Վրաստանի՝ դեռևս գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին (պաշտոնավարման ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 16-ին, իսկ նոր նախագահի երդմնակալությունը դեկտեմբերի 29-ին է-Խմբ.) պատրաստ է հանդիպել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ՝ քննարկելու նոր խորհրդարանական ընտրությունների հարցը։
Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
«Անձամբ ես պատրաստ եմ հանդիպել, երբ նա ցանկանա։ Գիտեմ, որ դրսից շատերը պատրաստ կլինեն գալ ու ճնշում գործադրել նրա վրա։ Նոր ընտրություններ պետք է նշանակվեն, և դրանք պետք է շտապ նշանակվեն»,- ասել է Զուրաբիշվիլին ընդդիմության առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքով, պետք է ճնշում գործադրել Իվանիշվիլիի վրա ինչպես ներսից, այնպես էլ դրսից, քանի որ իշխող կուսակցության հիմնադիրը միակն է, ով որոշումներ է կայացնում երկրում։
Զուրաբիշվիլին ընդգծել է, որ իշխանությունների հակառակորդները պայքարի նոր փուլ են անցնում իրենց պահանջներին հասնելու համար և «կգրոհեն բոլոր ուղղություններով»։
«Շատ ժամանակ չի մնացել։ «Վրացական երազանքը» փորձում է արագ ընդունել նոր օրենքներ, որպեսզի շատ շուտով մեզ տեղափոխի ռուսական ռեժիմի տակ։ Մենք դա թույլ չենք տա»,- ասել է Վրաստանի գործող նախագահը։
Զուրաբիշվիլիի կոչը հնչել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական եզրակացության հրապարակումից հետո։ Ընդդիմությունը զեկույցն անվանել է «աննախադեպ բացասական»։
Կազմակերպությունը եզրակացրել է, որ «բազմաթիվ խնդիրներ բացասաբար են ազդել ընտրությունների ամբողջականության վրա և խարխլել գործընթացի նկատմամբ հասարակության վստահությունը»:
Միաժամանակ, զեկույցում նշվում է, որ դիտորդների լիազորությունները չեն ներառում ընտրությունների ճանաչում կամ հաստատում, և ընտրողները պետք է իրենց եզրակացություններն անեն։ «Վրացական երազանք»-ին բավարարել է զեկույցը։ Ըստ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ դա վկայում է այն մասին, որ ընտրություններն անցել են «ազատ և մրցակցային»։
Մեկնաբանությունները, ըստ վարչապետի, հիմնականում վերաբերում են տեխնիկական թերություններին և «առանձին բռնի միջադեպերին»։
Ավելի վաղ, Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի լքելու նախագահական նստավայրը, իսկ Կոբախիձեն նշել էր՝ առաջին անգամ է տեսնում, որ նախագահն այդքան կառչած լինի սեփական աթոռից:
Հիշեցնենք, Վրաստանի ընդդիմությունը վերջին շաբաթներին պարբերաբար բողոքի ցույցեր է անցկացնում ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկման, ինչպես նաև երկրի իշխանությունների ընդունած որոշման՝ մինչև 2028 թվականը սառեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցային գործընթացը:
Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը հրաժարվել են իրենց մանդատներից, իսկ ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչների նկատմամբ՝ դատապարտելով հավաքների և բողոքի ցույցերի ժամանակ ընդդիմության նկատմամբ կիրառված բռնի գործողությունները:
Հատկանշական է, որ վերջին երկու օրերին Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքների, երթերի ժամանակ արտակարգ միջադեպեր և բախումներ չեն գրանցվել, ինչը վկայում է, որ ընդդիմության կողմնակիցները, կարծես, որոշակի հիասթափություն ունեն ընդդիմության առաջնորդներից քայլերից:
Ի դեպ, ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաներից հետո Վրաստանի մեկ այլ նախկին նախագահ, այժմ հայրենիքում բանտարկված, Միխայիլ Սաակաշվիլին, որի հիմնած քաղաքական ուժը նույնպես մասնակցել է խորհրդարանական ընտրություններին և ոչ քիչ քվե ստացել, նույնպես որոշակի քննադատության էր արժանացրել գործընկեր ուժերին՝ նրանց կոչ անելով ավելի ակտիվանալ և ավելի արմատական պայքարի գնալ:
Բացսառված չէ, որ նրա մեսիջը լսել են և վերլուծել: Նույնիսկ կալանավայրում գտնվող, բայց քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող Սաակաշվիլիի վարկանիշը ժողովրդի ընդդիմադիր հատվածում ավելի մեծ է, քան գործող նախագահ Զուրաբիշվիլիինը: Պատահական չէր, որ ընտրությունների նախօրեին նա Վրաստանում ապրող փոքրամասնությունների ներկայացուցիչներին դիմեց մայրենի լեզվով, այդ թվում՝ հայերենով: Կոչ արեց՝ իրենց վճռական ոչ-ն ասել իշխանություններին:
Այնպես, որ քաղաքական «գրոհի» մասին Զուրաբիշվիլիի նախազգուշական «կրակոցը» լիովին տեղավորվում է Սաակաշվիլու մշակած ռազմավարական պայքարի տրամաբանության մեջ: Իսկ սա նշանակում է, որ Վրաստանում նոր ալեկոծություններ են սպասվում և պայքարը շուտով մտնելու է առավել արմատական փուլ: