Հասարակություն

Մոլդովացիները էթնիկ ռումիններ են, Iasi-ն Ռումինիայում է

Մոլդովացիները էթնիկ ռումիններ են, Iasi-ն Ռումինիայում է

Ինչո՞ւ է Մոլդովայի համար ԵՄ ինտեգրման գործընթացն ավելի դյուրին, քան Արեւելյան Եվրոպայի որեւէ այլ երկրի համար երբեւէ։ Եթե ասեմ Մոլդովայի համար ինտեգրումը անհամեմատ դյուրին է, որովհետեւ Ռումինիան արդեն ԵՄ կազմում է, ապա տրամաբանական կապը այդ երկու իրողությունների միջեւ հայաստանցի ընթերցողին նույնքան «տեսանելի» կլինի, որքան հայտնի անգլիական անեկդոտի «փաստերի» կապը. «Երկուշաբթի օր է, անձրեւում է, Ջեյքը Aston Martin-ով սլանում է փողոցով, որքա՞ն է փողոցում կանգնած Մերիի տատիկի տարիքը․․․»։ Այսինքն, ոչ մի կապ տեսանելի չի լինի։ Եթե ասեմ, որ «մոլդովացի» ազգություն, էթնոս գոյություն չունի, մոլդովացիները էթնիկ ռումիններ են, նրանց լեզուն ռումիներենն է, իսկ Ռումինիան էլ արդեն շուրջ երկու տասնամյակ (01.01.2007-ից) ԵՄ կազմում է, այդտեղ որոշ տրամաբանական կապեր կուրվագծվեն։ Սակայն այժմ էլ պատճառա-հետեւանքային կապը Մոլդովայի համար ԵՄ ինտեգրման դյուրության եւ Ռումինիայի՝ ԵՄ անդամակցության միջեւ, վախենում եմ ընթերցողին հիշեցնի տրամաբանության հայտնի անեկդոտը, երբ անձի՝ տանը ակվարիում չունենալուց «տրամաբանորեն բխեցվում» է նրա միասեռական լինելը։ 

Հետեւաբար, ընկալելու համար Մոլդովայի այսօրվա եվրաինտեգրման գործընթացը, պետք է գոնե ընդհանուր գծերով ծանոթանալ ռումինների եւ միջնադարում նրանց ստեղծած ֆեոդալական պետական կազմավորումների՝ Վալլախիայի, Մոլդովայի, Տրանսիլվանիայի իշխանությունների պատմությանը։ Ընդսմին 14-19-րդ դարերում գոյություն ունեցած Մոլդովայի իշխանության (Principality of Moldova) զբաղեցրած տարածքների գերակշիռ մասը, ներառյալ 1564-1862թթ․ Մոլդովայի իշխանության մայրաքաղաք ծառայած Յասին (Iasi), գտնվում են ներկայիս Ռումինիայի տարածքում։ 
Յասին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մի քանի տարի եղել է նաեւ Ռումինիայի Թագավորության մայրաքաղաքը (հետագայում կարգավիճակը նորից վերադարձել է Վալլախիայի մայրաքաղաք Բուխարեստին)։ Սակայն Յասին միշտ համարվել է Ռումինիայի մշակութային մայրաքաղաքը, եւ 2018-ից նրան շնորհված է Ռումինիայի պատմական մայրաքաղաք կոչումը։ Դատելով Յասիի տեսարժան վայրերի լուսանկարներից դա իսկապես գեղեցիկ եւ տպավորիչ քաղաք է։ Իսկ Յասիի ամենավաղ շրջանի կոթողներից մեկը, որով փաստարկվում է քաղաքի տարիքը Հայկական Սբ․ Աստվածածին եկեղեցին է՝ կառուցված 1395թ-ին։

Dacia-ից մինչեւ Վալլախիա, Մոլդովա․ Տրանսիլվանիա

Հակիրճ, ամենքն էլ գիտեն, որ Հին Հունաստանի, Հին Հռոմի ժամանակներում գոյություն է ունեցել Թրակիա կոչված երկիր, տարածք, որի սահմաններում գտնված ամենահայտնի վայրը, իհարկե, Կոստանդնուպոլիսն է (քաղաքը ներկայիս գտնվում է Թուրքիայում, կոչվում է Ստամբուլ)։ Թրակիան տարածվում էր Սեւ եւ Միջերկրական ծովերի ափերին, Բալկանյան թերակղզում եւ բնակեցված էր հնդեվրոպական ծագման ժողովուրդներով, որոնց ընդհանրական կոչում էին Թրակյան ժողովուրդներ։ Այդ ժողովուրդներից մեկը՝ դակիացիները (Dacians), որոնց Ստրաբոնը համարում էր առավել ազնվական նկարագիր ունեցող, մոտավորապես Հայաստանում Տիգրան Մեծի իշխանության ժամանակներում, I դարի 80-ական թվականներ Ք․ծ․ա․ հիմնադրում են Դակիա (Dacia) անունով պետություն։ 

Արդեն մեր թվարկության I-ին դարի 80-ական թվականներին Հռոմեական կայսրությունը արշավանքներ է նախաձեռնում դեպի Թրակիա, բախվում է նաեւ դակիացիների հետ, իսկ 106-ին Տրայանոս կայսրը գրավում է Դակիան, ինչից էլ սկսվում է այդ տարածքների ռոմանիզացիան։ Ահա այդ հռոմեացիների հետ միախառնված, հռոմեական քաղաքակրթության ազդեցությունը կրող, ռոմանիզացիայի ենթարկված Dacian-ներն էլ հռոմեացիներից ժառանգում են նրանց խոսակցական լեզուն՝ Vulgar Latin-ը, որը հետագայում դառնում է ռումիներեն լեզվի հիմքը եւ ռոմանիզացած դակիացիներն էլ համարվում են ռումինների նախահայրերը։ Ռումինների Romanian անվանումը, ինքնանվանումը հենց Հռոմի անունից է ծագում (լատիներեն, իտալերեն՝ Roma)։

Հռոմեական կայսրությունը դեռ չփլուզված Դակիայի տարածքը ենթարկվում է միջնադարյան վայրագ, քոչվոր ցեղախմբերի ասպատակությունների՝ հոներ, ալաններ, ավարներ։ Ավարների խանության տապալումից հետո 9-րդ դարում ստեղծվում է Բուլղարական Առաջին Կայսրությունը, որի բնակչությունը կազմում էին հիմնականում բուլղարները, վալլախ (Wallachian, Vlach) կոչվող ռումինները եւ սլավոնները։ Մի քանի դար անց, 12-րդ դարավերջում, 1185-ին հիմնադրվում է Բուլղարական Երկրորդ Կայսրությունը, որտեղ բուլղարները եւ ռումինները արդեն մոտ կարգավիճակներում են եղել եւ պետությունն էլ հաճախ կոչվել է Բուլղար-Վալլախյան կայսրություն։ 
Մեկ դար անց 1310-ին հիմնադրվել է ռումինական առաջին ազգային-պետական կազմավորումը՝ Վալլախիայի իշխանությունը։ 1359-ին հիմնադրվել է երկրորդ ռումինական ազգային-պետական կազմավորումը՝ Մոլդովայի իշխանությունը։ Ավելի ուշ ստեղծվել է նաեւ Տրանսիլվանիայի իշխանությունը, բայց այն հաճախ եղել է հունգարական գերիշխանության ներքո։ Բոլոր ռումինական իշխանություններին էլ վիճակվել է պատերազմել, պայքարել միջնադարում Եվրոպա հասած հեռավոր-արեւելյան տափաստանային բարբարոսների՝ սելջուկների, մոնղոլների, թյուրքերի դեմ։ Ի վերջո սակայն, Վալլախիայի եւ Մոլդովայի իշխանությունների համար 1400-ականների կեսերին ամրագրվում է Օսմանյան կայսրության վասալ-պետության կարգավիճակ, 16-17-րդ դարերում այն ամրագրվում է նաեւ Տրանսիլվանիայի իշխանության համար։ Վասալային կախվածությունը հիմնականում հանգում էր հարկեր-տուրքեր վճարելուն, այլ էական կախվածություններ գրեթե չկային։ Նաեւ Վալլախիան, Մոլդովան ղեկավարող իշխանները պետք է հաստատվեին Բարձր Դռան կողմից։ 

Այդ վասալային, կիսաանկախ կարգավիճակը Մոլդովայի եւ Վալլախիայի իշխանությունները պահպանել են մինչեւ 19-րդ դար։ 19-րդ դարի առաջին կեսին Օսմանյան կայսրությունը հրդեհած ազգային-ազատագրական շարժումների շարքում ասպստամբում են նաեւ ռումինները։ Ապստամբությունը ճնշվում է, նորից են ընդվզում, ի վերջո` 1858-ին ճանաչվում է Վալլախիայի եւ Մոլդովայի դաշնային միությունը, 1877-ին այդ միությունը հռչակում է իր անկախությունը։ Այն ճանաչվում է 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրով, այնուհետ 1878-ի Բեռլինի վեհաժողովում՝ Բեռլինի դաշնագրով։ 1881-ին ռումինական պետությունը անվանվում է Ռումինիայի Թագավորություն։ Այնուհետ, 20-րդ դարի ընթացքում Ռումինիայում ռեժիմներ են փոխվել՝ միապետություն, հանրապետություն, ֆաշիզմ, կոմունիզմ, երկրի սահմաններ են փոխվել, ապստամբություններ են եղել, իշխանություններ են գահընկեց արվել, սակայն էականը` միջնադարյան Մոլդովան եւ Վալլախիան միավորած ռումինական ազգային պետությունը գոյություն ունի եւ անկախությունը պահպանում է մինչ օրս։ 

 

