Քաղաքականություն

«Խի դա իրան պալո՞ժ ա»

«Խի դա իրան պալո՞ժ ա»

«Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ։ Ոչ թե ֆունկցիայի իրականացումից ենք վտանգ տեսել, այլ հենց վարձակալությունից»,- ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Եղոյան Արմանը։ Դրան ծանոթանալով՝ մտածեցի, թե, հետաքրքիր է, երբ և ինչի արդյունքում են Եղոյանենք տեսել այդ վտանգը: Որովհետև ընդամենը մի քանի օր առաջ Արմանին պատգամավոր դարձրած Փաշինյան Նիկոլը 180 աստիճանով հակառակ բան էր ասում ու նույնիսկ դա փորձում էր հիմնավորել հայկական ենթակառուցվածքային միավորները (ԱԷԿ, երկաթգիծ, ջրամատակարարում և այլն) օտար երկրներին վարձակալության տրամադրելու  հանգամանքով: Իսկ պետության ղեկավարի խոսքն, ինչպես գիտենք, օրենք է՝ նույնիսկ եթե այն անհեթեթություն է, սխալ կամ կեղծիք: Հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին հայաստանյան «ժողովրդավարության բաստիոնն» է կամ «ժողովրդավարության փայլուն Հյուսիսափայլը»: Չէ, կներեք, սխալվեցի. պարզապես՝ «ժողովրդավարության փայլուն աստղը»: 

Արմանի խոստովանությունում առկա երկրորդ միտքն ինձ մտատանջության մեջ գցեց: Ի՞նչ է նշանակում «վտանգ ենք տեսել ոչ թե ֆունկցիայի իրականացումից, այլ վարձակալությունից» արտահայտությունը»: Եթե իրավաբանի առաջնային (երկրորդը պատմաբան լինելն է) Արմանն այդ երկու երևույթն իրարից անջատում ու տարբերակում է, ապա դա նշանակում է, որ ես ինչ-որ բան չեմ հասկանում՝ լինելով ոչ իրավաբան (և ոչ էլ պատմաբան): Իսկ քանի որ չտառապելով կեղծ համեստությամբ՝ ես գիտակցում եմ, որ ունակ եմ բազմաթիվ երևույթներ ընկալելու, իսկ Արմանի ասածն, օրինակ, չեմ հասկանում: Որովհետև ֆունկցիոնալություն կոչվածն ինքնին գոյություն չունի, այն պետք է լինի կոնկրետ ինչ-որ երևույթի ֆունկցիոնալություն: Եվ քանի որ Արմանի վերադասը վերջին մեկ ամիսը հոգևոր տվայտանքների մեջ է ընկել՝ օրինակ բերեմ հենց այդ ոլորտից: Քրիստոնեության մեջ առկա է Հոր, Որդու և Սուրբ Հոգու միասնության ընկալումը: Նոր Կտակարանում Սուրբ Հոգին հանդես է որպես Հայր Աստծո զորություն: Եվ եթե չլիներ (մեղա՜, մեղա՜) Հայր Աստվածը, ապա որտեղի՞ց էր հայտնվելու Սուրբ Հոգին:

Ի՞նչ է նշանակում այս ամենը և ինչո՞ւ է գրվել այս հոդվածը: Որպեսզի ցույց տրվի, որ եթե հազարից մեկ գործող իշխանությունը հետնահանջ է արձանագրում, ապա դա ներկայացվում է ինչ-որ առանձնահատուկ լույսի ներքո: Տվյալ դեպքում, իբրև թե վտանգ է պարունակում վարձակալության տրամադրելու երևույթն ինքնին, և ոչ թե, չգիտես ինչ երևույթի, ֆունկցիայի իրականացումը: Կենցաղային լեզվով ասած՝ մարդիկ ընդունակ չեն ասելու, որ կներեք, ք.ք ենք կերել, սխալվել ենք ու որոշել ենք չեղարկել այդ սխալը: Դա՝ մեկ, և երկրորդ՝ «Զանգեզուրի միջանցքը» վարձակալության տրամադրելու կողմնակից ու ջատագով Փաշինյանի փոխարեն հանդես է գալիս նրա ուսապարկերից մեկը: Դե, ինչպե՞ս կարող է «մեծարգո վարչապետ», պարոն Փաշինյանը սխալվել: Ու հետո էլ ընդունել իր սխալը՝ բա դա իրեն «պալո՞ժ ա»: Իսկ թե ինչու է «մեյդան» հանվել հենց այդ անձը, ենթադրաբար, պայմանավորված է նրա՝ վարչապետ կարգված Փաշինյան Նիկոլի առաջին (կամ առաջիններից մեկը) մամուլի քարտուղար լինելու հանգամանքով: Այդ պաշտոնն էլ, չգիտես ինչու, բաց է թողնված ԱԺ համապատասխան Էջում ներկայացված կենսագրությունից: Ինչևէ, եթե չեմ սխալվում, վարչապետի գործող խոսնակն էլ է հայտնել վարձակալության գաղափարից հրաժարվելու մասին:

