Խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական թիվ մեկ օրակարգային հարցը ընդդիմության՝ մանդատներ վերցնել-չվերցնելու հարցն է։ Ֆեյսբուքյան ակտիվ հանրույթը մի քանի օր ագրեսիվ ու կոշտ պահանջներ է հնչեցնում՝ խորհրդարան անցած երկու ուժի առաջնորդներին ուղղված, Սամվել Կարապետյանից ու Ռոբերտ Քոչարյանից պահանջում է չվերցնել մանդատները, չլեգիտիմացնել, իրենց իսկ բնորոշմամբ՝ կեղծիքներով անցած ընտրությունները, չդառնալ Ալիեւի պահանջները կատարող խորհրդարանի մաս եւ այլն, անգամ հոխորտում են, թե իրենք դրա համար քվե չեն տվել ընդդիմությանը։
Ընդդիմության շարքերում, կարելի է ասել, քար լռություն է, մեկ-երկու հերթապահ հայտարարություն, որ ԿԸՀ հրապարակած տվյալները չեն արտացոլում իրականությունը, եւ հետամուտ են լինելու խախտումները բացահայտելուն, ուրիշ ոչինչ։ Տեղեկություններ կան, որ ընտրություններից հետո ընդդիմադիր թիմերը պարբերաբար համատեղ քննարկումներ են ունենում՝ մանդատներ վերցնել-չվերցնելու նպատակահարմարության հարցով, վստահեցնում են, որ համատեղ ու միասնական դիրքորոշում է կայացվելու վերցնել-չվերցնելու հարցում, եւ սպասում են ԲՀԿ-ի հարցի լուծմանը. եթե Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը վերահաշվարկի արդյունքում այնուամենայնիվ անցնի խորհրդարան, ապա ընդդիմության շարքերում հակված են վերցնել մանդատները, քանի որ Փաշինյանի իշխանությունն այդ պարագայում զրկվում է 3/5-ի մեծամասնությունից, ինչը նրան կզրկի սահմանադրական օրենքներն ու անկախ մարմինները միանձնյա ձեւավորելու հնարավորությունից։
Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանն իր լայվում ըստ էության խոսեց այդ մասին․ սպասում են ձայների վերահաշվարկի արդյունքներին, որպեսզի հասկանան՝ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմտնի՞ Ազգային ժողով, թե՝ ոչ, որից հետո հանդես կգան հայտարարությամբ: «Վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն Ազգային ժողով մտնո՞ւմ է, թե՞ չէ: Կհասկանանք՝ Ազգային ժողովում հնարավորություն կունենա՞ գլխավոր դատախազ եւ այլ պաշտոնյաներ ընտրելու ժամանակ ընդդիմությունն իր խոսքն ասի, որից հետո պարզ կլինի՝ ԱԺ-ն կունենա գործիքակազմ` դեմ կանգնելու ապօրինություններին, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել: ԲՀԿ-ի տարբերակին ենք սպասում, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասաց Կարապետյանը եւ հավելեց. «Եթե կարողացանք այնպես անենք, որ դատարանների նախագահներ նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, հավասարակշռելու է, եւ քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել: Եթե տեսնենք, որ արդյունք չի լինելու, հանդես կգանք հայտարարությամբ»: Խոսելով իշխանափոխության հնարավոր ուղիների մասին՝ Կարապետյանը նշել է 2 տարբերակ․ ընտրություններ եւ սահմանադրական ճանապարհով փողոցային պայքար։
«Փողոցային պայքարի արդյունքում պետք է ԱԺ պատգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին: Այսօր պատմականորեն ընդամենը 8 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եթե փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը: Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ»,- նշեց Նարեկ Կարապետյանը:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանի կարծիքով, նոր ձեւավորվող խորհրդարանն էականորեն տարբերվելու է նախորդներից, հատկապես՝ եթե ԲՀԿ-ի մուտքն էլ ապահովվի այնտեղ, ուստի, իր խոսքով, ճիշտը մանդատները վերցնելն է․ «Քաղաքական նպատակահարմարության առումով գնահատական տալ չեմ կարող, բայց մասնագիտական կարծիքս այն է, որ իմաստ ունի մանդատները վերցնել, մանավանդ՝ երբ ԲՀԿ-ն անցնում է։ Քանի որ այդ պարագայում այս իշխանությունը զրկվում է բազում գործիքներից՝ սահմանադրական օրենքներ ընդունելու, մարմիններ ձեւավորելու տեսանկյունից։ Իհարկե, կարելի է քննարկել, որ հետագայում կարող են մարդ գողանալ, փորձել իրավիճակ փոխել, բայց որ իրավիճակն այն է, որ իրենք չեն կարողանալու առանցքային պաշտոններում մարդ նշանակել, սահմանադրական օրենքներ փոփոխել, փոխում է իրավիճակը։ Եթե այս պատկերն ունենայինք 2021 թվականից հետո, ապա այս իրավիճակը չէինք ունենա․ ե՛ւ դատական համակարգի ողնաշարը ջարդելը, ե՛ւ ՍԴ-ի դեմ գործընթացը, ե՛ւ ընտրական հանձնաժողովների ձեւավորումը չէին կարող անել։ Հիմա եթե գործիքը ստեղծվում է եւ հնարավորություն է տալիս գոնե մյուս համապետական ընտրությունների համար կիրառել, ապա պետք է օգտվել դրանից՝ անկախ նրանից, թե ԱԺ-ում քաղաքական բովանդակությունը ողջունելի կլինի, թե խնդրահարույց»։
Հովհաննես Խուդոյանը, պատասխանելով այն պնդումներին, որ Փաշինյանին ոչինչ չի խանգարի գլխավոր դատախազի տեղապահ կամ Վերաքննիչ դատարանի նախագահի պարտականությունները կատարող նշանակել, որոնք մինչեւ իր իշխանության վերջը կարող են ԺՊ-ի կարգավիճակում աշխատել, ասաց, որ ժամանակավոր պաշտոնակատար կարելի է նշանակել միայն գլխավոր դատախազի դեպքում, մյուս պաշտոնների պարագայում ներկայիս օրենսդրությունը չի տալիս նման հնարավորություն։ «Կոլեգիալ մարմինների պարագայում կլինի ՍԴ, ԿԸՀ եւ այլն, այդ տարբերակը՝ ԺՊ-ի ինստիտուտը չի աշխատելու։ Երկրորդ կարեւոր հանգամանքը, որ մանդատները վերցնելն անհրաժեշտ է նաեւ այն պատճառով, որ ԸԸՀ-ներում ներկայություն ապահովեն։ Եթե պատկերացնենք, որ հաջորդ ընտրություններում ընտրատեղամասերը բացառապես իշխանականներից են կազմված, ապա կարելի է հավերժ մոռանալ իշխանափոխության մասին»,- ասաց Խուդոյանը` հավելելով, որ, ի վերջո, Վրաստանի օրինակը մեզ ցույց տվեց, թե որքան անօգուտ է այդ ճանապարհով գնալը․ «Սահմանադրական, օրենսդրական առումով մանդատներից հրաժարվելը որեւէ խոչընդոտ չի առաջացնելու ՔՊ-ի համար։ Եվ, ի վերջո, ինչպես Արամ Օրբելյանն է իր այս թեմայով հարցազրույցում նշել` եթե ընդդիմությունը չգնա պառլամենտ, ոչինչ չի խանգարի Նիկոլ Փաշինյանին հայտարարելու, որ մենք հարյուր տոկոսանոց մեծամասնություն ունենք»։