Հարցազրույց

«Հրապարակ». Ինչու Փաշինյանը չճանաչեց Արցախի անկախությունը, բայց ճանաչեց Պաղեստինինը

«Հրապարակ». Ինչու Փաշինյանը չճանաչեց Արցախի անկախությունը, բայց ճանաչեց Պաղեստինինը

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն է:

- ՄԱԿ-ի ամբիոնից Պաղեստինը ճանաչելու մասին հայտարարեցին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Բելգիան, Մոնակոն, Մալթան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան՝ միանալով 145 այլ երկրների կողմից ճանաչման գործընթացին: Ինչո՞վ կբացատրեք միջազգային համայնքի պահվածքը:

- Մի շարք պետությունների նման ակտիվությամբ հայտարարությունները, ըստ ամենայնի, պայմանավորված են առնվազն 2 հանգամանքով՝ առաջին. Պաղեստինի օկուպացված տարածքների, այդ թվում՝ Արեւելյան Երուսաղեմի եւ Իսրայելի հարցերով ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննող հանձնաժողովը 2025թ. սեպտեմբերի 16-ին հրապարակած իր նոր զեկույցում Գազայի հատվածում Իսրայելի իշխանությունների գործողությունները որակել է որպես ցեղասպանություն: Իսկ համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված կոնվենցիայի 1-ին հոդվածի՝ կոնվենցիային միացած 153 պետություններն ունեն պարտավորություն՝ կանխարգելելու ցեղասպանություն որակվող հանցագործությունը եւ պատժելու նրան, ով կատարել է նման հանցագործություն: Երկրորդ. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 2025թ. սեպտեմբերի 22-ին արած հայտարարությամբ. «Հորդանանի արեւմուտքում Պաղեստին պետություն չի լինի»:

- Մակրոնը հուլիսին հայտնել էր Պաղեստինը ճանաչելու մասին. «Հրատապ անհրաժեշտությունը Գազայում պատերազմի դադարեցումն ու քաղաքացիական բնակչության փրկությունն է»: Ինչու Արցախի հետ կապված նույնը չարվեց:

- 2020թ. նոյեմբերի 25-ին, դեկտեմբերի 3-ին եւ 2022թ. նոյեմբերի 15-ին ու 20-ին Ֆրանսիայի օրենսդիր մարմնի զույգ պալատները՝ Ազգային ժողովն ու Սենատը, ընդունել են Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձեւեր՝ կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Չնայած 4 բանաձեւ-առաջարկություններին, Ֆրանսիայի կառավարությունը մինչ օրս չի ճանաչել Արցախի անկախությունը: Երբ 2020-ին օկուպանտ եւ ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորում Ադրբեջանն արցախահայության գլխին լցնում էր մասսայական ոչնչացման զենք՝ ֆոսֆոր, արդյո՞ք Արցախի քաղաքացիական բնակչության փրկությունն այդ ժամանակ հրատապ անհրաժեշտություն չէր, ինչպես Պաղեստինի քաղաքացիական բնակչության վերաբերյալ գրել է Ֆրանսիայի նախագահը: Երբ 2022 թ․ դեկտեմբերի 12-ից մինչեւ 2023թ. սեպտեմբերի 19-ը Ադրբեջանը, արգելափակելով Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին, ցեղասպանության էր ենթարկում արցախահայությանը, արդյո՞ք Արցախի քաղաքացիական բնակչության փրկությունն այդ ժամանակ հրատապ անհրաժեշտություն չէր, ինչպես Պաղեստինի քաղաքացիական բնակչության վերաբերյալ գրել է Ֆրանսիայի նախագահը: Երբ 2023-ին Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ կոտորում էին արցախահայությանը, արդյո՞ք Արցախի քաղաքացիական բնակչության փրկությունն այդ ժամանակ հրատապ անհրաժեշտություն չէր, ինչպես Պաղեստինի քաղաքացիական բնակչության վերաբերյալ գրել է Ֆրանսիայի նախագահը:

- Չե՞ք կարծում, որ Ֆրանսիան՝ իբրեւ ԵՄ առանցքային պետություն ժամանակին կարող էր նախադեպ ստեղծել եւ փրկել Արցախը Բաքվի ցեղասպան քաղաքականությունից:

