Գանձաքար-Իծաքար հանրապետական նշանակության 35 կմ երկարություն ունեցող ավտոճանապարհի հիմնանորոգումը սկսվեց 2022 -ին, շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2023թ․ սեպտեմբերին։ Շինարարական աշխատանքներն իրականացնում էր «Խաչհար» ՍՊԸ-ն։ 2022 -ին այդ ընկերությունը ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածում թույլ գրունտի վրա ասֆալտապատում էր կատարել, ասֆալտը քանդվել էր, ընկերությունը այդ հատվածը նորից էր ասֆալտապատել։ Պայմանագրի ժամկետները խախտվել են, կառավարությունը խզել է «Խաչհար» ընկերության հետ պայմանագիրը, նշված ճանապարհի կառուցապատման համար նոր մրցույթ է հայտարարել։ Գանձաքար-Իծաքար ճանապարհի կառուցման նոր ժամկետ էր սահմանվել 250 օրը, այսինքն՝ 2024 թվականին ճանապարհը պետք է շահագործման հանձնվեր։
2024թ․ օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է Գանձաքար-Իծաքար ճանապարհի հիմնանորոգման ընթացքին, կառավարությունը ճանապարհի շահագործման ժամկետ է նշել 2025 թվականը։ Մի քանի անգամ խախտել են այդ կարևոր ճանապարհի շահագործման ժամկետը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել` ե՞րբ է շահագործման հանձնվելու ռազմավարական նշանակության այդ ճանապարհը։ Մարզպետը պատասխանել է․ «Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհի շինարարական աշխատանքների մոտ 60 տոկոսը ապահովված է, մնացած մասը կիրականացվի մինչև տարվա վերջ: Տեղեկացնեմ նաև, որ լրացուցիչ կառուցվելու է նոր կամուրջ»:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանին էլ տեղեկատվական հարցում արեցի․ «Իծաքար- Գանձաքար ճանապարհի հիմնանորոգումը ո՞ր թվականին է սկսվել, ե՞րբ է նախատեսվում ավարտել, ինչքա՞ն է ծրագրի ընդհանուր արժեքը։ Ներկայումս ո՞ր կազմակերպությունն է այդ ճանապարհը կառուցապատում։ Հիմնանորոգումն իրականացնող կազմակերպությունն ապահովո՞ւմ է պահանջվող որակը։ Աշխատանքների ավարտից հետո նորոգումն իրականացրած կազմակերպությունը քանի՞ տարի է իրականացնելու այդ ճանապարհի տեխնիկական և ձմեռային սպասարկումը»։
Հոկտեմբեր 24-ին հիմնադրամի գործադիր տնօրենից պատասխան եմ ստացել․ «Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Իծաքար-Գանձաքար) կմ5+600-կմ42+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին, սակայն որակական և ժամկետային պահանջների հետ կապված խնդիրների պատճառով 2023 թվականին կապալառուի հետ կնքված պայմանագիրը միակողմանի լուծվել է։ 2024 թվականին իրականացվել է նոր գնման ընթացակարգ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությունը՝ 4 157 609 828 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով։ Հիմնանորոգման աշխատանքների որակը հավաստված է լաբորատոր փորձարկումներով, իսկ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիան շինարարության ընթացքում պարբերաբար վերցնում է փորձանմուշներ և իրականացնում լաբորատոր փորձարկումներ»։
Բայց Հիմնադրամի գործադիր տնօրենի պատասխանում նշված չէ, թե բազմաչարչար այդ ճանապահը ե՞րբ է շահագործման հանձնվելու, աշխատանքների ավարտից հետո հիմնանորոգումն իրականացրած կազմակերպությունը քանի՞ տարի է իրականացնելու լեռնային բարդ տեղանքով ձգվող ավտոճանապարհի տեխնիկական և ձմեռային սպասարկումը։