«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը», ինչպես հայտնի է, շուրջ մեկ շաբաթ է՝ չի գործում։ Գրել էինք, որ գործարանի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերացնել աշխատանքների դադարեցումը և թույլ տալ շարունակել բնականոն գործունեությունը։
Աշխատակիցների խոսքով՝ ստեղծված իրավիճակը խաթարել է ողջ արտադրական գործընթացը, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես աշխատողների, այնպես էլ ձեռնարկության գործունեության վրա։
Գործարանի շշալցման բաժնի աշխատակից Գայանե Իսպիրյանը նշել է, որ աշխատողները տարիներ շարունակ գոհ են եղել ընկերության ղեկավարությունից և իրենց աշխատանքային պայմաններից։ Նրա խոսքով՝ իրենք չեն ցանկանում փոխել աշխատավայրը և ցանկանում են շարունակել աշխատանքը նույն պայմաններում։
«Մեզ համար պարոն Ծառուկյանը եղել է և՛ գործատու, և՛ աջակցող մարդ։ Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել նրա հետ։ Ցանկանում ենք, որ հնարավորություն տրվի շարունակել մեր աշխատանքը և վերադառնալ բնականոն ռեժիմի։ Մենք աջակցում ենք նրան և պատրաստ ենք լինել նրա կողքին»,- նշել է աշխատակիցը։