը մեր նախկին հակառակորդներն են: Մենք նրանց դեմ պայքարում էինք, հիմա հո նրանց չէի՞ն միանալու:

- Բայց դա բավակա՞ն է իշխանությունների կողմն անցնելու համար: 

- Չեմ կարծում, որ պատճառը միայն դա է, որ անցել են իշխանությունների կողմը, հավանաբար, տեսել են ուղի, որը համահունչ է իրենց հետ:

- Օրինակ, եթե Դուք լինեիք կուսակցության շարքերում, կհամագործակցեի՞ք Փաշինյանի հետ: 

- Փաշինյանն իմ գործընկերն է եղել, ես նրան շատ հարգանքով եմ վերաբերվել, չգիտեմ՝ այժմ չեզո՞ք կլինեի, թե՞ նրա կողքին, սակայն հաստատ նախկին իշխանությունների կողմը չէի գնա, դա միանշանակ է: Ես վաղուց էի տեսնում, որ Հնչակյան կուսակցությունն իշխանությունների կողմն է անցել, եւ դա շատ նորմալ եմ համարում:

- Իսկ դրա ի՞նչն է նորմալ:

 - Ի՞նչն է աննորմալ: Քաղաքական կուսակցությունը պետք է որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցի, սակայն ես այսօրվա ընդդիմության մեջ չեմ տեսնում որեւէ քաղաքական կուսակցություն, որի հետ կարելի է համագործակցել: 

- Բազմաթիվ նոր ուժեր են ձեւավորվել եւ ձեւավորվում, ինչո՞ւ եք կարծում, որ ընդդիմադիր բոլոր ուժերը նախկին իշխանություններից են կազմված:

- Ես տեսնում եմ, թե այդ նոր ուժերի հետեւում ովքեր են կանգնած: ՔՊ կուսակցության հետ ես համաձայն եմ` նման ուժերին չի կարելի բերել իշխանության: Նրանք ինքնուրույն չեն կառավարվում: 

- Իսկ ՔՊ-ն ինքնուրո՞ւյն է կառավարվում: 

- Ամեն դեպքում, ես չեմ տեսնում, որ նրանց թիկունքում ինչ-որ մեկը կա, եթե անգամ կա էլ, ապա տեսանելի չէ, իսկ մյուս քաղաքական ուժերը, ովքեր ուզում են Հայաստանը Ռուսաստանի մաս դարձնել, ես նրանց հետ համագործակցելու իմաստ չեմ տեսնում: 

- Ադրբեջանից բենզին են բերում, ցորեն, օրը մի քանի անգամ հայասպան Ալիեւին շնորհակալություն են հայտնում, ցեղասպանությունը կասկածի տակ են դնում… Եկեղեցին են քանդում: Անգամ թուրք ժողովրդի կողմից այդքան մերժված ու ատելի Էրդողանին են երկրպագում: Այս ամենը նորմա՞լ եք համարում: Նման ուժը կարո՞ղ է լինել անկախ:

- Դա խաղաղության պրոցեսի մի մաս է, այլընտրանքային վառելիք ձեռք բերելու համար են այդպես վարվում: Ինչ է` հավերժ պատերա՞զմ պիտի լիներ, որ լավ լիներ: Եթե հարաբերությունները կարգավորում են այդ պետությունների հետ, չի նշանակում, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ են, դա նշանակում է, որ ցանկանում են խաղաղության գործընթաց սկսել, համագործակցել հարեւանների հետ, ինչը շատ ավելի անվտանգ է այսօր, քան Ռուսաստանի հետ լինելը: Մեր կուսակցությունն առաջ հստակ ռուսամետ ուժ է եղել, սակայն այսօր դեպի ՌԴ ուղին փաստերով համարում ենք խիստ սխալ: 

- Ի՞նչ փաստեր ունեք, օրինակ, որը ռուսամետությունն ավելի վտանգավոր է դարձնում, քան թրքամետությունը:

- Շատ փաստեր: Պատերազմի ժամանակ նրանց գործողությունների բացակայությունը միայն հերիք է, անգամ դիվանագիտական ասպեկտում ոչինչ չարեցին, չաջակցեցին: Անգամ Հայաստանի Հանրապետության վրա հարձակումը ՌԴ-ն համարեց, որ սուտ է, նման բան չկա: 

- Եթե Հայաստանի վարչապետը հրաժարվում է Արցախից եւ պնդում է, որ ազերիները ՀՀ սահմանը չեն խախտել, Ռուսաստանը մեր փոխարեն ի՞նչ պետք է աներ, կռվե՞ր: 

- Դա Փաշինյանը չի ասում, ամբողջ աշխարհն էր փաստաթղթերում գրում, որ Արցախը մերը չէ: Ես չեմ ասում, թե Փաշինյանից գոհ եմ կամ նրա բոլոր ասածների հետ համամիտ եմ, ուղղակի չեմ էլ կարող ընդունել այն քաղաքական ուժերին, որոնց համար Հայաստանը միայն ուղի է՝ իշխանության գալու համար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image