«Գոյ» թատրոնի կառավարման խորհուրդն ու դերասանական անձնակազմը Նիկոլ Փաշինյանին են դիմել՝ «Գոյը» որպես մասնավոր թատրոն պահելու առաջարկով եւ ստորագրահավաք են կազմակերպել, որին միացել էր նաեւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Մեզ հետ զրույցում նա այսօր ասել էր, որ «Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանն է իրեն խնդրել՝ ստորագրել, իսկ ինքը չի իմացել, թե ինչ թղթի տակ է ստորագրում։ «Վստահելով երիտասարդին՝ ստորագրեցի։ Հետո պարզվեց, որ այդ ամենի մեջ բազմաթիվ իրավական, կազմակերպչական եւ այլ հարցեր ու խնդիրներ կան, որոնցից ոչ միայն տեղյակ չեմ եղել, այլ չեմ էլ հասկանում։ Անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում խառնվել այդ ամենին։ Խնդրանքս է՝ պահի ազդեցության տակ արված ստորագրությունս չշահարկել, կամ համարել հետ կանչված»,-ասել էր մաեստրոն։
Իհարկե, դերասան Սամվել Թոփալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թուղթը ներկայացնելիս Մանսուրյանին շատ հստակ ասել է, թե ինչի համար է այդ ստորագրությունը։ Բայց մեզ հետաքրքրեց, թե ինչու է Տիգրան Մանսուրյանը որոշել իր ստորագրությունը հետ կանչել:
Մեր տեղեկություններով, նրան հորդորել է դա անել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
Մենք կապվեցինք Վարդան Մկրտչյանի հետ, ով մեզ հետ զրույցում չխտեց իր դերակատարությունը եւ մանրամասներ հայտնեց. «Ստորագրահավաքից հետո մաեստրոն ցանկացել է ինձ հետ հանդիպել, զրուցել։ Մենք միշտ ենք հանդիպում՝ անկախ ամեն ինչից, վաղեմի բարեկամներ ենք։ Մաեստրոն ցանկացավ ինձ հետ զրուցել եւ հասկանալ շատ բաներ, շատ հարցեր ուներ թեմայի հետ կապված։ Ես իրեն չեմ ուղղորդել»,-ասաց Մկրտչյանը։
Հարցին՝ իսկ ինչպե՞ս եք ներկայացրել խնդիրն ու ստորագրահավաքի բովանդակությունը, որ Ձեզ հետ հանդիպումից հետո կոմպոզիտորը որոշել է ստորագրությունը հետ վերցնել, պատասխանեց․ «Ես չեմ ուզում մանրամասներ ներկայացնել իմ եւ մաեստրոյի զրույցից։ Պատմեմ, որ հանդիպում ենք ինչից ենք խոսու՞մ, դա ճիշտ կլինի՞։ Մաեստրոյի հետ հանդիպումներ ենք ունենում 1997թ․-ից»։
Սունդուկյան թատրոնի տնօրենը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ նաեւ «Գոյ» թատրոնի անձնակազմի ստորագրահավաքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ անձնակազմը դիմել էր Նիկոլ Փաշինյանին՝ թատրոնը հետայսու մասնավոր դարձնելու առաջարկով։
«Ես ավել բան չեմ ուզում խոսել այս թեմայի շուրջ։ Ուզում են մասնավոր թատրոն ունենալ՝ թո՛ղ ունենան, ո՞վ է իրենց խանգարում։ Բայց «Գոյ» թատրոնի տարածքը կառավարության որոշմամբ վերադարձվել է Սունդուկյան թատրոնին»,-ասաց նա։