Հասարակություն

Արմենի գնալով Երևանից պակասեց, Արմենը Երևանի մշակույթ էր

Արմենի գնալով Երևանից պակասեց, Արմենը Երևանի մշակույթ էր

Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգստյան արարողությանն այսօր ներկա էին մարդիկ  «Երևան հյուրանոց» -ից, ում Արմենը «գիտեր»։ Գրողներ, գրական միջավայրի մարդիկ, նկարիչներ, նախկին և ներկա պաշտոնյաներ, ինչ-որ մի պահից անգամ՝ Նիկոլ Փաշինյանը, որի անվտանգության աշխատակիցները եկել և նախապես  զննում էին տեղանքը։ Մի խոսքով․«Բոլոր մեղավորներն ու բեղավորները,անմորուսները և անբեղները, գիտունները, թերուսները,ու աննամուսները, բոլոր նկարիչները․ մուտիլովչիկներն ու սադրիչները,ենթակաները և վարիչները»։ 845 անունից շատերն արդեն չկան։ Առանձին մի խումբ էլ՝ եկեղեցու պատերի տակ կանգնած՝ նրա ընկերներից շատերը միմյանց պատմում էին Շեկոյանի հետ կապված, նրան շատ բնորոշող  պատմություններ․ նրա հումորի, կասկածամտության, դիպուկ բնորոշումների  մասին։

Լրագրողները միմյանց խոստովանում էին, որ շատ են դժվարացել որևէ բան գրել Արմենի մասին, որը չէր սիրում ճռճռան բառեր։

Շատ դժվար էր նաև ներկաներից ինչ-որ խոսքեր կորզել Արմեն Շեկոյանի մասին։

«Հրապարակի» հետ զրույցում «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանն ասաց՝ Արմենի հեռանալով Երևանից ևս մի բան պակասեց․

«Երևանից պակասում են Երևանի մարդիկ, Երևանի մշակույթը, Արմենի նման մարդը Երևանի մշակույթ էր, Արմենը արտիստ էր, իսկապես, եթե ոմանք կարծում են, որ Արմենը գրող էր, Արմենն ավելին էր, քան գրողը։ Գիտեք՝ շատերի համար են ասում, որ նոր բան է բերել գրականություն և այլն։ Բայց չես գտնում այդ նոր բանը, որ բերել է։ Արմենը իսկապես ամբողջովին նոր գրականություն է ստեղծել, հիմա որ նորից կարդում ենք Արմենի պոեզիան, Արմենի արձակը, հասկանում ենք, թե ինչ խորքերով ու ծավալներով է Արմենը ընկալել կյանքը։ Ինքը կյանքը շատ էր սիրում, ինքը կյանքի առումով շատ պրագմատիկ, շատ կյանքի մարդ էր և շատ ճիշտ էր տեսնում կյանքը, շատ ճիշտ ճանաչում էր մարդկանց։ Բայց ինքը նաև հաշտեցնող էր, ինքը կռիվ անող չէր։ Ինքը ցեմենտբետոն էր։ Եվ իսկապես ինքը բոլոր մուտիլովշիկներին, բոլոր գրամոլներին, խաղամոլներին ճանաչում էր և շատ խորքից էր ճանաչում, նրանց մշակույթն էր ճանաչում։ Նրանց շատերն են ճանաչում, բայց Արմենը ճանաչում էր հենց նրանց ներսը և նրանցով ամբողջ Երևանը ճանաչում էր»,-ասաց Արայիկ Մանուկյանը։

Նրա ամփոփմամբ՝ այդպիսին էր իր գրականությունը, որը մեր կյանքի, մեր ապրածի, ու,ցավոք, մեր ապրելիքի  մասին է։

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Արմենի Շեկոյան մարդուն, բանաստեղծին, երևանցուն բնորոշեց մեկ պարզ նախադասությամբ՝ Արմենը Երևանի աղն էր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image