Քաղաքականություն

Վերցնո՞ւմ է մանդատը Մխիթարյանը, ընդունո՞ւմ է Վարդան Ղուկասյանի առաջարկը

Վերցնո՞ւմ է մանդատը Մխիթարյանը, ընդունո՞ւմ է Վարդան Ղուկասյանի առաջարկը

Գյումրի համայնքի մարտի 30-ի արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։ 9 քաղաքական ուժից անցողիկ 6 տոկոսը հաղթահարել են 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե- 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե — 8 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե- 2 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե- 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 739 քվե- 3 մանդատ։

Գյումրու ավագանին, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, կազմված է լինելու 33 անդամից: Քաղաքապետ ընտրվելու համար կուսակցություններին եւ դաշինքներին անհրաժեշտ է լինելու 50 տոկոսից ավելի ձայն: Տվյալ դեպքում դա 17 անդամի «կողմ» ձայնն է: Ավագանու անդրանիկ նիստին՝ ապրիլի 16-ին ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենց միավորման արդյունքում քաղաքապետ են ընտրելու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Նշենք, որ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է հայտնի պրոդյուսեր, երգահան  Ռուբեն Մխիթարյանը, 3 մանդատ կստանա։Արդյոք Ռուբեն Մխիթարյանը պատրաստվում է վերցնել ավագանու մանդատը, փորձեցինք պարզել նրա գրասենյակից։ «Առաջարկում ենք սպասել մինչև ավագանու նիստի օրը՝ ապրիլի 16-ին։Այս պահին այդպես ենք նպատակահարմար գտնում» ,- Hraparak.am-ին փոխանցեց Մխիթարյանի գրասենյակի խոսնակը՝ Լիլիթ Հարությունյանը։

Հետաքրքրվեցինք նաև Մխիթարյանն ինչպես է ընդունել Վարդան Ղուկասյանի առաջարկը՝ ստանձնել համայնքապետարանի մշակույթի բաժնի պետի պաշտոնը։«Այդ բոլոր հարցերի պատասխանը կստանաք ապրիլի 16-ից հետո, խնդրում եմ՝ սպասեք»,-ասաց խոսնակը։

Հիշեցնենք, որ «Իմ հզոր համայնք»-ի ցուցակում ընդգրկված 3-րդ համարը զբաղեցնող կին ավագանու թեկնածու, վաստակավոր նկարչուհի Սուսաննա Մկրտչյանն արդեն իսկ ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, թե  առողջական խնդիրներ ունի։

Նշենք, որ մեր տեղեկություններով Ռուբեն Մխիթարյանը նույնպես հակված չէ վերցնելու ավագանու մանդատը եւ դեռ երկմտում է
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image