- Այո, եթե Ֆրանսիայի կառավարությունը ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը, ապա դա կարող էր փոխել իրադարձությունների ընթացքը հօգուտ Արցախի եւ նրա ժողովրդի: Քանզի եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող, Եվրոպայի ամենախոշոր եւ ազդեցիկ երկիր Ֆրանսիան ճանաչեր (ճանաչի) Արցախի Հանրապետության անկախությունը, ապա դրանով կստեղծվեր (կստեղծվի) նախադեպ, եւ մեծ է հավանականությունը, որ Ֆրանսիայի օրինակին կհետեւեին (կհետեւեն) ՄԱԿ-ի անդամ այլ պետություններ եւս: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերոնշյալ հայտարարությունը վկայում է, որ Ֆրանսիան առաջնորդվում է երկակի ստանդարտներով: Հետեւաբար, մենք պետք է դուրս գանք մեր խնդիրներն այլոց օգնությամբ լուծելու անհուսալի մտայնությունից եւ դրանք լուծենք մենք եւ միայն մենք՝ առաջնորդվելով մեր ազգային, պետական շահերով: Ոչ մեկից չպետք է սպասել օգնություն: Ստեղծված ճգնաժամից պետք է դուրս գանք ինքնուրույն:

- Արցախի անկախության ճանաչման հարցը ցավոտ է, ի տարբերություն Պաղեստինի, եթե հաշվի առնենք նաեւ ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը:

- Ինչպես հայտնի է, 2024թ. հունիսի 21-ի հայտարարությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը, «վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին եւ ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին», ճանաչում է Պաղեստին պետությունը: Այս առնչությամբ ողջամտորեն առաջանում են հետեւյալ հարցերը. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը, բայց ճանաչեց Պաղեստինի պետությունը, պետությանը ներկայացված ո՞ր չափանիշ(ներ)ին է բավարարում Պաղեստինը, որին չի բավարարում Արցախի Հանրապետությունը: Եթե Նիկոլ Փաշինյանի վարչակազմը վերահաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքին եւ ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության եւ խաղաղ համակեցության սկզբունքներին, ապա ինչո՞ւ չի ճանաչել միջազգային իրավունքի բծախնդիր պահպանմամբ իր անկախությունը հռչակած եւ պաշտպանած, ինքնիշխան Արցախի Հանրապետության անկախությունը: Դեռեւս 1933թ. դեկտեմբերի 26-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ամերիկյան 20 պետություն, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ընդունել է «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» կոնվենցիան, որի 1-ին հոդվածի համաձայն՝ պետությունը պետք է բավարարի հետեւյալ չափանիշներին՝ 1. մշտական բնակչություն, 2. որոշակի տարածք, 3. կառավարություն, 4. այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն:
Արցախի Հանրապետությունը լիովին բավարարել է Մոնտեվիդեոյի կոնվենցիայի 1-ին հոդվածով պետությանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, ներկայացվող չափանիշներին: Վերոնշյալն անհրաժեշտ եւ բավարար հիմք էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը: Բայց նա չարեց դա: Փաշինյանն ուներ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու եւս 3 աներկբա հիմք:
• 2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը երրորդ անգամ հարձակվել է Արցախի Հանրապետության վրա:
• 2023թ. ապրիլի 23-ին, երբ օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) հայտարարությունը, Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Քաշաթաղի շրջանով անցնող ճանապարհահատվածում՝ Հակարիի կամրջի մոտ, տեղադրել է ապօրինի հսկիչ անցագրային կետ եւ 9 ամիս շրջափակման մեջ պահել արցախահայությանը՝ ենթարկելով ցեղասպանության:
• 2023թ. սեպտեմբերի 19-ին, երբ օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը չորրորդ անգամ, դիմելով ագրեսիայի, հարձակվել է Արցախի Հանրապետության վրա: Բոլոր հարմար դեպքերում էլ Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ է մնացել՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը: Նա չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը ոչ թե ելնելով քաղաքական աննպատակահարմարությունից, այլ՝ որովհետեւ Արցախը համարել է Ադրբեջանի մաս: Այս համոզմունքը նրա մոտ ունի առնվազն գրեթե 2,5 տասնամյակի պատմություն: Դեռեւս 1999թ. ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը, որպես «Օրագիր» թերթի խմբագիր, հայտարարել է, որ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, հետեւաբար՝ Հայաստանը ղարաբաղցիների հայրենիք չի կարող համարվել. ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են»: Այսպիսով, ունենալով բոլոր անհրաժեշտ եւ բավարար հիմքերն ու պատճառները՝ Նիկոլ Փաշինյանը չի ճանաչել հազարամյակների հայկական արմատներ ու պատմություն ունեցող, իրավական առումով անթերի հռչակված Արցախի Հանրապետւթյան անկախությունը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image