Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևի հետ՝ քննարկելու վրաց-ադրբեջանական սահմանին ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարից հետո որոնողական-փրկարարական աշխատանքները։
«Հաբեր» հեռուստաալիքը հաղորդում է երեք զոհված զինծառայողների անունները՝ Իլհան Օնգան, Նուրի Օզջան և Գյոքհան Քորմազ։ Հեռուստաալիքը հաղորդում է, որ զինծառայողների ընտանիքներն ու ընկերներն արդեն տեղեկացվել են ողբերգական լուրի մասին։ Տեղեկություններ կան, որ օդանավում ընդհանուր առմամբ 20 մարդ է եղել:
Ավելին, հեռուստաալիքի թղթակիցը հայտնում է, որ տարածաշրջանում անբարենպաստ եղանակային պայմաններ չեն նկատվել. «Անձրև կամ մառախուղ չի եղել... Վթարի վայրը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանից մոտավորապես 5 կիլոմետր հեռավորության վրա»։
Ըստ պարբերականի, Թուրքիան խնդրել է Վրաստանի իշխանություններին որևէ գործողություն չձեռնարկել վթարի վայրում մինչև իր մասնագետների ժամանումը։ Վրացական կողմի հետ մշտական կապ է պահպանվում։
Թուրքիայի խնդրանքով տարածքը ամբողջությամբ շրջափակվել է։
Լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ դեպքի վայրին:
Թուրք փորձագետները կանցկացնեն իրենց սեփական հետաքննությունը՝ պարզելու երկրի ՊՆ-ին պատկանող ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման պատճառը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «... (Ինքնաթիռի) բեկորները հայտնաբերվել են թուրքական հետաքննչական ստորաբաժանման կողմից։ Վթարի պատճառը կորոշվի մեր թիմի կողմից անցկացված մանրամասն հետաքննության արդյունքների հիման վրա»:
Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ «Քննարկվել է Վրաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի վայրում որոնողական-փրկարարական գործողությունների իրավիճակը»։
Միաժամանակ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է C130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի մնացորդների հայտնաբերման մասին։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Akıncı TİHA անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) ուղարկվել է Վրաստան՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։
Թուրքական A Haber հեռուստաալիքը հաղորդում է ինքնաթիռի երթուղու մասին։ Ըստ այդմ, ինքնաթիռը, որը Տրապիզոնից մեկնել էր թուրքական ժամանակով ժամը 9:50-ին, Գյանջայում վայրէջք է կատարել ժամը 11:06-ին։ Որոշ ժամանակ այնտեղ սպասելուց հետո, ինքնաթիռը Գյանջայից մեկնել է ժամը 13:20-ին դեպի Թուրքիա։ 27 րոպե անց այն անհետացել է ռադարներից։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։