ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ Հայաստանում ներքին ռասիզմի դրսևորումները լայն տարածում են ստացել և ընդգրկում են հասարակության տարբեր շերտեր։
Նա այս մասին ասել է քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի առաջին մամուլի ասուլիսի ընթացքում։
Ալավերդյանի խոսքով՝ հասարակության այն հատվածը, որը գնահատում է օրենքի գերակայությունը, հարգում է սեփական և մյուսների արժանապատվությունը, այսօր հայտնվել է բարդ իրավիճակում։
Նրա պնդմամբ՝ նույնիսկ իշխանամերձ որոշ քաղաքական վերլուծաբաններ ընդունում են, որ ընդդիմության նկատմամբ վերաբերմունքը հաճախ ներկայացվում է ոչ թե որպես քաղաքական մրցակցություն, այլ թշնամական մոտեցում։
«Այլ տեսակետ ունեցող մարդիկ իշխանության կողմից հաճախ ընկալվում են որպես թշնամիներ, այլ ոչ թե որպես ընդդիմություն՝ ժողովրդավարական համակարգի բնական և անհրաժեշտ բաղադրիչ»,- նշել է նա։
Նախկին ՄԻՊ-ը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է համախմբում և միասնական գործողություններ՝ հասարակական խնդիրներին արձագանքելու համար։