Վերլուծություն

Սամվել Կարապետյանը՝ որպես մեր օրերի Իսրայել Օրի

Սամվել Կարապետյանը՝ որպես մեր օրերի Իսրայել Օրի

Ընդդիմության առաջնորդ Սամվել Կարապետյանն իր հարցազրույցում հայտարարեց, որ այս պահին նպատակահարմար չի համարում փողոցային պայքարի կազմակերպումը: Ըստ Կարապետյանի, իրենք մարդկանց փողոց հանելու կարողություն ունեն, սակայն այս պահին չեն տեսնում հաղթանակի հասնելու հնարավորություն, իսկ փողոց հանելը եւ արդյունքի չհասնելը համարում են գոլորշի բաց թողնել: Թեեւ նա բաց չասաց, թե որն է պատճառը, որ այս պահին չեն տեսնում հաղթանակի հնարավորություն, բայց հասկացրեց: Փաշինյանը, որին նա դիմում էր որպես Ադրբեջանի մարզպետ, այս պահին ունի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի աջակցությունը, Թուրքիան եւ Ադրբեջանը եւս սատարում են իրենց դրածոյին: Ռուսաստանը պատրաստ չէ միջամտել Հայաստանի ներքաղաքական գործերին: Քանի դեռ Փաշինյանի իշխանությունն ունի արտաքին աջակցություն, քանի դեռ այդքան մեծ թվով երկրներ պաշտպանում են նրան, հայաստանյան ընդդիմությունը եւ հասարակությունը միայնակ անընդունակ են հասնել նրա իշխանազրկմանը:

Ինչպես սրանից մոտ 350 տարի առաջ Իսրայել Օրին էր արեւմտյան քրիստոնյա երկրների մայրաքաղաքներում եւ արքունիքներում համոզում, որ օգնեն աշխարհի առաջին քրիստոնյա երկրի՝ Հայաստանի ազատագրման գործին, այնպես էլ Սամվել Կարապետյանն է ասում, թե իրենք փորձելու են համոզել եվրոպական երկրներին, որ փաշինյանական իշխանությանն իրենց աջակցության արդյունքում կործանելու են աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրը՝ Հայաստանը: Արեւմտյան երկրները երեւի պետք է հասկանան, որ Հայաստանը պոկելով Ռուսաստանի ազդեցության գոտուց, միացնում են ոչ թե իրենց ազդեցության գոտուն, այլ դատապարտում են վերացման, իսկ Հայաստանի տարածքն անցնելու է Ադրբեջանին եւ Թուրքիային: Սամվել Կարապետյանը, որպես փորձառու մարդ, իհարկե, հասկանում է, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ երկրները, շատ մեղմ ասած, անտարբեր են Հայաստանի ճակատագրի նկատմամբ, եւ նրանց չի հետաքրքրում, թե առաջինը կամ երկրորդն ով է ընդունել քրիստոնեությունը, ավելին՝ նրանք շատ լավ հասկանում են, որ իրենց հովանավորյալ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնելու է Հայաստանի ոչնչացմանը, բայց հավաքական Արեւմուտքը շահագրգռված է դրանում, քանի որ վստահ է, որ մեծ Թուրանի կառուցումը ծառայելու է իրենց աշխարհաքաղաքական շահերին` ստեղծելու է Ռուսաստանը շրջանցող ճանապարհ՝ Ղազախստանի նավթն ու Թուրքմենստանի գազը Եվրոպա հասցնելու համար: Հայաստանն այս ճանապարհի կառուցման գործում օգտագործվում է որպես շինանյութ: Բայց Կարապետյանն իմաստ չի տեսնում Արեւմուտքին թշնամի ճանաչելու եւ պատերազմ հայտարարելու մեջ, առանց այդ էլ թշնամիների պակաս չկա:

Ինչպես Իսրայել Օրին ֆրանսիական, ավստրիական, գերմանական, իտալական արքունիքներում անպտուղ բանակցություններ վարելուց հետո ի վերջո հասկացավ, որ Հայաստանի ազատագրման գործին կարող է օգնել միայն Ռուսաստանը, այնպես էլ Սամվել Կարապետյանը, անշուշտ, գիտի, որ անկախ Հայաստանի գոյության մեջ շահագրգիռ կարող է լինել միայն Ռուսաստանը, այսօր՝ նաեւ Իրանը: 1703 թվականին, երբ Իսրայել Օրին ռուս ցար Պետրոս Մեծին համոզում էր օգնել Հայաստանի մելիքներին՝ կազմակերպել Հայաստանի ազատագրումը, ռուս ցարը նրան պատասխանել էր, որ պատրաստ է օգնություն տրամադրել, սակայն միայն հյուսիսային պատերազմի ավարտից հետո: Այդ ժամանակ Ռուսաստանը պատերազմում էր Շվեդիայի հետ: Ռուսներին պետք չէր երկրորդ ճակատի բացում, իհարկե, երկրորդ ճակատ նրանք, այնուամենայնիվ, բացեցին՝ պատերազմելով Օսմանյան կայսրության դեմ, սակայն այդ պատերազմն ավարտվեց ռուսների պարտությամբ: Հիմա էլ Ռուսաստանը չի ցանկանում խառնվել Հայաստանի ներքին գործերին, քանի որ իրենք Ուկրաինայի տարածքում պատերազմում են հավաքական Արեւմուտքի դեմ եւ երկրորդ ռազմաճակատի բացում չեն ցանկանում:

Փաշինյանը, ունենալով արեւմտյան կողմնորոշում, Հայաստանը դարձրել է Արեւմուտքի դաշնակից եւ Ռուսաստանի թշնամի, չնայած Հայաստանի տարածքում ակտիվ ռազմական գործողություններ չեն ընթանում, ինչպես որ չեն ընթանում եվրոպական երկրների տարածքում: Բայց ինչպես պատերազմի մասնակից շատ երկրների, այնպես էլ Հայաստանի ճակատագիրը կախված է այդ պատերազմի արդյունքներից: Ռուսաստանը, Հայաստանում պահպանելով ռազմական ներկայություն, թույլ չի տալիս, որ Հայաստանը գոնե ֆորմալ իմաստով դառնա թուրքական ազդեցության տարածք, սակայն եթե պատերազմում պարտվի, ապա ռուսական զորքերն անմիջապես կհեռանան Հայաստանի տարածքից, եւ դրանց կփոխարինեն թուրք-ադրբեջանական զորամիավորումները, որպես հաղթող կողմի ներկայացուցիչներ։ Եթե Ռուսաստանը հաղթի, Հայաստանը կվերադառնա ռուսական ազդեցության գոտի: Մինչեւ մեծ պատերազմի ավարտը Հայաստանի ընդդիմության եւ հասարակության խնդիրն է՝ դիմադրել երկրի ադրբեջանականացմանը եւ թուրքացմանը՝ թույլ չտալով, որ երկիրը վերջնականապես դառնա նրանց բոստանը:
ՀԳ. Ի դեպ, Իսրայել Օրին մշտապես ունեցել է հայ կաթողիկոսների աջակցությունը, որոնք եղել են Հայաստանը թուրքական եւ պարսկական լծից ազատագրման պայքարի առաջամարտիկները:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image