Հարցազրույց

«Հրապարակ»․ Թալիբանի ոճաբանությունը շատ վատ տեղ է տանում, իշխանությունը չի կարող լինել երկրի ամենառադիկալ օրգանը

«Հրապարակ»․ Թալիբանի ոճաբանությունը շատ վատ տեղ է տանում, իշխանությունը չի կարող լինել երկրի ամենառադիկալ օրգանը

«Հրապարակ»-ի հարցերին պատասխանում է «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանը:

- Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած աննախադեպ միջադեպը՝ ծեծկռտուք ուղիղ եթերում, պաշտոնատար անձանց կատարմամբ, ինչի՞ դրսեւորում էր, եւ ամենակարեւորը՝ բռնարար թաղապետն ընդամենը թեթեւ հոդվածով է անցնում եւ շարունակում է պաշտոնավարել, իսկ նրա քաղաքական ուժը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, որն իբրեւ թե եվրոպական արժեհամակարգ ունի, արդարացնում է տեղի ունեցածը: 

- Մենք այս երկրում հազար տեսակի բան ենք տեսել մեր անկախության ընթացքում՝ պատգամավորները պատգամավորների են ծեծել, ինչ-որ մարդիկ ինչ-որ մարդկանց դրսում են ծեծել, քրեական տարրերը ցուցարարների են ծեծել, բայց պետական շենքում քաղաքացուն 15 հոգով տեսախցիկների առաջ ծեծի ենթարկելու դեպքն անօրինակ լկտիություն է: Սրա համար է, որ ես այդ կազմին, որը փորձում է հանդես գալ եվրոպական արժեքների դիրքերից, սկսել եմ կոչել «եվրաթալիբան», որովհետեւ իրենք կրում են Թալիբանի արժեքները, ոչ թե եվրոպական արժեքներ, եւ խայտառակում են իրական եվրոպական արժեքները: Անկախ նրանից, թե որքան նյարդայնացած կարող են լինել քաղաքացիները, որքան բարեհունչ կամ ոչ բարեհունչ կարող են քննադատել, պաշտոնյան ուղղակի իրավունք չունի ծեծել քաղաքացուն, եւ այդտեղ «բայց»-եր, «իսկ»-եր չկան: Նման բան անում է Թալիբանը՝ Աֆղանստանում, նորմալ երկրում նման բան տեղի չի ունենում:

- Մինչեւ այս պահը չկա Նիկոլ Փաշինանի արձագանքը, որը շարունակ լոլոներ է կարդում օրենքի առաջ բոլորի հավասարության, պետությունը հարգելու, քաղաքակրթվելու եւ խնդիրները երկխոսությամբ լուծելու մասին, չնայած այն բանին, որ անձամբ պարբերաբար բռնության կոչեր է հնչեցնում: Հաշվի առնելով քաղաքային իշխանությունում ՔՊ-ի կախվածությունը «Հանրապետություն»-ից եւ այն, որ այս սատելիտ ուժն առաջիկա համապետական ընտրություններում դեռ կարող է ծառայություններ մատուցել Փաշինյանին, արդյո՞ք նա փակուղային վիճակում չէ, մի կողմից՝ «Հանրապետության» շանտաժն է, մյուս կողմից՝ հանրային ճնշումը՝ պաշտոնանկ անել թաղապետին:

- Ես կարծում եմ, որ եթե պետք լինի, Նիկոլ Փաշինյանը կգտնի ձեւ՝ ե՛ւ կոալիցիան պահելու, ե՛ւ համապատասխան պաշտոնյային պաշտոնանկ անելու․ խոշոր հաշվով, դա գնի հարց է, կարող է մեկ այլ կուսակցականի, օրինակ, փոխնախարար նշանակել` ավագանու անդամի փոխարեն, կամ մեկ այլ՝ որոշումներ դակող դատավորի քվոտա տալ ու այդ բարտերն անել, վերջացրած նրանով, որ Փաշինյանն ուղղակի կարող է քաղաքական «վիլկա» դնել՝ դատարանը համակցված խափանման միջոց կիրառի Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ՝ պաշտոնավարման կասեցում կամ արգելք: Այդ դեպքում հարցը շատ հեշտ ու արագ կփակվի՝ եղբայր, մենք հո քաղաքական որոշմա՞մբ չենք ձեր թիմակցին պաշտոնից հանել, դատարանն է՝ եկավ, որոշեց, բայց քվոտան ձերն է, կարող եք այլ կուսակցականի նշանակել: Այնպես որ, եթե Նիկոլին պետք լինի, նա ձեւը կգտնի: Ես կարծում եմ, որ Փաշինյանն ունի այն էլեմենտար քաղաքական բնազդը եւ հոտառությունը եւ հասկանում է, որ կատարվածից հետո չի կարող ոչինչ տեղի չունենալ, հետեւապես, ինքը ձեւը գտնելու է՝ այս հարցին լուծում տալու, իսկ Արամ Զավենիչի հետ պայմանավորվելու հազար եղանակ կա: Ի սեր Աստծո, աշխարհի ամենասկզբունքային մարդկանց հետ չէ, որ գործ ունենք: 

- Տեղի ունեցածն առաջին հերթին Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է թիրախավորում, տեսակետ կա, որ Փաշինյանի հապաղելը՝ հստակ դիրքորոշում հայտնել, կարող է պայմանավորված լինել ՔՊ-ի ներսում առկա խնդիրներով:

- Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է, այնպես որ, ես չեմ ուզում իրենց պալատական խարդավանքների ու մեկնաբանությունների մեջ մտնել՝ իր գիտությամբ են արել, թե ոչ իր գիտությամբ: Միանշանակ, կարող էին իր գիտությամբ անել, բայց դա այդպես է, թե ոչ՝ ինձ առանձնապես չի հետաքրքրում: 

- Եվ վերջին հարցը՝ այս իրավիճակն ի՞նչ ադեկվատ լուծում պետք է ստանա մի ուժի կողմից, որն իրեն որպես եվրոպամետ է դիրքավորում, եւ մի իշխանության կողմից, որը ժամանակին հայտարարում էր, թե մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է: 

- Պարկեշտ իշխանությունները, նախ, չէին մտնի Թալիբանի ոճաբանության մեջ եւ երկրում այսչափ ատելության մթնոլորտ չէին ստեղծի: Իրենք պետք է միշտ մեկ քայլ ավելի զուսպ լինեին, օրինակ, հեզությամբ տանեին այն քննադատությունը, որ դուք թալանում եք, շինարարություն լավ չեք իրականացնում եւ այլն: Այսինքն, քննադատությունը պետք կարողանային խոնարհաբար ու հեզությամբ տանել: Այս երկրում միշտ եղել է թալան, բայց երբ ինչ-որ մեկին ասում էին՝ դու թալանում ես, ինքը գնում, փակվում էր իր սենյակում, քեզ չէր արձագանքում, չէր ջղայնացնում, իսկ առանձնազրույցներում էլ ասում էր. դե, ընկեր, չգիտե՞ս այս երկրի ձեւը ոնց է՝ մեր գործը փող ուտելն է, ձեր գործը բողոքելն է, գնացեք՝ դուք ձեր գործն արեք, մենք էլ մեր գործն ենք անում, ի՞նչ եք ուզում մեզնից: Այդ մարդիկ գիտեին, թե ինչ են անում, հետեւաբար, հեզությամբ ու խոնարհաբար տանում էին դա: Այս մարդիկ, հերիք չէ, որ այդ տեքստերին ատելության տեքստով են պատասխանում, մի հատ էլ պատվախնդրության հարց են դնում, թե՝ մի րոպե, էդ ո՞ւմ ասիր, քեզ կսատկացնենք, կտեսնես: Այս՝ Թալիբանի ոճաբանությունը շատ վատ տեղ է տանում, իշխանությունը չի կարող լինել երկրի ամենառադիկալ օրգանը, որովհետեւ միշտ հասարակությունն ունենում է ավելի ծայրահեղ տարրեր, ու ցանկացած իշխանություն պետք է մեկ քայլ հետ դնողը լինի, իրավիճակը մեղմողը լինի, էսկալացիայի վրա մեկ քար պակասեցնողը լինի: Ամեն ինչ այստեղից էր պետք սկսել, եւ եթե ամեն ինչ սկսվեր այդտեղից, դաշտում նաեւ որոշակի կանոններ կգործեին, եւ եթե այդ կանոնները գործեին, եւ իրենց համհարզները չհամարձակվեին մարդկանց զանգել ու հայհոյել, այդ դեպքում մենք չէինք ունենա ընդդիմադիր ակտիվիստներ, որոնք քաղաքացիական ակցիա են անում։ Այստեղ շատ անկեղծ ու արդար պետք է ասեմ՝ Մասիվի թաղապետարանի ակցիայի ոճաբանությունն ինձ համար վուլգար է, ես չեմ համարում դա հանրային պրոբլեմների պասիվ բարձրաձայնելու լավ եղանակ եւ չեմ կարծում, որ հանրային գործիչների կերպարը պետք է այդպիսին լինի, որովհետեւ, եթե դու ուզում ես փոխել գոյություն ունեցող Թալիբանը, դու քո բարոյական, արժեքային եւ ոճական հարցերով իրենցից մի քանի անգամ բարձր պետք է լինես, ոչ թե մի քիչ իրենցից լավը: Ես չեմ համարում, որ դա խուլիգանություն է, բայց դա իմ սրտով չէ, ես նման հասարակություն չեմ պատկերացնում: Սակայն, եթե մենք երկրում չունենայինք այս ատելության մթնոլորտը, եթե իշխանությունը կարողանար խոնարհաբար տանել իրեն ուղղված քննադատությունը, չէին լինի նաեւ այդ դրսեւորումները եւ հետագա պատմությունները: Բայց եթե այս ամենը բաց է թողնվել ու կա, իմ պատկերացրած նորմալ իշխանությունները շատ կտրուկ միջոցներով կպատժեին թաղապետարանի բռնցքամարտի հեղինակներին՝ թաղապետին եւ նրա շքախմբին, ընդ որում, շատ հատուկ ու կտրուկ գործողություններով՝ կալանավորումով եւ հստակ ցույց տալով, որ տարբերություն կա այդ արարքների ծանրության ու պրոբլեմայնության մեջ, եւ այս ամենն անելուց հետո կսկսեին երկխոսությունը, թե ինչպես կարելի է անել, որ հարցերն այս կետին չհասնեին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image