Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն ուզում է սպորտում էլ Հայաստանի պարտությունն արձանագրել․ ահազանգում են ըմբշամարտիկները

Նիկոլ Փաշինյանն ուզում է սպորտում էլ Հայաստանի պարտությունն արձանագրել․ ահազանգում են ըմբշամարտիկները

Երեկվանից ըմբշամարտիկներն ահազանգում են՝ զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը Հայաստանը միտումնավոր ներկայանում է թույլ կազմով՝ մասնակցությունից դուրս թողնելով ժամկետային զինծառայության մեջ գտնվող ըմբիշներ Մալխաս Ամոյանին, Արսեն Հարությունյանին, Վազգեն Թևանյանին, Արման Անդրեասյանին, Մանվել Խնձրցյանին, Վիգեն Նազարյանին, Գևորգ Թադևոսյանին, Կնյազ Իբոյանին։

Նշենք, որ առաջնությանը մասնակցելու է նաև Թուրքիան եւ Հայաստան է գալու աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններով։ Մարզիկներն իրենց ինստագրամյան էջերով երեկ հանդես էին եկել աղմկահարույց հայտարարություններով։

Ըմբիշ Արսեն Հարությունյանը գրել էր․ «Վերջին ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստվելով մեր երկրում անցկացվող «Բանակային աշխարհի առաջնության»-ը։ Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով: Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել: Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն և ֆիզիկապես: Այն աշխատանքը, որ կատարել ենք, այն զոհողությունները, որ կատարել ենք, մնում են անարդյունք»։ Հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ Մալխաս Ամոյանը՝ նշելով․ «Մեր թիմը պատրաստ էր մասնակցելու Երևանում կայանալիք Բանակայինների ընբշամարտի աշխարհի առաջնությանը, սակայն մեզ համար անհայտ և անհասկանալի պատճառներով ԲԿՄԱ-ի մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են այդ հնարավորությունից։ Նման վերաբերմունքը ցավալի ազդեցություն ունի մեր թիմի վրա»։ Ավելի կտրուկ արտահայտվողները նշում են, որ մեր առաջատար մարզիկներին չներգրավելը պայմանավորված է այս իշխանությունների թրքամետությամբ՝ այնպես են անում, որ Թուրքիայի ներկայացուցիչները չպարտվեն Հայաստանում, այլ հակառակը՝ այս ասպարեզում էլ հաղթած դուրս գան։

Այսօր Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը նվիրված մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հայտարարեց, որ հայտնի ըմբիշներին չեն ներգրավել հավաքական թիմում, որ զերծ մնան շահարկումներից։
«Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն թիմը, որը ներկայացնելու է ՀՀ զինված ուժերը։ Մրցաշարին այլ մարզիկներ ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»,- հայտարարեց Դավթյանը։

Նշենք, որ այս սկանդալին անդրադարձել էր նաեւ Փաշինյանի նախկին թիմակից Դավիթ Սանասարյանը։ «Մինչ հետևում եք Փաշինյանի նախընտրական շոուին (պաշտոնանկություններին), աճպարարները հերթական ռևերանսն են անում Թուրքիային։

Փաշինյանը և իր թիմակիցները պետք է պատասխան տան հանրությանը, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ բանակում ծառայող մեր հպարտություն ըմբիշներին՝ Մալխաս Ամոյանին, Արսեն Հարությունյանին, Արման Անդրեասյանին, Վազգեն Թևանյանին, Վիգեն Նազարյանին, Գևորգ Թադևոսյանին, Մանվել Խնձրցյանին և Կնյազ Իբոյանին արգելել են մասնակցել բանակայինների ընբշամարտի աշխարհի առաջնությանը, որն այսօրվանից մեկնարկում է Երևանում։ Ավելին, շրջանառվող վարկածների համաձայն՝ նման արգելքը թերևս նպատակ ունի թուրք մարզիկներին առավելություն տալ, որպեսզի նրանք մրցաշարի ընթացքում իրենց երկրի դրոշը բարձրացնելու հնարավորություն ստանան։ Իմ ունեցած տեղեկություններով մարզադահլիճում ՀՀ ԶՈՒ զինվորների ու սպաների մեծ ներկայություն է ապահովվելու, հիմա բերում եք, որ Թուրքիայի դրոշ բարձրացնելուց ոտքի կանգնե՞ն։ Այո, սպորտի միջոցով քաղաքական ռևերանսներ անում են, բայց դա արեք այլ կերպ, ոչ թե զինվորական մարզիկների հեղինակության հաշվին։ Եթե ձեզ թվում է, որ Թուրքիային այսպիսի զիջումներով կարելի է կանխել, ապա խիստ սխալվում եք։ Դուք նման որոշումներով միայն վնասում եք մեր երկրի հեղինակությանը և կոտրում մեր մարզիկների ոգին»,-գրել էր նա

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image