Ի դեպ, «hraparak.am»-ը հիշեցրել է, որ վարչապետ կարգված Փաշինյանը 2018-ին բարձր պաշտոն զբաղեցնող իրավապահի հետ խոսակցությանն ասել է, որ ինքն, իհարկե, հրաժարական է տալու և հեռանալու՝ եթե «եթե շատ մարդիկ հավաքվեն, սկսեն փողոցներ փակել, անհնազանդության գործողություններ անցկացնել, ...հեղափոխություն կազմակերպել և փոխել կառավարությունը»: Այսինքն, եթե ժողովրդական զանգվածները հոգնեն իրենից ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հոգնել էին Սերժից: Փաստորեն, այն անձը, ով իշխանության եկավ ժողովրդի ուսերին բազմած, 6-7 տարի առաջ այն մտքին է եղել, որ նույն ժողովրդի պահանջի դեպքում ինքը հրաժարական կներկայացնի առանց դույզն իսկ մտածելու: Սակայն այդ մտայնությունը երկար չտևեց, ու նա գլխի ընկավ, որ իշխանության վայելքն ավելի հաճելի է, քան ընդդիմադիր լինելու ազատությունը: Ու նույնիսկ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունը չստիպեց նրան հրաժարական ներկայացնել: Եթե այդ ամենն ինքը մարսել է, ապա ինչու պիտի ընդունի, որ ինչ-որ հարցում սխալվել է, որ մի հատ էլ ներողություն խնդրի իր «սիրելի» ժողովրդից:
Եվ վերջապես այն հարցը, թե ինչու «մեծարգո վարչապետը» հետ կանգնեց ամերիկյան առաջարկից: Ինչն իր համար ընդունելի էր ու, իչպես ասվեց, որպես դրա վկայություն բերում էր ջրամատակարարման, երկաթուղու և այլ ենթակառուցվածքների՝ որևէ օտար պետությանը հավատարմագրային կառավարման հանձնելու հանգամանքը: Կարծում եմ, որ այդ հարցում դեր է կատարել տնտեսությունը: Օրինակ, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ շուրջ 50 տոկոսով նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը, իսկ դրա ահռելի մասը հենց ՌԴ-ի հետ է: Ինչը նշանակում է, որ համապատասխան չափով պակաս գումար է մուտքագրվել պետական բյուջե: Երկրորդ, ենթադրում եմ, որ ՌԴ վարչապետ Միշուստինը Նիկոլին բացատրել է, որ միջանցքն ամերիկացիներին տրամադրելու դեպքում ինքը շատ լուրջ խնդիր կունենա ԵԱՏՄ-ի առումով: Իսկ դա Նիկոլին հեչ պետք չէ, քանի որ ԵԱՏՄ-ն հիմնականում հենց Ռուսաստանն է: Էլ չասած, որ ՌԴ-ից բանկային համակարգով տարին  մի քանի միլիարդ դոլարի գումար է փոխանցվում մեր խոպանչիների ու ՌԴ-ում հաստատված հայրենակիցների կողմից: Դա ևս կարող է վերանալ, իսկ խոպանչիների ճանապարհն էլ ընդհանրապես փակվել: Իսկ այդ ամենը բերելու էր Հայաստանում տնտեսական փլուզմանն ու սոցիալական պայթյունին: Եվ Նիկոլին էլ կմնար Արտավազդի նման բացականչելու, թե ավերակների վրա ինչպես կառավարեմ: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image