Հարցազրույց

Մեր հակառակորդներն ավելի պետական, համակարգված, նպատակասլած աշխատանք են անում

Մեր հակառակորդներն ավելի պետական, համակարգված, նպատակասլած աշխատանք են անում

Hraparak.am-ը զրուցել է Արցախի «Կաճառ» գիտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանի հետ։

- Արցախի գրավյալ տարածքներում Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի ենթարկել հայկական մշակութային արժեքներն ու այն ինչ-որ չափով ներկայացնել՝ որպես ալբանական։

- Այո, Ադրբեջանի կողմից հայկական տարածքների նվաճմանը, բռնագրավմանը հաջորդում են տեղանունների փոփոխությունները, կամ ադրբեջանականացումը, մշակութային արժեքների ոչնչացումը կամ ձևախեղումը, և նրանց պատկանելության խեղաթյուրումը։ Ասենք, տվյալ պահին տարածված է հայկական մշակութային կոթողները ալբանական համարելու արատավոր պրակտիկան։ Հիմնական նպատակն այն է, որ հայկականությունը մերժվի, ժխտվի, խեղաթյուրվի իրականությունը, և ինչ-որ տեղ նաև իրենց նվաճողական քաղաքականությունը փորձեն արդարացնել այն կեղծ դրույթներով, որ կոնկրետ այդ հուշարձանները իբր թե հայկական չեն և կարծես թե դա մեղմում է նրանց հանցագործությունները, նրանց մշակութային ցեղասպանության քաղաքականությունը։ Մինչդեռ մեր մտավորականները բազմիցս են նշել, որ` լավ, եթե հայկական չեն, ալբանական են, ապա ինչո՞ւ են դրանք ևս ոչնչացնում կամ ձևախեղում։ Այսինքն ակնհայտ է՝ ոչ թե կոնկրետ մշակութային արժեքների կոթողների հայկական լինելը, կամ այլ մշակույթին վերագրելը, այլ մենք բախվում ենք ադրբեջանական անհանդուրժողականության, կուլտորիցիդի քաղաքականության, վանդալիզմի և նվաճողական քաղաքականության  իրականացման ճանապարհին՝ ամեն ինչ ոչնչացնելու մոլուցքին, որին ականատես ենք Ադրբեջանի պահով՝ 1918 թվականից առ այսօր, իսկ Թուրքիայի պարագայում՝ 15-րդ դարից սկսած, ինչ նրանք հայտնվել են  Բյուզանդիայի մայրաքաղաքում և իրենց ազդեցությունն են տարածել այս ամբողջ տարածաշրջանի վրա։

- Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տանում Արցախն ու Հայաստանը։

- Ճիշտն ասած, որոշակի քայլեր ձեռնարկվում են, գոնե մտավորականության ջանքերով հրապարակվում են նյութեր հայկական պատմաճարտարապետական հուշարձանների մասին, նաև կայք էջերում, անդրադարձներ կան այդ արժեքներին, գիտաժողովներ են հրավիրվել թե՛ Արցախում, թե՛ մայր Հայաստանում, որտեղ բարձրաձայնվել են այդ վանդալիզմի դեպքերը, բողոքի ձայն է բարձրացվել։ Դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-իՆ և այլ միջազգային կառույցներին՝ խնդրելով կանխել այդ ոճրագործությունները։ Այսինքն, ինչ-որ քայլեր ձեռնարկվել են, բայց քանի որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որի բարձրակետն էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ի աննախադեպ ագրեսիան, սանձազերծված պատերազմը՝ Արցախի Հանրապետության դեմ, շարունակվում է և այդ հեղեղի առաջ, այդ սելաֆի առաջ հայկական կողմի բողոքները մնում են որպես ձայն բարբառո հանապատի։ Եվ այստեղ կարծում եմ ավելի լուրջ լծակներ են պետք, որպեսզի կանխվի ադրբեջանցիների վանդալիզմը՝ մշակութային կոթողների ոչնչացման այս քաղաքականությունը։ Եվ այս առումով, իհարկե ագրեսիայի մշտական օջախը վնասազերծելու, և ագրեսորներին խաղաղության պարտադրելու քաղաքականությունը, որը կարծում եմ մի օր պետք է իրականացնի հայկական կողմը, կարող է զսպել, կանգնեցնել ադրբեջանցիների կուլտուրիցիդի այդ քաղաքականությունը։

-Արցախում պահպանվե՞լ են արդյոք գրավյալ տարածքներում հայտնված պատմամշակութային արժեքների մասին փաստող լուսանկարներ, մատյաներ կամ այլ ապացույցներ:

- Անցած տարիներին Արցախի «Հուշարձանների ուսումնասիրության և պահպանության» վարչությունը հետևողական աշխատանքներ է տարել այդ ուղղությամբ, որքան ինձ է հայտնի` Արցախի տարածքի, այդ թվում նաև պատմական Հայաստանի այն տարածքները, որոնք ազատագրվել էին 1992-94-ականների ընթացքում, կատարվել է պատմամշակութային հուշարձանների հաշվառում, արձանագրում և անձնագրավորում՝ լուսանկարներով, չափագրումներով, և նույնիսկ տպագրվել են առանձին գրքույկների տեսքով՝ ըստ շրջանների այդ հուշարձանների ցանկերը։ Եվ նաև այս ամբողջ նյութը որոշ նեղ ուղղություններով, առանձին գրքույկներով  են տպագրվել՝ օրինակ Արցախի վանքերը։ Գումարած դրան հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն է տպագրել՝ Արցախի կամուրջները, Արցախի մելիքական ապարանքները և այլ նյութեր։ Բարեբախտաբար այդ նյութերը կան և իմ կարծիքով շատ տեղին կլիներ եթե դրանք հրատարակվեին առանձին ժողովածուների տեսքով և տարբեր լեզուներով, և գոնե  այդ վավերագրված ձևով դրանք պահպանվեին, և դրանով  մենք հիմք կունենայինք մեր պահանջները ներկայացնելու, հետագայում պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին։ Այստեղ լուրջ անելիք ունի Հայաստանի իշխանությունն այն առումով, որ Ադրբեջանը, լինելով ագրեսոր կողմ, աչքի ընկնելով իր  վանդալիզմով  այդ կոթողների ոչնչացմամբ, ցեղասպանական ակտերով, այդ թվում նաև՝ վնասելով Արցախի էկոլոգիային, այսօր մտմտում են գործընթացներ սկսել՝ Հայաստանին շինծու մեղադրանք ներակայացնելու և միջազգային դատարաններ դիմելու, թե իբր հայկական կողմն օգտագործել է ադրբեջանական ռեսուրսներ, վնասել է էկո համակարգին, օգտակար հանածոներն է օգտագործել և այլն։ Այսինքն, սա ևս մի ազդակ է հայկական կողմին, այդ նյութերը, որոնք ժամանակին արձանագրվել են, հրապարակելու և միջազգային հանրությանը ներկայացնելու, որպեսզի ադրբեջանական ագրեսորների այդ ոտնձգություններին, ևս արժանի հակահարված տրվի։

- Ինչո՞ւ Հայաստանն ու Արցախը մի քայլ առաջ չեն ընկնում` չեն դիմում միջազգային ատյաններին՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին, հայկական մշակույթային արժեքները՝ հուշարձաններ, եկեղեցիներ և այլն, վանդալիզմի ենթարկելու և ոչնչացնելու համար։

- Համաձայն եմ։ Այո, արցախյան կողմն ինչքան ինձ է հայտնի հնարավորին խողովակներով բարձրաձայնել է, անգամ ՄԱԿ-ի համապատասխան մարմիններ են ներկայացվել Արցախի արգործնախարարության շրջաբերական փաստաթղթեր, առանձին պաշտոնյաների, մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած փաստեր։ Ի դեպ ասեմ, որ բավական մեծ աշխատանքներ են կատարել թե՛ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, և թե՛ Հայաստանի Հանրապետության նախկին մարդու իրավունքների պաշտպանը։ Այդ նյութերը շրջանառված են, Արցախի Հանրապետության դատախազությունը բավական լայնածավալ հետազոտություններ է կատարել, վերհանել են, վարույթ են ընդունել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին նյութեր, այդ թվում նաև մշակութային կոթողների ոչնչացման առումով։ Բայց մենք այստեղ խնդիր ունենք համակարգային մոտեցման։ Այն տեղեկատվական  քարոզչական աշխատանքը, որ պետք է կատարի հայկական կողմը, ցավոք սրտի, առ այսօր հենված է մասնավոր նախաձեռնությունների, անհատների, անհատ ուսումնասիրողների վրա։ Ըստ էության, մենք չենք տեսնում պետական համակարգված նպատակասլած այն աշխատանքը, ինչ-որ մեր հակառակորդներն են անում։ Այստեղ, իհարկե, մենք հասկանում ենք, որ մեծ ծախսեր է պահանջում նման աշխատանքներ կատարելը։ Մենք, քաջ գիտակցում ենք, որ նաև այստեղ բազմաթիվ այլ գործոններ են դեր խաղում։ Բայց, մյուս կողմից էլ մենք ուղղակի համոզված ենք, որ, եթե համապատասխան պետական մոտեցում լինի, և գոնե պայմաններ ստեղծվեն անհատ մասնագետների, ուսումնասիրողների համար նման աշխատանքները ոչ միայն կատարելու, այլ նաև հանրահռչակելու առումով, ապա միանգամայն պատկերը կփոխվի, և մենք կարող ենք արմատական բեկում մտցնել տեղեկատվական, քարոզչական պատերազմում։ Ուղղակի իմ կարծիքով, դեռ այդ ոլորտի  կարևորության գիտակցումը չկա, կամ այդ գիտակցումը իրականացնելու ուղիները չեն հստակեցված։ Եվ այդ տեսակետից կարծում եմ` պետք է ինչքան հնարավոր է բազմապատկել ուղեղային կենտրոնների ցանցը՝ թե Հայաստանի Հանրապետությունում, թե Արցախում, և հնարավորություն տալ մեր գիտնականներին, հետազոտողներին իրենց հետազոտությունների արդյունքները ներկայացնելու, և նաև օտար լեզուներով համաշխարհային գիտական համակարգում ինտեգրելու համար։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image