Հունիսի 21-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով «Հրապարակ» թերթը զրուցել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի հետ։
- Պարո՛ն Ասլանյան, ձեր համայնքում ի՞նչ իրավիճակ է, արդեն արտահերթ ընտրությունների տրամադրություններ կա՞ն։
- Կոնկրետ ես չեմ նկատել։
- Ձեզ հետ արդեն կապ հաստատե՞լ են այդ թեմայով։
- Ի՞նչ է նշանակում կապ հաստատել։
- Դե որ նախապատրաստվեք։
- Չէ, դա մեր ֆունկցիոնալ պարտականությունների մեջ է մտնում։ Մեզ որևէ մեկը պետք չի, որ ասի, նախապատրաստվենք։ Երբ որ ընտրությունների մեկնարկն այսպես ասած կտրվի, այդ ժամանակ մենք, ըստ Ընտրական օրենսգրքի, մեր գործառույթները կիրականացնենք։ Այս պահին որևէ նախապատրաստություն, նույնիսկ ինչ-որ տրամադրություններ չկան։ Նույնիսկ նմանատիպ խոսակցության էլ ականատես կամ ականջալուր չեմ եղել։
- Փորձո՞ւմ են իշխանությունները Ձեզ վրա ճնշում գործադրել, օրինակ՝ մարդ հավաքելու համար։
- Ոչ։ Ոչ ոք այդպիսի բան չի կարող։
- Երկրում իրավիճակի հետ կապված ի՞նչ գնահատականներ ունեք։
- Դրանք քաղաքական պրոցեսներ են, որոնք Սահմանադրության, գործող օրենքի շրջանակներում պիտի որ լուծում ստանան։ Իմ գնահատական այնքան է, որքանով որ տեսանելի։
- Իսկ ընտրությունները կթուլացնե՞ն իրավիճակը կամ լուծում կհանդիսանա՞ն։
- Նայած ինչ հանգուցալուծում կստանա, նայած ինչ իրադրության մեջ կանցնեն ընտրությունները։ Ահագին բանից է կախված։ Որևէ մեկը միանշանակ «այո» կամ «ոչ» ասել չի կարող։ Ըստ էության, սա է հանգուցալուծման միակ տարբերակը, տեսնենք, կանխատեսումներ չունեմ։
- Արդեն որոշե՞լ եք՝ որ ուժին կսատարեք։
- Բայց Դուք, օրինակ, գիտե՞ք՝ որ ուժերն են մասնակցում կամ ե՞րբ են ընտրությունները։ Ընտրությունների մեկնարկը կտրվի, ամեն մարդ իր խղճի մտոք, իր քաղաքական հայացքներին կամ տրամադրություններին հատուկ կգնա-կքվեարկի։ Այս պահին անկեղծորեն որևէ բան չեմ կարող ասել, որովհետեւ ինձ համար գոնե հասկանալի չէ որևէ բան։