Քաղաքականություն

Փաշինյանը 3 հազարը չեղարկելու հայտարարությամբ փաստի առաջ է կանգնեցրել «Էկենգին»

Փաշինյանը 3 հազարը չեղարկելու հայտարարությամբ փաստի առաջ է կանգնեցրել «Էկենգին»

Նիկոլ Փաշինյանը հերթական ոտքի վրա արված հայտարարությամբ` փաստի առաջ է կանգեցրել  էլեկտրոնային ստորագրության ակտիվացմամբ զբաղվող «Էկենգ» ընկերությանը։ 
Կիրակի օրը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գույքի հայտարարագրման համար էլեկտրոնային ստորագրություն ստանալու  3000 դրամ վճարը հանվել է։ 
«Իմիջիայլոց, մենք որոշում ենք կայացրել՝ էլեկտրոնային ստորագրության ստացման համար վճարները չեղարկելու ենք, այսինքն՝ էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար 3000 դրամ վճար էր նախատեսված, այդ 3000 դրամը կհանենք»,-ասաց Փաշինյանը: Թե ե՞րբ են այդ որոշումը կայացրել, ովքերով են կայացրել որոշումը, ինչու նախապես չի ասվել, որ մարդիկ չվճարեին այդ գումարը, պարզ չեղավ: 

Մեր աղբյուրներն ասացին, որ այս հայտարարությունն անակնկալ է եղել ինչպես «Էկենգ» ընկերության, այնպես էլ ՊԵԿ-ի ու ֆինանսների նախարարության համար: Եւ սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանն ինչ որ բան է հայտարարում` առանց պատկան կառույցների համապատասխան որոշումների եւ պետական կառույցները հետին թվով սկսում են իրենց աշխատանքը համապատասխանեցնել նրա հայտարարություններին, որ չպարզվի ՀՀ վարչապետը հերթական սուտն է «բլթացրել»: 

«Հրապարակ»-ի թղթակիցն իբրեւ շարքային քաղաքացի, որը պետք է էլեկտրոնային ստորագրություն ստանա, զանգահարեց «Էկենգ» ընկերություն։ Ընկերություն աշխատակցուհին ասաց․ «Հիմա Ձեզ հստակ պատասխան չենք կարող տալ, որովհետեւ մենք էլ չունենք այդ ինֆորմացիան։ Մի փոքր սպասեք, վճարում դեռ մի կատարեք։ Քանի որ քաղաքական հայտարարություն է արվել վարչապետի կողմից, կխնդրեմ մի փոքր սպասեք, մենք մեր էջում պաշտոնական տեղեկատվությունը կհրապարակենք։ Կայքում ներկայացված կլինի՝ անհրաժե՞շտ է վճարում կատարել, թե ոչ, հետ վերադարձ կա՞, թե՞ ոչ»։ Խոսքն այն մասին է, որ վճարումն իրականացրած մարդկանց վերադարձնելո՞ւ են 3 հազարական դրամները, թե ոչ: 

Հետաքրքրվեցինք` եթե անձը մինչեւ Փաշինյանի հայտարարություն անելն արդեն վճարել է 3000 դրամը, հետ կստանա՞ այդ գումարը, աշխատակցուհին ասաց՝ այդ հարցի պատասխանը չունի։ 

Մեր խոսակցությունից մոտ մեկ ժամ անց «Էկենգ»-ի կայքում հրապարակվեց պաշտոնական տեղեկատվություն, ըստ որի քաղաքացիները մեկ տարով ազատվում են 3000 դրամը վճարելուց։ Հայտարարության մեջ առհասարակ տեղեկություն չկա` արդեն վճարում արած քաղաքացիների գումարները հետ վերադարձնելու վերաբերյալ։ 
Գրված է. «էլեկտրոնային ստորագրության համար սահմանված տարեկան վճարից ազատման մասին. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն թվականի փետրվարի 1-ից: Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները հայտարարագրելիս»,-ասված է հայտարարության մեջ։

Լրացուցիչ հստակեցումներ ստանալու համար փորձեցինք կրկին կապվել «Էկենգ» ընկերություն, սակայն մեր հեռախոսազանգերին այլեւս չպատասխանեցին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image