Մարդ կա՝ սիրում է, որ իր շուրջը եւ ներսում ներդաշնակություն տիրի, գեղեցիկ ու կոկիկ միջավայրում ապրի, շրջապատի մարդիկ համերաշխ լինեն, խժդժություն ու կոնֆլիկտներ քիչ լինեն, կռվարար մարդկանց հետ քիչ շփվի: Բայց կան մարդիկ, որոնք կյանք չունեն առանց կոնֆլիկտի` նրանք չեղած տեղից հակասություններ են հորինում, վեճեր հրահրում: Այսպես ասած` ադրենալինի բնական պակասը լրացնում են արհեստականորեն: Թերեւս, վերջին խմբին է պատկանում նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը ցանկացած հարց փորձում է լուծել կոնֆլիկտի ու բախումների, սադրանքների ու վեճերի միջոցով: Նա հպարտանում է խառնակչություն, կոնֆլիկտներ, բախումներ հրահրելու իր տաղանդով, քանի որ ունակ չէ նորմալ մարդկային շփման: Նա չգիտի՝ բանակցությունն ու կոմպրոմիսն ինչ են: Կա՛մ խոնարհվում ու հնազանդվում է դիմացինին, կա՛մ` նվաստացնում ու ստորացնում:
Ընդ որում` իրենից ուժեղին հպատակվում է, իրենց թույլին` հնազանդեցնում ու հալածում: Բոլոր նրանք, ովքեր ուզում են չհայտնվել նրա թիրախում եւ խուսափում են նրա հետ առճակատումից, պետք է հասկանան, որ իրենց վարքը ոչինչ չի որոշում: Երբ արդեն հայտնվել են նրա թիրախի դերում, հնազանդվելն ու լռելն այլեւս ոչինչ չեն փոխի: Նա զիջում է, նահանջում է միայն ուժի առաջ: Եվ հիմա եկեղեցին եթե չի ուզում, որ այս կոնֆլիկտը շարունակվի, եւ երկրում հավատացյալների ու անհավատների, նիկոլականների ու եկեղեցու կողմնակիցների միջեւ բախումներ առաջանան, ոչ թե պետք է լռի ու մի անկյունում ծվարած սպասի, թե երբ է բոլոր կարմիր գծերը հատած Փաշինյանը հանդարտվելու, այլ հակահարված պետք է տա: Ցույց տա, որ ինքն անպաշտպան, մեղավոր, խոստումը դրժած հոգեւորականների հանրույթ չէ, այլ՝ 1700-ամյա կուռ կառույց, որը ոչ միայն իրեն է կարողանում պաշտպանել, այլեւ՝ իր հոտին: