Հայաստանյան մտավորականների խմբին օրեր առաջ ընդունած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսելով2020-ի պատերազմի եւ դրա հետեւանքների մասին, նաեւ իր վերլուծությունն է ներկայացրել պատերազմի ու պարտության պատճառների մասին։ Նա շեշտել է, որ սեպտեմբերի 27-ից առաջ էինք մենք պարտված, քանի որ պարտվել էինք դեմոգրաֆիական «պատերազմում»՝ «եթե ունենայինք 250-300 հազար բնակչություն, հաստատ չէինք պարտվի»։ Եւ սպառազինություների մոդեռնացման հարցում էինք ահռելի հետ մնացել աշխարհից։ Իսկ հոկտեմբերի 3-ին ինքը վերջնականապես հասկացել է, որ պարտվում ենք եւ ահազանգել է այդ մասին, բայց իրեն չեն լսել։
Ներկաները նաեւ հարցեր են տվել, թե ով իրեն ինչպես է պահել պատերազմի օրերին, ով ինչ դերակատարում է ունեցել պատերազմը վարելու հարցում, Արցախի նախագահը երկու անուն է հնչեցրել՝ իր հիացմունքը հայտնելով այդ անձանց մասին՝ ասելով, որ ինքն այդ օրերին իր համար «բացահայտում» է արել։ Մեկը, ըստ Արայիկ Հարությունյանի, Սեյրան Օհանյանն էր, ով ամեն օր իր կողքին է եղել՝ «փոքր երեխու նման, ինչ խնդրել եմ, արել է»։ Իսկ երբ մի քանի օր լուր չեն ունեցել Սեյրան Օհանյանից, ով Շուշիում է եղել եւ մտածել են, որ նա գերի է ընկել կամ զոհվել, անգամ արտասվել է։ Երկրորդ անձը, որին «բացահայտել է» Արցախի նախագահը, Արգիշտի Քյարամյանն է եղել, ով նույնպես իրեն զարմացրել է իր հայրենասիրությամբ եւ նվիրվածությամբ։ Իսկ Քյարամյանի անվան հետ կապվող ինկասացիայի մեքենայով փողերը Շուշիից դուրս բերելու թեման ամբողջովին հորինված թեմա է, որովհետեւ Շուշիի բանկերը դեռ նախորդ օրերին էին գումարները հանել Շուշիից։