Իրոք, ես հստակ հիշում եմ, թե ինչպես երկու տարի առաջ Ջո Բայդենը Մյունխենյան անվտանգային համաժողովում խոստացավ. «Մենք կվերադառնանք»: Եվ իսկապես, մենք դա հենց նոր տեսել ու լսել ենք. ԱՄՆ-ը վերադարձել է:
Մյունխենյան անվտանգային համաժողովի Հատուկ թողարկմանը երեկ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախկին նախարար ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը։
«Թե ինչպես դուրս կգանք այս ճգնաժամից, դա լուրջ հետևանքներ կունենա մեր քաղաքացիների համար, մեր տնտեսությունների համար և նաև հետ-Քովիդ19-յան աշխարհում մեր ընդհանուր դաշինքի դիրքավորման համար:
Եվրահանձնաժողովի նախագահը երկու օրինակ է բերել, թե ինչն է կարող է խթանել «մեր նոր համաշխարհային օրակարգը»:
«Առաջին օրինակը կլիմայի փոփոխությունն է: Կլիմայի փոփոխությունը ՔՈՎԻԴ19-ի հետևում երևացող ճգնաժամն է: Իսկ կենսաբազմազանության կորուստն այսօրվա և հնարավոր ապագա համավարակների հիմնական շարժիչն է: Ավելի քան մեկ տարի առաջ Եվրոպան ասաց, որ ցանկանում է դառնալ կլիմաչեզոք առաջին աշխարհամասը մինչև 2050 թվականը: Եվ մեր Եվրոպական Կանաչ գործարքով մենք արդեն ցանկանում ենք մինչև 2030 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները առնվազն 55%-ով», - ասել է ԵՄ գործադիր իշխանության ղեկավարը։
Տիկին ֆոն դեր Լայենը կլիմայի համաշխարհային փոփոխության դեմ հաջող պայքարելու համար անհրաժեշտ է համարել, որ մյուսները նույնպես համապատասխանեն ԵՄ և իր դաշնակիցների հավակնություններին: «Եվ նրանք անում են: Հարավային Կորեայից մինչև Ճապոնիա, Հարավային Աֆրիկայից մինչև Չինաստան: Եվ մենք իսկապես ոգևորված ենք, որ նախագահ Բայդենը կրկին միացավ Փարիզի համաձայնագրին՝ իր պաշտոնավարման առաջին իսկ օրը: Քանի որ Միացյալ Նահանգները կլիմայի փոփոխության համաշխարհային առաջնորդության մեր բնական գործընկերն է», - նշել է Եվրահանձնաժողովի նախագահը:
«Եվ ես համոզված եմ, որ մինչև 2050 թվականը անդրատլանտյան համատեղ պարտավորությունն ուղղված դեպի զրոյական արտանետումների ճանապարհը կլիմայի չեզոքությունը կդարձնի նոր գլոբալ նշաձող», - ասել է ֆոն դեր Լայենը՝ ողջունելով ԱՄՆ նախագահ Բայդենի նախաձեռնությունը` Երկրի օրը Կլիմայի թեմայով առաջնորդների գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ:
Եվրահանձնաժողովի նախագահը նաև անդրադարձել է թվային աշխարհին և այն ազդեցությանը, որ այն ունենում է մեր ժողովրդավարությունների վրա: «Եվ սա իմ երկրորդ օրինակն է: ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումը շրջադարձային պահ դարձավ մեր ժողովրդավարության վրա սոցիալական մեդիայի ազդեցության վերաբերյալ քննարկման համար: Ահա թե ինչ է պատահում, երբ բառերը գործողություն են հրահրում: Մի աշխարհում, որտեղ առավելագույն հավանական է լսել բևեռացնող կարծիքներ, ընդամենը մի կարճ քայլ է դավադրության կոպիտ տեսություններից մինչև ոստիկանության աշխատակիցների մահը», - նշել է քաղաքական գործիչը:
«Դեկտեմբերին Հանձնաժողովը գործարկեց Թվային ծառայությունների մասին օրենքը և Թվային շուկաների մասին օրենքը՝ թվային շուկայի մեր նոր շրջանակը: Իհարկե, միայն մեծ տեխնոլոգիական ընկերությունների անվերահսկելի իշխանության վրա ժողովրդավարական սահմաններ մտցնելը չի դադարեցնի քաղաքական բռնությունները: Բայց դա կարևոր քայլ է: Ամենահիմնականն այն է, որ մենք ուզում ենք համոզվել, որ այն, ինչ անօրինական է անցանց, նույնպես անօրինական է առցանց», - շարունակել է ԵՄ գործադիր իշխանության ղեկավարը:
ԵՄ գործիչն անհրաժեշտ է համարել հստակ պահանջները, որ ինտերնետային ընկերությունները պատասխանատվություն ստանձնեն բովանդակության համար, որ տարածում, խթանում ու հեռացնում են: «Քանի որ մենք պարզապես չենք կարող թողնել որոշումներ, որոնք հսկայական ազդեցություն ունեն մեր ժողովրդավարությունների վրա, համակարգչային ծրագրերին առանց որևէ մարդկային վերահսկողության կամ Սիլիկոնյան հովտի խորհուրդներին: Ավստրալիայի վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի վերջին որոշումը դրա հերթական ապացույցն է», - ասել է Լայենը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահն ամերիկացի գործընկերների առաջարկել է միասին ստեղծել թվային տնտեսության կանոնագիրք, որը գործող լինի ամբողջ աշխարհում. «Մի շարք կանոններ՝ հիմնված մեր արժեքների վրա. մարդու իրավունքներ ու բազմակարծություն, ներառականություն ու գաղտնիության պաշտպանություն: Մենք պետք է միավորենք մեր ուժերը և պաշտպանենք այս արժեքները մեր ողջ էներգիայով»:
Անդրադառնալով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը՝ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ «ավելի ու ավելի ինքնավստահ Չինաստանը ամուր տնտեսական աճ է ցուցադրել 2020 թվականին՝ չնայած համավարակին»։
ԵՄ գործադիր իշխանության ղեկավարը Ռուսաստանի Դաշնությանն «ավելի ու ավելի արհամարհական» է անվանել։ «Ռուսաստանը շարունակում է խախտել միջազգային օրենքները տանը և արտասահմանում՝ չնայած սեփական քաղաքացիների աճող բողոքներին: Մեզանից` Միացյալ Նահանգներից ու Եվրոպայից, մնում է կրկին ամրապնդել մեր համագործակցությունը: Որպես ապացուցված ու վստահելի գործընկերներ: Որպես անփոխարինելի դաշնակիցներ: Ուս ուսի. Քանի որ, եթե մենք առաջնորդում ենք ճանապարհը, սա միայն ուժերը միավորելու մասին չէ: Սա ազդանշան է աշխարհին։ Շնորհակալություն», - եզրափակել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։