Նախորդ դարավերջից Իտալիայում բնակվող, ազգությամբ հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը որոշել է քաղաքականությամբ զբաղվել: Եվ անվտանգային բնագավառում մի շարք լրջագույն հայտնագործություն է կատարել: Հայտարարել է, որ Ռուսաստանին ձեռնտու էր պատերազմը, Փաշինյանն էլ «տեր եղավ իր խոսքին, որ պատերազմ չի լինելու, և որ նա երկրորդ Նժդեհն է, որ ծնվեց և փրկեց Սյունիքը»: Խոսքի շարունակությունը պակաս հետաքրքիր չէ: «Ամսի 8-ին ծնվեց Հայաստանի Հանրապետությունը, իսկ մինչ այդ եղել է մարգինալ պետություն, որին ոչ մեկը լուրջ չի ընդունել: Ամբողջ աշխարհը ընդունեց, որ կա ՀՀ-ն և նրա սահմանները: Այլևս չենք ցեղասպանվելու: Աշխարհը ընդունեց, որ հայկական պետություն կարող է լինել»,- ասել է նա: Որքան տեղյակ եմ, Վիգեն Ավետիսը հայտնի քանդակագործ է, բայց չգիտեմ, թե ինչու է որոշել վերածվել նիկոլական մակարդակի քաղաքագետի: Ու դրա հետ միասին վստահաբար կորցրել է հիշողությունը. եթե չկորցներ, պետք է հիշեր, որ այն ժամանակ, երբ ինքը լքում էր հայրենիքը՝ Սյունիքը վտանգված չէր: Սյունիքը վտանգված չէր նաև դրանից բազում տարիներ անց: Մինչև այն պահը, երբ Փաշինյանի դրդած 44-օրյա պատերազմում խայտառակ պարտության կրեցինք: Ու որպես դրա արդյունք՝ եռակողմ հայտարարության 9-րդ կետի առումով տեղի ունեցան ոչ ցանկալի զարգացումներ:
Դա՝ մեկ, և երկրորդ. Հայաստանը մարգինալ պետություն է դարձել ոչ թե մինչև «ամսի 8-ն» ընդհանրապես, այլ 2018-ի իշխանափոխության հետևանքով մեր հայրենիքին պատուհասած արհավիրքների պատճառով: Իսկ մինչ այդ Հայաստանը չէին կարող լուրջ չընդունել, քանի որ պատերազմում հաղթող պետություն էր: Ու, ըստ այդմ, ոչ մեկն էլ կասկածի տակ չէր կարող դնել Հայաստանի սահմանները՝ որպեսզի մենք մի հատ էլ մտածեինք կրկին ցեղասպանվելու մասին: Ընդհակառակը, Արցախյան հաղթական պատերազմի շնորհիվ մեր միջից աստիճանաբար դուրս էր գալիս ղեղասպանված լինելու բարդույթը: Բայց Նիկոլի շնորհիվ այն կրկին վերականգնվեց հայության հոգում: Իսկ մեր պետությունն էլ աշխարհը ընդունել էր նախորդ դարի 90-ականների սկզբին՝ երբ ՀՀ-ն դարձավ ՄԱԿ-ի անդամ: Վատ է, որ հարգարժան արվեստագետն այդքան բաներ չի գիտակցում, բայց շատ ավելի վատ է, որ առանց մասնագետների հետ խորհրդակցելու՝ իր «հեղինակավոր» կարծիքն է հայտնում չգիտակցված հարցերի առնչությամբ: Ինչ մնում է պատերազմ լինելուն կամ չլինելուն, ապա, դժբախտաբար, այդ հարցերը լուծվում են ոչ թե Երևանում ու նույնիսկ ոչ էլ Վաշինգտոնում, այլ Ադրբեջանում, որի ղեկավարը շարունակում է ծնկած պահել Նիկոլին ու նրա միջոցով՝ Հայաստանը:
Զարմանալի է, սակայն արվեստագետից շատ չի տարբերվում քաղաքագիտության դոկտոր, տարածաշրջանային անվտանգության մասնագետ, ապա նաև կուսակցականապետ Շիրինյան Լևոնի կարծիքը: Վերջինս համոզված է, որ եռակողմ համաձայնագրից (ի գիտություն դոկտորի՝ համաձայնագիրը երկկողմ էր, եռակողմ էր հռչակագիրը), շահել է Հայաստանը: Որովհետև, ըստ Շիրինյանի, «… աշխարհի գերտերության ներկայությամբ հաստատվեցին ՀՀ սահմանները և պետության ինքնիշխան լինելու իրավունքը, և դադարեցվեց ադրբեջանական ներխուժման վտանգը, իսկ Ադրբեջանը տուժել է, որովհետև կես տարի առաջ չէր ընդունում ՀՀ գոյության իրավունքը, գոռում էր՝ ՀՀ-ն չպիտի զինվի»:
Նախ, սահմանների մասին. դրանք չեն հաստատվել, քանի որ նույնիսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է խոստովանել, որ դեռ երկար ժամանակ կպահանջվի սահմանազատման և սահմանագծման համար: Երկրորդ, պետության ինչ ինքնիշխանության մասին է խոսքը, երբ այդ պետության Սահմանադրությունը պահանջում է փոխել թշնամին ու պետության ղեկավարը դրա դեմ ոչինչ անել չի կարողանում: Երրորդ, թշնամական ներխուժման վտանգը չի վերացվում որևէ թղթով: Այն տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ նման փորձի ընթացքում ագրեսորը, բառիս բուն իմաստով, շան նման ծեծ է ուտում: Ինչը դժվար թե տեղի ունենա Նիկոլի վարչապետության օրոք, ու ենթադրում եմ, որ Շիրինյանը դա հասկանում է: Չորրորդ, ո՛չ եռակողմ հռչակագիրը և ո՛չ էլ երկկողմ համաձայնագիրը ստորագրելուց հետո Ադրբեջանը չի ընդունում Հայաստանի գոյության իրավունքը, նախ, Ֆրանսիայից պահանջելով դադարեցնել սպառազինության մատակարարումը, իսկ արդեն մատակարարվածը հետ վերցնել: Եվ ապա, շարունակում է խոսել ադրբեջանական համայնքի՝ պապենական հողեր վերադարձի իրավունքի մասին: Ինչին, ի դեպ, որևէ ձևով չի հակադրվում պաշտոնական Երևանը:
Եվ վերջապես ԱՄՆ դրոշը Սյունիքում տնկելու մասին. պարոնը վստահաբար մոռացել է, որ Նախիջևանի սահմանի մոտ արմատուրայի գործարան էր կառուցվում: Եվ, ի պաշտպանություն այդ կառույցի, տարածքում տեղադրվել էր երկու դրոշ՝ հայկականն ու ամերիկյանը: Սակայն դա չփրկեց ադրբեջանական անընդհատ կրակոցներից ու կառուցվող գործարանը տեղափոխվեց ավելի անվտանգ վայր: Շիրինյանի «հեղինակավոր» մնացած մտքերին անդրադառնալու կարիք չկա, քանի որ դրանք նրա ցանկություններն են, որ միշտ էլ կմնան այդ կարգավիճակում:
ՀԳ. Ի դեպ, երկկողմ է ոչ միայն նախաստորագրված համաձայնագիրը, այլև հռչակագիրը: Դա բացահայտել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով հռչակագրի անգլերեն տարբերակը: Որտեղ ԱՄՆ նախագահի անուն-ազգանունից առաջ նշված է «Witnessed by:» ձևակերպումը։ Ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Վկայի կողմից»: