Մի քանի օր առաջ Դիլիջան քաղաքում էի։ Քաղաքի կենտրոնում հառնում է մշակույթի կենտրոնի շենքը, որի նորոգումը 2022թ․ դեկտեմբերին է սկսվել։ Վերանորոգման աշխատանքները վաղուց կանգ են առել։ 1972 թվականին կառուցված մշակույթի պալատը նորոգվել է 1986 թվականին, որից հետո՝ 1988 թվականի երկրաշարժից վնասվել է։ Դիլիջանի մշակույթի պալատի շենքը հիմնանորոգման խիստ կարիք ուներ, քանի որ ծակ տանիքից անձրեւաջրերը ներս էին լցվում, քաղաքի կենտրոնական գրադարանի աշխատողները ստիպված էին գրքերը ծածկել ցելոֆաններով, գրադարակների կողքին դույլեր դնել, որ անձրեւաջրերը դրանց մեջ թափվեն։ Մշակույթի պալատի պատերի մեջ ճեղքեր կային, խոնավությունից գույքը փչացել էր, դահլիճն էլ անմխիթար վիճակում էր։
Դիլիջանի մշակույթի պալատի վերանորոգման սուբվենցիոն ծրագրի արժեքն ավելի քան 283 միլիոն դրամ է, որի 60 տոկոսը Դիլիջան համայնքի ներդրումն է։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության 2022թ․ դեկտեմբերի 23-ի լուրերի թողարկման ժամանակ հեռարձակված Դիլիջանի մշակույթի պալատի վերանորոգման վերաբերյալ ռեպորտաժում ասվում է, որ պալատի վերանորոգումը կտեւի մոտ մեկ տարի։ Ռեպորտաժն ավարտվում էր այս խոսքերով․ «Դիլիջանցիներն ասում են՝ շատին սպասել ենք, քչին էլ կսպասենք»։ Այդ «քիչն» ավելի քան 3 տարին է, նորոգման գործի վերջն էլ չի երեւում։ Հեռախոսազրույց ունեցա Դիլիջանի քաղաքային գրադարանի տնօրեն Աիդա Ափրոյանի հետ։ Նա ասաց, որ մշակույթի պալատի նորոգման պատճառով իրենք հարկադիր պարապուրդի մեջ են, գրադարանի 15 աշխատողները ստացել են իրենց աշխատավարձի 2/3-ը միայն, բայց այս տարվա սկզբից ամբողջական աշխատավարձ են ստանում։ Նա հայտնեց, որ մշակույթի պալատի վերանորոգումն իրականացնում է Վանաձոր քաղաքից մի շինարարական կազմակերպություն, նորոգումը ձախողելու համար Դիլիջանի համայնքապետարանն այդ կազմակերպության դեմ իրավական գործընթաց է սկսել։ Գրադարանի տնօրենն ասաց, որ մշակույթի պալատի նորոգումը կավարտվի 2026 թվականի վերջին` մինչեւ 2027 թվականը։
Բայց վերանորոգման գործը կանգնած է, ո՞րն է գրադարանի տնօրենի այս լավատեսության պատճառը։ Մինչ մշակութային մեծ օջախի նորոգումը կանգնած է, գրադարանի գույքը, գրքային ֆոնդը՝ 150 հազար գիրք, պարկերի մեջ տեղավորված են մշակույթի պալատի առաջին հարկում։ Տարեց դիլիջանցիները հիշում են, թե խորհրդային ժամանակ ինչպես էր մշակույթի պալատում եռում մշակութային կյանքը, այնտեղ գործում էին ժողովրդական թատրոն, ժողգործիքների, փողային գործիքների, էստրադային համույթներ։ Նկատենք, որ Դիլիջանում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ժամկետների խախտումը դարձել է սովորական բան, հիշեցնեմ քաղաքի Գետափնյա փողոցի, դրա հարակից բակերի կառուցապատման 874 միլիոնանոց ձգձգված ծրագիրը։ Ոչ միայն Դիլիջանում, այլեւ ողջ Տավուշի մարզում սուբվենցիոն բազում ծրագրերի իրականացման ժամկետները խախտվել են։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերից մինչեւ այդ տարեվերջ ավարտվել է ընդամենը 3 ծրագիր, 4 ծրագիր ավարտվել է մասնակիորեն, մյուս 8 սուբվենցիոն ծրագրերը՝ իրենց ենթածրագրերով, տեղափոխվել են 2026 թվական։ Իսկ Դիլիջանի մշակույթի պալատի նորոգման գործի սկզբից անցել է 3 տարի եւ 2 ամիս։ Թե երբ կշարունակվի նորոգումը, հայտնի չէ։