Հասարակություն

Երկու անշունչ լիճ, երրորդի բերանում էլ իսկի շունչ չկա

Երկու անշունչ լիճ, երրորդի բերանում էլ իսկի շունչ չկա

Խոսքը երեք լճակների մասին է, որոնք մի ժամանակ հանրապետության երրորդ քաղաք Վանաձորին գույն ու ուրույն նկարագիր էին հաղորդում։ Այսօր այդ պատկերն այլեւս չկա։ Մնացել է միայն հիշողությունը՝ խամրած, ջնջվող, ինչպես հենց լճակները՝ իրենք։ Երկուսն արդեն անշունչ են` ջուրը վաղուց լքել է նրանց։ Մնացել են մարդաբոյ խոտը, վայրի թփերն ու ծառերը, որոնք ավելի շատ հիշեցնում են լքված տարածք, քան քաղաքի «սիրտ»։ Երրորդ լճակում վիճակը փոքր-ինչ այլ է` այնտեղ ջուր կա, բայց դա դժվար է ջուր անվանել` սրճագույն, դոնդողանման զանգված։

Այս լճակները պատահական չէին ծնվել։ Դրանք կառուցվել էին այն տարիներին, երբ Վանաձորի քիմիական գործարանը հզորանում էր, ընդլայնում արտադրությունը եւ տեխնիկական նպատակներով մեծ քանակի ջրի կարիք ուներ։ Մոտակայքում էին Տանձուտ եւ Վանաձոր գետերը։ Կարելի էր մեկ լճակ կառուցել` ջուրը գործարան հասցնել, բայց գործարանի խնդիրը լուծելուց բացի, որոշվեց նաեւ քաղաքին հիանալի նվեր մատուցել. 3 լճակ կառուցվեց։ Կառուցվեց նաեւ պոմպակայան։ Դրանց շնորհիվ գործարանը ստացավ  արտադրական լուծում, քաղաքն էլ՝ բարեկարգ ու գողտրիկ մի անկյուն, անվտանգ գետեր, Շահումյան հրապարակ՝ զարդարված աշխատանքը փառաբանող քանդակազարդ պաննոյով։ Տարածքը կարճ ժամանակում դարձավ քաղաքացիների սիրելի հանգստավայրերից մեկը։
Արեւելյան լճակը նախատեսված էր լողալու եւ նավակներով զբոսնելու համար։ Զբոսուղիներն էլ` ծառախիտ, զով ափերով ու ջրերի վրա կախված երկար կամուրջներով։ Մետաղե բազրիքները գեղեցկացնում էին համայնապատկերը եւ ապահով դարձնում երթեւեկը։ Ջրերը մի լճակից ջրվեժում էին մյուսի մեջ։ Հեքիաթային տեսարան էր։ Այսօր այդ հեքիաթը վերածվել է դառն իրականության։

Երկու լճակները վաղուց անջուր են։ Միջին լճակով արդեն տասնյակ տարիներ հոսում են մոտակա թաղամասի վթարված կոյուղու կեղտաջրերը։ Երրորդում, ճիշտ է, դեռ ձկներ կան, եւ մարդիկ որսում են՝ զբաղմունքի համար, բայց ուտել չեն կարող։ Լոռեցիները փորձել են բռնած ձուկը մեկ-երկու շաբաթ պահել աղբյուրի քաղցրահամ ջրի մեջ՝ հույս ունենալով, որ անտանելի հոտը կվերանա` չի վերացել։ Ձուկը նետել են կատուներին, կատուներն էլ չեն կերել։
Լիճ չէ՝ գարշահոտ ճահիճ է քաղաքի կենտրոնում։ Սեւացած, մածուցիկ տիղմը մոտեցել է մակերեսին։ Ջրի վրա լողում են ճահճախոտի ու կենցաղային աղբի նմուշներ։ Ժամանակներ առաջ, երբ երկու տարին մեկ լճակները դատարկում էին, տիղմը մղաններով ու տեխնիկայով հեռացվում էր անվտանգ վայր։ Վերջին 30-35 տարիներին նման խնամք չի եղել։ Քիմիագործների բարի գործը գլխիվայր շրջվել է ու դարձել չարիք քաղաքի համար։

