Հարցազրույց

ԱՄՆ-ի համար մեկ է՝ ԹՐԻՓՓ կասեն, թե Զանգեզուրի միջանցք

ԱՄՆ-ի համար մեկ է՝ ԹՐԻՓՓ կասեն, թե Զանգեզուրի միջանցք

Մինչ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ընդդիմադիրներին մեղադրել ԹՐԻՓՓ-ը միջանցք որակելու համար, միջանցք տերմինը, այն էլ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումով ակտիվորեն կիառում են թուրք բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԱՄՆ-ի հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Նաեւ հանդիպում են, քննարկում են ՀՀ տարածքով անցնող ԹՐԻՓՓ-ը, սակայն այդ հանդիպմանը հարկ չեն համարում հրավիրել հայկական կողմի որեւէ ներկայացուցչի, թեկուզ ձևական:

«Հրապարակը» զրուցել է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Աբրահամյանի հետ:

-Թուրքական կողմը «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն է նախընտրում օգտագործել, այնինչ Փաշինյանը ընդդիմությանն է մեղադրում ԹՐԻՓՓ-ը միջանցք անվանելու համար: Ի վերջո, միջանցքի ու ճանապարհի միջև տարբերություն չտեսնող ՀՀ քաղաքացին ո՞ւմ հավատա՝ թուրքական կողմի՞ն, ՀՀ ընդդիմությա՞նը, թե Փաշինյանին:

-Թուրքերը կամ նույն ադրբեջանցիները ԹՐԻՓՓ-ը հստակ դիտարկում են որպես միջանցք: Միջանցքն իրենց կողմից դիտարկվում է որպես վերահսկելի տարածք, որն ապահովելու է իրենց կապն այն երկրների հետ, որոնք ներառված են Մեծ Թուրանի գաղափարախոսության մեջ, եթե դա չդիտարկենք որպես ռոմանտիկ, այլ դիտարկենք հստակ արտաքին քաղաքականություն, այսինքն, իրենց արտաքին քաղաքականության իրականացման քայլերից մեկն է այդ վերահսկելի ճանապարհն ունենալ, որը անվանվում է միջանցք: Սա է թուրքերի նպատակը:

-Միացյալ Նահանգներն էլ կարծես խնդիր չի տեսնում, որ ԹՐԻՓՓ-ի փոխարեն «Զանգեզուրի միջանցք» են անվանում այդ ճանապարհը:

-Այս դեպքում Միացյալ Նահանգներին առանձնապես հետաքրքիր չէ, թե թուրքերը ոնց են դա անվանում և ինչ նպատակներ ունեն, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկացած տարածաշրջան կամ ցանկացած հարց դիտարկում է որպես ԱՄՆ-ի շահերը սպասարկող մի օբյեկտ: Հիմա «Զանգեզուրի միջանցքը» կամ, ինչպես ամերիկացիներն են անվանում, ԹՐԻՓՓ-ը, կամ ինչպես այսօրվա իշխանություններն են անվանում՝ուղիները, ճանապարհները, ԱՄՆ-ն դիտարկում է իր համար շահեկան մի ճանապարհ, որի միջոցով հնարավորություն է ընձեռվում, օգտագործելով իր դաշնակցին, ստեղծել հստակ քաղաքական գործընթացներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ Միջին Ասիայում և ընդհանրապես Ռուսաստանի հարավում և արևելքում: Ահա այսպես են դիտարկում այս տարածքը և այնպես չի, որ արևմտյան քաղաքականությունը նոր է սկսել այս տարածքը դիտարկել որպես իր շահերի համար օգտագործման օբյեկտ: Սա բավականին վաղուցվա պատմություն ունի: Եթե վերհիշենք երկրորդ համաշխարհային պատերազմը, ապա այստեղ ևս ավարտից հետո, երբ որ սկսվեց սառը պատերազմը, դա միշտ դիտարկվել է որպես հնարավորություն՝ մտնելու Սովետական Միության մեջ: Եվ այդ միջանցքի գաղափարախոսությունը հենց այդ պատճառով Թուրքիայում հարյուր և ավելի տարի գոյություն ունի:

- Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախված է Փաշինյանի քայլերից և որ իրենք պատրաստ են կարգավորմանը, եթե դրա համար համապատասխան պայմաններ ստեղծվեն:

