Համացանցում նախօրեին հետաքրքիր տեսահոլովակ էր պտտվում, թե ինչպես են արեւմտամետները վերջին տարիներին գրեթե բոլոր հարցազրույցներում գուժում Ռուսաստանի պարտությունը, անգամ հայտարարում, թե Ռուսաստանն արդեն պարտվել է, իսկ Ուկրաինան՝ հաղթել: Հարցազրույց տվողները` Հովսեփ Խուրշուդյան, Լեւոն Շիրինյան, Արամ Զավենի Սարգսյան, Ազատ Արշակյան, Ստյոպա Սաֆարյան, Արման Բաբաջանյան եւ այլք, հայտարարում են, թե Ռուսաստանը վերջնականապես պարտված, ջախջախված, ոչնչացված պետություն է` դա ուղղակի քննարկման ենթակա չէ, եւ այդ հարցազրույցները հարյուր հազարներով դիտում են ունեցել: Այսինքն, այդքան թվով մարդկանց ուղեղները լվացել են, սխալ կանխատեսումներ արել իրենց քաղաքագետ ու վերլուծաբան հորջորջողները: Օգտատերերը հարցնում էին. «Այս մարդիկ գիտե՞ն՝ ինչ է ամոթը», եւ ծաղրում էին նրանց, համեմատում շառլատանությամբ զբաղվող, խաբեբա բախտ նայողների հետ: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի հետ, որը նույնպես Ռուսաստանի պարտությունը տենչացողներից եւ կանխատեսողներից էր: Ի դեպ, այս մարդիկ նաեւ Թրամփի պարտությունն էին կանխատեսում եւ Հարիսի հաղթանակով ժամանակից շուտ ուրախանում:
- ԱՄՆ նախագահ Թրամփն Ուկրաինայի նախագահ Զելենսկուն անվանել է շարքային դիկտատոր, որն ունի ցածր վարկանիշ: Խոսել է այն մասին, որ Ուկրաինայում նոր ընտրությունների անհրաժեշտություն կա: Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ռուս-ուկրաինական պատերազմի հարցերը քննարկում են առանց ուկրաինական կողմի, որի պարտությունն արդեն ակնհայտ է: Իսկ Դուք Ձեր հարցազրույցներում վստահ պնդում էիք, որ Ռուսաստանն արդեն ջախջախվել է:
- Դեռեւս որեւէ պատերազմական ավարտի մասին խոսք չի գնացել, քայլերի դասավորվածության մասին չկա ոչ մի խոսք, բայց ակնհայտ է, որ պատերազմը շատ է ձգձգվում երկու կողմերի համար: Պատերազմը ծանր բեռ է բոլոր կողմերի համար, բայց ես չեմ գտնում, որ ԱՄՆ-ն հեռացել է Ուկրաինայից, ինչպես նաեւ աշխարհը` կարգավորելու իր բաժին աշխատանքից:
- Թրամփն ասում է, որ Ամերիկայի փողերն այդ պատերազմում անիմաստ վատնել է Ուկրաինան եւ պետք է իր ընդերքով փոխհատուցի:
- Պատերազմը, ցավոք, դեռ չի ավարտվել: Ես` ինքս էլ խաղաղության կողմնակից եմ, ես էլ եմ ուզում արդարացի խաղաղություն: Ամեն դեպքում` դեռեւս շուտ է խոսել ջախջախիչ պարտության մասին, հատկապես այն դեպքում, երբ Ուկրաինան չունի Ադրբեջանին ջախջախելու նկրտում: Անգամ այդ մասին խոսելն անհեթեթ է: Ռուսական պետությունը բավականին լուրջ ֆունկցիոնալ պետություն է աշխարհում: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է, միջուկային պետություն է: Ռուսաստանի կործանման մասին խոսելն անհեթեթություն է: Բայց եկեք ֆիքսենք, որ պետություն լիկվիդացնելու Ռուսաստանի ցանկությունը ձախողվել է: Արդեն երրորդ տարին է՝ Ուկրաինան չի կարողանում լիկվիդացնել: Ինչ վերաբերում է Թրամփի որակումներին, ապա դա կուլտուրայի, լեզվական մշակույթի խնդիր է: Որեւիցե գործընկերոջ հետ այդպես խոսելը կուլտուրայի խնդիր է: ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեան չէ, այնպես որ, Թրամփի որոշումները չեն կարող միանշանակ կատարվել Ամերիկա պետության կողմից: Ամերիկացիներն ունեն պահանջ իրենց պետությունից, չեն ցանկանում բեւեռացում: Ասում են, որ ԱՄՆ-ն է հիմնական բեռն իր վրա վերցրել, իսկ մյուս դաշնակիցները համեմատության մեջ շատ քիչ բան են անում: Ինչպես գիտենք` այս մասով թվեր են հայտնի: Ես կարծում եմ, որ, ցավոք, մինչ օրս ռուս-ուկրաինական պատերազմն ավարտված չէ: Երկու կողմին էլ հաշտություն է անհրաժեշտ: Երկու ժողովուրդներն էլ խաղաղություն հաստատելու եւ զարգանալու անհրաժեշտություն ունեն: Ամեն դեպքում, ԱՄՆ-ն իր ձեռքերը չի լվացել Ուկրաինայից:
- Ամեն դեպքում, Ուկրաինայի հաղթանակի հավանականությունն այլեւս զրո է, մինչդեռ Հայաստանի արեւմտամետները, Դուք՝ եւս, այլ բան էիք պնդում:
- Զրոյական չէ, քանի որ Ուկրաինայի պահանջն այլ է: Ուկրաինան հաղթել է, քանի որ դեռ կա: Կորցրել են տարածքներ, ահռելի տնտեսական վնասներ են կրել, անդառնալի մարդկային կորուստներ: Բոլորը խոսում են միայն ծերերի, երեխաների եւ հաշմանդամների մասին, սակայն ամենացավալին այն է, որ այդքան երիտասարդ տղամարդիկ զոհվեցին պատերազմում:
- Այդ դեպքում ինչո՞ւ տեղի ունեցավ պատերազմը:
- Պատերազմը չհասավ իր նպատակին, բայց այն Ուկրաինան չէր սկսել: Ուկրաինան փրկեց իր պետականությունը: Թրամփի ասածն էլ այն է, որ քանի դեռ Ուկրաինան չի կոտրվել, դադարեցնենք պատերազմը, ի վերջո, Ռուսաստանի ուժը չպատեց՝ լիկվիդացնելու Ուկրաինան: Այսօր հումանիտար աղետ է սկսվել, ԱՄՆ-ն ցանկանում է կանխել այդ աղետը: Թրամփի գործողություններում հետեւյալ փոփոխությունն է եղել, ինչպես Հայաստան-Ադրբեջան կռվում է ԱՄՆ-ն միջնորդ կողմ, այնպես էլ հիմա Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում: Այսինքն՝ Ամերիկան դաշնակցից վերածվեց միջնորդի: