Բագրատ Սրբազանի գլխավորած «Սրբազան պայքարի» ամենավճռորոշ օրերին «Հանրային հեռուստաընկերությունը» մի խայտառակ ռեպորտաժ էր պատրաստել՝ ծայրից- ծայր ապատեղեկատվությամբ լեցուն։ Իբր «Բագրատ Գալստանյանի «որդին» ադրբեջանցու հետ քննարկում է կառավարությունը գրոհով վերցնելու ծրագիրը» վերնագրով ռեպորտաժի գլխավոր հերոսը Դավիթ Հարությունյան անունով մի երիտասարդ է, որն, ըստ լրագրողի՝ Երեւան-Բաքու տեսակապով ադրբեջանցի բլոգերին պատմում է՝ օրվա վերջում կառավարության շենքը գրոհով վերցնելու մասին։
Հանրային հեռուստաընկերության լրագրողը մեկ այլ կեղծիք էլ է տարածել, թե Դավիթ Հարությունյանը Ռոստովից Հայաստան է տեղափոխվել Բագրատ Սրբազանին աջակցելու համար, ինչը բացարձակ սուտ է։ Հայտնի ռեպորտաժից ամիսներ անց «Հրապարակը» կառավարության շենքի առջեւ հանդիպել է երիտասարդին, եւ փորձել հասկանալ, թե ով է նա, որտեղից է եկել, ինչ առնչություն ունի Բագրատ Սրբազանի հետ, եւ վերջապես` ի՞նչ առնչություն ունի ադրբեջանցի բլոգերի հետ։
-Ո՞վ ես դու, ի՞նչ կապ ունես Բագրատ Սրբազանի հետ, ի՞նչ կապ ունես ադրբեջանցի բլոգերի հետ։
-Ես «էֆիր» էի անում «տիկ-տոկով», ադրբեջանցի բլոգերը մտավ, ես էլ իրեն դեզինֆորմացիա տվեցի։ Ես ամեն օր կառավարության շենքի մոտ ուղիղ եթեր եմ անում, հերթական եթերի ժամանակ մտավ, ու հարցեր տվեց, դե նա թշնամի ա, ինչի՞ պիտի ճշմարտությունը ասեմ, ես իրեն խաբեցի։ Հ1-ը դիտավորյալ եթեր չի տվել իմ լայվի այն հատվածը, որտեղ այդ ադրբեջանցի բլոգերին ասում եմ, որ մեր հողերը հետ ենք վերցնելու, իրենց էլ ուղարկելու ենք իրենց երկիր։ Ուզում էին ինձ թշնամի սարքեի՞ն: Չնայած իրենց համար ես թշնամի եմ, որովհետեւ ամեն օր պայքարում եմ էս իշխանության դեմ։
-Բագրատ Սրբազանին որտեղի՞ց գիտես, ո՞վ էր ասել, որ մտադրություն կա կառավարության շենքը գրոհով վերցնելու։
-Ճանաչում եմ իր ցույցերից, բայց Բագրատ Սրբազանը կյանքում չի ուզել նման գործողություններ անել, ուղղակի երբ ադրբեջանցին ինձ հարցրեց՝ ինչ եք ուզում անեք, ես իրեն ապատեղեկատվություն տվեցի։ Շատ տգետ տեսանյութ են պատրաստել իմ մասին, որը բացարձակ սուտ է։ Նրանք շատ լավ գիտեն, որ ես իրավապաշտպան եմ, դեռ վաղուց եմ Հայաստանում՝ 2019թ․-ից։ Երբ կորոնավիրուսը նոր էր տարածվել, օգնում էի շատերին հետ գնալ Ռուսաստան։ Չեն կարող իմ հասցեին վատ բան ասել, որովհետեւ 2020թ․-ից զբաղվում եմ զինվորին օգնելով։
-Քո եւ ադրբեջանցի բլոգերի կապի մասին պատմիր։
-Ես կապ չունեմ իր հետ, ուղղակի «տիկ-տոկում» լայվ եմ եղել, մտել է` խոսել է եւ վերջ։ Հետո նորից մտել է, ուզել է հայերի վրա հումորներ անի, բայց ես իրեն տեղն եմ դրել, հայ ժողովրդի պատիվը բարձր եմ պահել։
-Քո եւ ադրբեջանցի բլոգերի հայտնի ռեպորտաժից հետո իրավապահ մարմինները, ոստիկանությունը փորձե՞լ են քեզ գտնել։
-Ոչ, որովհետեւ բոլորն էլ գիտեն, թե ես ով եմ։
Մանրամասն՝ տեսանյութում