Քաղաքականություն

Գյումրու ՏԻՄ ընտրություններին քվեարկելու են հնդիկները, վրացիները, ուկրաինացիները եւ այլք

Գյումրու ՏԻՄ ընտրություններին քվեարկելու են հնդիկները, վրացիները, ուկրաինացիները եւ այլք

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների ընտրողների թիվը, որը կազմում է 112160։ Նկատելի է, որ նախորդ ընտրությունների համեմատ՝ ընտրողների թվաքանակը կտրուկ շատացել է ։ Այդ ցուցանիշը տարօրինակ է թվացել շատերին եւ ոմանց կարծիքով նոր սկանդալի հիմք է։

Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը նշում է․ «2021 թվականի ԱԺ ընտրություններում Գյումրի համայնքում ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 122.118 ընտրող։
2021 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում` 109.453 ընտրող։

2025 թվականի ՏԻՄ ընտրություններում` ըստ ԿԸՀ հրապարակած թվերի` 112.160 ընտրող։
Ստացվում է` 2021 թվականի ընթացքում միայն Գյումրում (մոտ 4 ամիս տարբերությամբ, որը ողջամիտ կասկածի տեղիք է տալիս` ընդհուպ մինչև ընտրությունների արդյունքների անաչառության տեսանկյունից), ընտրողների թվի տարբերությունը կազմել է` 12.665:

Ներկայումս հրապարակված տվյալներով ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թվի տարբերությունը (ՏԻՄ ընտրություններ), 2021 թվականի թվի նկատմամբ կազմում է` 2707 ընտրող»։ Ավագանու անդամին նաև հետաքրքրում է, թե ինչպես այդքան զգալի տարբերությամբ ավելացավ ընտրողների թիվը:
Արդյո՞ք Գյումրիում ընդգրկվել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, թե՞ տարբերությունը կապված է այլ հանգամանքներով։

Մինչ ոմանք կարծիքներ են հայտնում, թե գուցե Ջավախքի տվյալների հաշվին են  կեղծված թվերը, կամ  իսկապես արցախցիների, Նարեկ Միրզոյանը պաշտոնական պարզաբանում է պահանջել՝ նշելով․ «Մեր խնդիրն է ստանալ պաշտոնական պարզաբանում»։

ՀՀ ներքին գործերի նախարարությունը մի երկարաշունչ պարզաբանում է ներկայացրել, որից առանձնացրել ենք այն հասկանալի մասը,  ըստ որի՝  Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք համամասնության ընթացակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների ընտրելու իրավունք ունեն 112160 անձ, այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած 921 անձ, ինչպես նաև 2206 օտարերկրա պետության քաղաքացի, ովքեր մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում Գյումրի համայնքում»։
Ինչպես պարզ է դառնում տարածված հաղորդագրությունից` 921 Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ընդգրկվել են ընտրական ցուցակներում։ Եվս 2206 օտարերկրա պետության քաղաքացիներ իրավունք ունեն մասնակցելու քվեարկությանը (մասնավորապես` Ռուսաստանի,Ուկրաինայի,Հնդկաստանի,Վրաստանի և այլն)։

Ինչ վերաբերում է Ջավախքին, Hraparak.am-ի հետ զրույցում Նարեկ Միրզոյանն ասաց․ «Բնականաբար, ՆԳՆ-ն որևէ կերպ չէր կարող անդրադառնալ դրան, հո չէին ասելու՝ բերել-գրանցել ենք․․․․ ։ Մենք պետք է շատ աչալուրջ լինենք, հսկողության տակ պահենք, եւ մարտի 10-ին, երբ որ ոստիկանությունը ընտրական ցուցակները հրապարակի, շատ ուշադիր ենք լինելու եւ հետևելու, որ ընտրական ցուցակներում էական տարբերություններ չլինեն, կասկածները փարատվեն»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image