-Հաքան Ֆիդանի ակնկալիքը Հայաստանի իշխանություններից այն է, ինչ թուրքերը միշտ փորձել են ստանալ Հայաստանի Հանրապետությունից։ Դա այն բոլոր զիջումներն ու այն բոլոր նախապայմանների իրականացումն է, որոնց թուրքերը միշտ ձգտել են: Երբ մենք տեսնում ենք, որ այսօրվա իշխանությունը դեմ չէ իրականացնելու այդ բոլոր նախապայմանները, և այն քարտեզը, որն այս իշխանությունն օգտագործեց իր նախընտրական քարոզարշավի ժամանակ և ընտրություններից հետո դեռևս շարունակում է մնալ այդ ուղու վրա, դա հստակ ենթադրում է այդ նախապայմանների իրականացում:

-Ի՞նչ է դա նշանակում:

-Թուրքիան ունի մի քանի պահանջներ Հայաստանից․ դա Ցեղասպանության ճանաչման գործընթացից` պահանջատիրությունից հրաժարումն է, դա Ադրբեջանի հանդեպ ունեցած քաղաքականությունից վերջնական հրաժարումն է և նաև խաղաղության պայմանագրի կնքումն է Ադրբեջանի հետ, որը հնարավորություն կտա էլ ավելի հստակորեն իրականացնել այն քաղաքականությունը, որով նրանք, երբ 1990-ականներին Հայաստանը անկախացավ, ձեռք բերեցին Հայաստանի հանդեպ: Սա է Ֆիդանի բոլոր հայտարարությոնների իմաստը, որ Փաշինյանը պետք է շարունակի այդ զիջողական քաղաքականությունը Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ: Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները լիովին կապում է Ադրբեջանի հետ ունեցած Հայաստանի հարաբերություններին… Եթե հետ գնանք ու բոլոր թուրքական քաղաքական գործիչներին լսենք` Հայաստանի հետ կապված, ապա կտեսնենք, որ նրանք հայ-թուրքական հարաբերությունները կապում են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ: Կա Ադրբեջանի հետ խաղաղություն, կա Ադրբեջանի պայմանների իրականացում՝ «Զանգեզուրի միջանցք», Սահմանադրության փոփոխություն, և այլն, և այլն… Կարծում եմ, այսօրվա ամենանենգ խնդիրը, որ Թուրքիան դրել է Հայաստանի իշխանությունների առջև, դա Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ դրա փոփոխությամբ լուծվում է մի քանի խնդիր. հրաժարվում ենք պահանջատիրությունից, Ցեղասպանությունից, քանի որ այդ ամենը ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ: Նրանք ակնկալում են, որ այս ընտրությունների արդյունքում իրենք կկարողանան կատարել այդ սահմանադրական փոփոխությունները:

-Թուրքիայի համար ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները գոհացուցի՞չ էին:

-Կարծում եմ, որ գոհացուցիչ չեն և Ֆիդանի հայտարարությունն էլ կապված է այն հանգամանքի հետ, որ կարողանան շարունակել իրականացնել Սահմանադրության փոփոխությունը: Եթե նայեք, ապա կտեսնեք, որ անգամ ռևանշիստական մականուններ են կպցնում ընդդիմությանը թե Ադրբեջանում, թե թուրքական որոշ շրջանակներ: Բահչելիի հայտնի հայտարարությունը, նրանք փորձում են հնարավորինս զերծ պահել հայկական քաղաքական իրականությունը, այդպես կոչված, ռևանշիզմից, և ռևանշիզմը չի ենթադրում, որ Հայաստանը պետք է պատերազմ սկսի Ադրբեջանի դեմ, կամ Թուրքիայի դեմ, այլ դա հստակ ենթադրում է վերադարձ այն դիվանագիտությանը, որը կար մինչև 2018 կամ 2020 թվականը` նորից բանակացություններ տարատեսակ հարցերի շուրջ, որոնք Հայաստանը դրել էր որպես իր հիմնական քաղաքականության ուղղություն:

-Այսինքն, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի համար Հայաստանի հետ կապված ապագան որոշակիորեն մշուշոտ է և մտահոգի՞չ:

-Այո, հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվեն իրենց մտահոգությունները շատանալ, որովհետև հակառակ պարագայում կլինի այն, ինչ կլինի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image