Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որպես իր կողմից իրականացված, հաջողված ծրագիր է ներկայացնում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, սակայն իրականում այդ ծրագիրը, դրանում ընդգրկված դպրոցների, մանկապարտեզների թվերի ու կրթական այդ հաստատությունների շենքերի նորոգման, կառուցման ժամկետների իրականացման առումով, արդեն կարելի է ասել, ձախողված է։
2025թ․ դեկտեմբերի 24-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով մինչ այժմ Տավուշի մարզում ո՞ր դպրոցների եւ մանկապարտեզների շենքերն են կառուցվել, նորոգվել, քանիսի՞ կառուցումը, նորոգումն ընթացքի մեջ են»։
Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Ներկա դրությամբ վերանորոգվում են Թեղուտի միջնակարգ, Իջեւանի թիվ 4 հիմնական, Բերդավանի միջնակարգ, Տավուշի միջնակարգ, Բերդի թիվ 3 հիմնական դպրոցները։ Վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2026-ին։ 2026-ին կսկսվի Սարիգյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգումը։ Ավարտվել է Կիրանցի հիմնական եւ Գանձաքարի միջնակարգ դպրոցների կառուցումը։ Կառուցվում են Աղավնավանքի միջնակարգ, Լուսաձորի հիմնական, Սեւքարի միջնակարգ, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական, Այրումի միջնակարգ, Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ, Պտղավանի միջնակարգ, Դովեղի միջնակարգ, Նորաշենի միջնակարգ, Նավուրի միջնակարգ դպրոցները։ 2026 թվականին կսկսվի Կոթիի, Ոսկեվանի, Կողբի, Այգեձորի, Արծվաբերդի, Գոշի նոր դպրոցների կառուցումը»։
«300 դպրոց եւ 500 մանկապարտեզ» ծրագիրը, հիշեցնենք, նախատեսված է ավարտել 2026 թվականի սեպտեմբերին, սակայն այդ ծրագրով շատ դպրոցների շինարարությունը Տավուշի մարզում հիմքից կամ դրանց առաջին հարկից վերեւ դեռ չի բարձրացել, տարիներ են հարկավոր՝ այդ կրթօջախների շինարարությունն ավարտելու համար։ Այս տարի ծրագիրն ավարտվում է, սակայն Կոթիի, Ոսկեվանի, Այգեձորի, Արծվաբերդի, Գոշի նոր դպրոցների շինարարությունը նախատեսված է այս տարի սկսել, բայց դեռ հարց է` այս տարի դրանք կսկսվե՞ն։
«300 դպրոց եւ 500 մանկապարտեզ» ծրագրով որեւէ դպրոցի գործարկում բազմիցս տարփողվում է իշխանության կողմից, բայց չեն հայտնում, թե ծրագիրն ինչքան է նախատեսված ժամկետից ուշացել։ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում նշել է․ «ՀՀ կառավարության «500 մանկապարտեզ, 300 դպրոց» ծրագրով հիմնանորոգվում է Հաղարծնի մանկապարտեզը»։ ՔՊ-ական համայնքապետն իր հայրենի գյուղի՝ Հաղարծինի մանկապարտեզի հիմնանորոգմամբ այնքան է ոգեւորված, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի անունը թարս է գրել։
2025թ․ հոկտեմբերի 14-ին Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանին տեղեկատվական հարցում եմ արել կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով կատարված աշխատանքների մասին: Ս․ Բաղինյանը պատասխանել է. «Մինչեւ 2025 թվականի հոկտեմբերի 14-ը «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ընթացքի մեջ է 121 կառուցվող, 103 վերանորոգվող դպրոցի, ինչպես նաեւ՝ 13 կառուցվող մանկապարտեզի շինարարություն։ Տեղեկացնում ենք, որ 121 դպրոցից 48-ը կրթահամալիր է, որոնք ներառում են նաեւ մանկապարտեզներ։ Մինչեւ 2025 թվականի հոկտեմբերի 14-ը ավարտվել է 21 կառուցված դպրոցի եւ 6 մանկապարտեզի շինարարություն»։
Թե մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՀ-ում քանի դպրոց եւ մանկապարտեզ կառուցված, նորոգված կլինի, պարզ կդառնա 26-ի աշնանը, երբ հայտնի չէ, թե ով կլինի իշխանության։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր ո՞ր խոստման, ծրագրի համար է պատասխանատու եղել, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի համար պատասխանատու լինի։