Լճակները ոչ միայն խաթարում են քաղաքի երբեմնի գեղեցկությունը, այլեւ իրական վտանգ են ներկայացնում բնակիչների առողջության համար։ Դրանք հեռու չեն Առողջարանային եւ Աղյուսագործների խիտ բնակեցված թաղամասերից։ Լճակներից մոտ հարյուր մետր հեռավորությամբ տուն ու պարտեզ ուներ ՀՀ վաստակավոր դերասան Վրույր Հարությունյանը, որի դժգոհությունը հաճախ եմ լսել. «Գարշահոտից, կրծողներից ու մոծակներից պրծում չունենք։ Ասես պայթուցիկ նյութերի տակառի վրա ապրենք։ Լրագրողներ եք՝ գրեք, էլի»։ Գրում ենք, ահազանգում ենք։ Հավելենք. խնդիրը միայն հոտը չէ։ Զբոսուղիները տարիների ընթացքում մաշվել են, տեղ-տեղ՝ ամբողջությամբ քանդվել, դարձել վտանգավոր, սակայն մարդիկ դեռ քայլում են։ Եթե մի հատված որոշի փլվել, մարդը երեք մետրից կհայտնվի ճահճաջրի մեջ, գուցե անգամ ողջ չմնա։

Քիմգործարանը, որը տարիներ շարունակ խնամում էր այս տարածքը, այլեւս չկա։ Փակվեց, թալանվեց, վերանում է քաղաքային քարտեզից։ Տեղական իշխանությունները հերթագայում են իրար, բայց լճակների ճակատագիրը նրանցից ոչ մեկի օրակարգում չի հայտնվում։ Եղածը վերականգնելը բարդ է, բայց գոնե պահպանել հնարավոր է։ Կոյուղու վթարը վերացնել հնարավոր է։ Միակ ջրով լի լիճը գոնե մեկ անգամ մաքրել՝ նույնպես։

Սակայն պատմությունն այստեղ չի ավարտվում։ Վանաձորում արդեն եղել է նման մի կորուստ։ Սանկտ Պետերբուրգի խճուղու 3–3,5 կիլոմետրանոց հատվածը կառուցվել էր Տանձուտ գետի աջակողմյան մասում՝ նաեւ Երեւանյան խճուղին ծանրաբեռնվածությունից ազատելու նպատակով։ Այն համարվում էր դեպի մայրաքաղաք տանող այլընտրանքային ճանապարհ։ Այսօր այնտեղ ասֆալտի հետք անգամ չեք հայտնաբերի։ Ոչ միայն ճանապարհը չկա, այլեւ նրա գոյության մասին հիշողությունը․ քաղաքի քարտեզից խճուղին պարզապես ջնջվել է։ Ոչ մի աղետ։ Ոչ մի երկրաշարժ։ Միայն տարիների անտարբերություն՝ «բարձր սեյսմիկության» պայմաններում։

Հենց նույն անտարբերությամբ են այսօր ջնջվում լճակները։ Դանդաղ, անաղմուկ, գրեթե աննկատ։ Ամեն տարի մի քիչ ջուրը, ճեմուղիները, մի քիչ՝ ափը, բազրիքները, մի քիչ՝ հիշողությունը։ Մի քանի տարի եւս, եւ Վանաձորի լճակները պարզապես չեն լինի։ Ոչ թե որովհետեւ հնարավոր չէր փրկել, այլ որովհետեւ այդպես էլ չգտնվեց մեկը, ով պարտք կհամարեր դա անել։ «Երկար փնտրտուքից»  հետո ինձ հաջողվեց պարզել մի բան․ Վանաձորը տեղական իշխանություններ, այնուամենայնիվ, ունեցել է` դրանք անգամ իրար հերթագայել են։ Քաղաքապետեր է ունեցել։ Բայց այս քաղաքը, ցավոք, չի ունեցել իր ժողովրդին ծառայող իշխանություն ու տեր։ 

Հակառակ դեպքում հնարավո՞ր էր, որ քաղաքի կենտրոնում լճերը վերածվեին ճահճի։ Հնարավո՞ր էր, որ ռազմավարական նշանակության ճանապարհը պարզապես անհետանար։ Հնարավո՞ր էր, որ հանրային հարստությունը ոչ մեկի հոգսը չլիներ։ Մնում է միայն ափսոսալ ու հարց տալ․ ինչո՞ւ ենք մեր հարստությունների նկատմամբ այսքան անհոգ ու անտարբեր։ Որքա՞ն պիտի կորցնենք, մինչեւ հասկանանք՝ կորուստը միշտ սկսվում է անտարբերությունից, լռությունից։

Գագիկ Անտոնյան
Լոռի

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image