Քաղաքականություն

Փոխադարձ ատելությունը ներսից խժռում է պետականության օրգանիզմը

Փոխադարձ ատելությունը ներսից խժռում է պետականության օրգանիզմը

Վաշինգտոնյան հռչակագիրը գովերգող գործող իշխանության սազանդարներից մեկը` ԱԺ ՔՊ-ական Թորոսյան Արսենը, չէր կարող բաց թողնել հարմար պահը՝ իր առաջնորդին աջակցելու առումով:

Քանի որ իշխանությունը թմրանյութի պես բան է՝ մի անգամ այն վայելելուց հետո մարդը ցանկանում է անընդհատ ընկղմվել դրա մեջ: Ու դրա համար անհրաժեշտ է անընդհատ թարմ պահել առաջնորդի նկատմամբ լոյալության դրսևորումը: Ինչ մնում է հռչակագրի վտանգը ներկայացնողների նկատմամբ բացասական տոնայնությանը, ապա դա որքան օբյեկտիվ, նույնքան էլ սուբյեկտիվ երեւույթ է. ամեն անձ դրսևորում է այն, ինչ ներհատուկ է միայն իրեն: Ինչևէ, անցնենք Թորոսյան Արսենի վերաբերմունքի գնահատմանը:

«Ինչքա՞ն կարելի է ատել սեփական պետությունն ու ժողովրդին, որպեսզի ունակ լինես քննադատել ցանկացած՝ բառի բուն իմաստով ցանկացած ձեռքբերում, և հատկապես դրանցից նշանակալիցները»,- գրել է վերջինս ֆեյսբուքյան իր էջում: Պատասխանեմ իր խոսքերով՝ ինչքա՞ն կարելի է արհամարհել սեփական պետությունն ու ժողովրդին, որպեսզի ունակ լինես գովաբանել ցանկացած, բառիս բուն իմաստով, ցանկացած ձախողում՝ էլ չասած նշանակալից լինելու- չլինելու մասին: Որովհետև մի երևույթ, որ դեռևս կյանքի չի կոչվել, նշանակալից ձեռքբերում համարելու դեպքում կարելի է հավասար իրավունքով այն գնահատել որպես նույն աստիճանի ձախողում: Հատկապես, որ դրա իրական վտանգներն ավելին են, քան երևութական դրական կողմերը:

Ինչ մնում է Թորոսյանի կողմից նախկիների օրոք իր ընդդիմադիր լինելը գովազդելուն ու, ի տարբերություն ներկա ընդդիմության, նրանց արածում դրականը տեսնելուն, ասեմ, որ ես էլ եմ եղել ընդդիմադիր, քննադատել եմ նրանց սխալներն ու թերությունները, բայց նաև նկատել և ողջունել եմ նախորդ վարչապետներից, օրինակ, Կարեն Կարապետյանի գործունեությունը: Բայց, որքան հիշում եմ, Թորոսյան Արսեն անուն-ազգանունով անձը դա չէր անում: Իսկ Կարապետյանի օրոք բավական երկար լճացումից հետո դրվում էին տնտեսական զարգացման հիմքերը:

Դա որպես տնտեսության վերաբերյալ հոդվածներ գրող, տնտեսության ոլորտի նախկին լրագրող եմ ասում: Ուղղակի Թորոսյանի առաջնորդ, «դուխով» գրությամբ գլխարկով Նիկոլի կողմից Սերժին մերժելու շարժումը տապալեց ամեն ինչ, այդ թվում տնտեսական հետագա ձեռքբերումների հիմքերը:

Ինչևէ, իրականությունն այն է, որ այսօրվա ընդդիմությունն, ի տարբերություն իշխանության, մտահոգված է միայն ու միայն հայրենիքի ճակատագրով: Իսկ իշխանությունը, հանուն նույն այդ իշխանության պահպանման, արհամարհանքով և ատելությամբ է լցված մարդկանց նկատմամբ, որովհետև ակնհայտ է, որ բացվել են 2018-ին խաբված ժողովրդի աչքերը: Այդ արհամարհանքն ու ատելությունը նյուտոնյան «ազդեցություն-հակազդեցություն» օրենքի զորությամբ փոխանցվում է իշխանությանը: Փոխադարձ ատելությունը ներսից խժռում է պետականության օրգանիզմը, բայց նրանք դա չեն հասկանում։

Ընդամենը փորձում են իրենց հասցեագրված ատելությունը փոխանցել ընդդիմության կողմը՝ առաջնորդվելով իրենց խիստ բնորոշ՝ «Այիբս քո վրա կդնեմ, դու կմղկտաս» թուրքական ասացվածքով:

Իշխանության իրական դեմքը՝ բռնություններ և այլն, բազմիցս ենք տեսել ու այսօր էլ շարունակում ենք տեսնել: Հանուն իշխանության պահպանման՝ գործող իշխանությունը փորձում է տեղեկատվական գրոհներով, լկտի ստերով և մանիպուլյացիաներով գովերգել մի գործընթաց, որը ոչ թե խաղաղություն և բարեկեցություն է բերելու մեզ բոլորիս, այլ վերջնահաշվում կորստյան է մատնելու Սյունիքը՝ ճիշտ այնպես, ինչպես մատնեց Արցախը:

Եվ եթե Արցախի կորստի դեպքում, այնուամենայնիվ, պահպանվում է մնացած երկիրը շենացնելու հնարավորությունը, ապա Սյունիքի կորստյամբ վերանալու է նաև այդ հնարավորությունը: Քանի որ նախ, կտրվելու է տնտեսությունը սնուցող՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան-Հնդկաստան կապը: Եվ երկրորդ, մեր երկիրը դարձնելու է Արևմուտքի՝ ի դեմս Թուրքիա-Ադրբեջան զույգի, և տարածաշրջանում Հայաստանի բնական դաշնակիցներ Ռուսաստանի ու Իրանի հակամարտության թատերաբեմը:

Եվ մի փոքրիկ, շատ փոքրիկ հարց. վաշինգտոնյան հանդիպումից մեկ-երկու օր առաջ Սյունիքով անցնող միջանցքի արտապատվիրակման՝ Հայաստանի համար վտանգավոր լինելը խոստովանեցին գործող իշխանության ներկայացուցիչները, իսկ հանդիպման արդյունքում դա վերածվեց պայծառ ապագայի գրավականի: Ինչպե՞ս էր դա հնարավոր… Գուցե այն հանգամանքի շնորհիվ, որ ավելի քան յոթ տարվա ընթացքում առաջին անգամ թորոսյանների առաջնորդին ընդունեցին Սպիտակ տանը և ողջունեցին նրան:

Այդ քարոզչական փուչիկը վստահաբար դրականորեն է ազդելու ժողովրդի տրամադրվածության վրա 2026-ի ԱԺ-ի ընտրությունների շեմին: Իսկ ի՞նչ է դա՝ եթե ոչ ժողովրդին հիմարի տեղ դնելու երևույթ: Եվ այդ իշխանության ներկայացուցիչը ժողովրդին ատելու մեջ մեղադրում է ընդդիմությանը:
ՀԳ. Հետաքրքիր է, ի՞նչ եղավ համաճարակի ժամանակաշրջանի քրեական գործը, որում, ըստ մամուլի հրապարակումների, ներառված էր այն օրերի առողջապահության նախարարը, ում մեծ «սերը» ժողովրդի նկատմամբ դրսևորվեց քովիդով պայմանավորված՝ մահացածության բարձր աստիճանով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image