Պատկերացնենք Ռուսաստանը չխոչընդոտեր եւ Սեւրի դաշնագիրը կենսագործվեր

Այժմ, օրինաչափորեն, ընթերցողի մոտ հարց կծագի՝ եթե միջնադարում գոյություն ունեցած Մոլդովայի իշխանության (Principality of Moldova) տարածքը, ներառյալ մայրաքաղաք Յասին, գտնվում են այսօրվա Ռումինիայում, ապա ի՞նչ տարածքում է գտնվում այսօրվա Մոլդովայի Հանրապետությունը։

Պատասխանը հետեւյալն է․ այսօրվա Մոլդովայի Հանրապետությունը զբաղեցնում է միջնադարում գոյություն ունեցած Մոլդովայի իշխանության փոքր, արեւելյան հատվածը, որը 1812-ին, Մանուկ բեյի առանձնատանը բանակցված եւ կնքված Բուխարեստի պայմանագրով անցել է Ռուսական կայսրության վերահսկողությանը եւ այդ ժամանակներից էլ հայտնի է Բեսարաբիա անունով։ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների միջեւ ներկայիս Մոլդովայի Հանրապետության տարածքն էլ միացած է եղել Ռումինիայի Թագավորությանը։ Խորհրդային Միությունը այդ տարածքը վերստին բռնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ընդ որում ավելի փոքր սահմաններով, քանի որ Բեսարաբիայի մի հատվածն էլ Ուկրաինային է միացվել։ Ինչպես Մոլդովայում պատմեցին, Խորհրդային Մության փլուզումից հետո 1990-ականներին նման քննարկումներ, տրամադրություններ եղել են վերստին Ռումինիային միանալու, բայց դրանք կյանքի չեն կոչվել։ 

Ամեն պարագայում, Ռումինիային միացած թե ոչ, ակնհայտ է, որ ԵՄ կազմում ռումինական մի պետության գոյությունը մեծապես դյուրացրել է երկրորդ ռումինական պետության ինտեգրումը ԵՄ-ին՝ լեզվական խոչընդոտի վերացումից սկսած։ Որպեսզի հայ ընթերցողի համար ավելի պատկերավոր եւ տպավորիչ լինի, որքան էլ պատմությունը եթե-ներ չի ճանաչում, մի պահ պատկերացնենք չէր եղել ռուսների ստոր միջամտությունը հայոց պատմությանը եւ Վերսալյան վեհաժողովի արդյունքներին, ռուսները չգիտես որտեղից չէին գտել Քեմալ Աթաթուրքին, ֆինանսավորել, զինել եւ օգտագործել Հայաստանի ու Հունաստանի դեմ։ Այս դեպքում ինչը պիտի խոչընդոտեր, որ Սեւրի դաշնագիրը Հայաստանի, Հունաստանի, Կոստանդնուպոլսի մասով էլ նույն հաջողությամբ գործադրվեր, ինչպես մնացյալ Մերձավոր Արեւելքում՝ Միջերկրականից մինչեւ Պարսից ծոց։

Իսկ եթե Սեւրի դաշնագիրը կենսագործված լիներ, այսօր Արեւմտյան Հայաստանում կենդանաբանական այգու փոխարեն լիներ քաղաքակիրթ հայկական պետություն, եւ այն արդեն մեկ-երկու տասնամյակ ԵՄ-ի կազմում լիներ, ներկա Հայաստանի Հանրապետության ինտեգրումը ԵՄ-ին որեւէ խոչընդոտ կունենա՞ր։ Իհարկե ոչ, որովհետեւ այդ դեպքում երկիրը ոչ միայն ԵՄ-ին կինտեգրվեր, այլեւ նախ՝ իր հայրենիքի մնացյալ հատվածին։ Մոլդովայում հենց դա է ինտեգրման յուրահատկությունը։ Ռուսական իշխանությունները, անշուշտ, կարողացածի չափ գործունեություն ու քարոզչություն ծավալում են Մոլդովայում՝ մոլդովացիները ռումին չեն, մոլդովերենը ռումիներեն չէ եւ նման թեմաներով, բայց դա իրերի ընթացքն առանձնապես չի փոխում։ 

Մոլդովայում կա 2,5 միլիոնի կարգի բնակչություն, նրանցից շուրջ մեկեւկես միլիոնն արդեն ունեն Ռումինիայի քաղաքացիություն եւ անձնագիր։ Քիշնեւ-Բուխարեստ ինքնաթիռի ուղետոմսը 20 դոլար արժե։ Քիշնեւից Յասի ավտոբուսային ուղեւորությունը 2-3 ժամ է։ Մոլդովայի ուսանողները մեկ-երկու կիսամյակ ուսումնառություն են անցնում նաեւ Ռումինիայի համալսարաններում, անհատները Ռումինիա են գնում նույնիսկ կենցաղային պարենային-տնտեսական գնումների համար։ Այսինքն Մոլդովայի ինտեգրումը ԵՄ-ին հարեւան բալկանյան երկրների միջոցով արդեն անշրջելի իրողություն է եւ ընթացք։ Թե կոնկրետ ոլորտներում՝ տնտեսություն, կրթություն, մշակույթ, անվտանգություն եւ այլն դա ինչպես է ընթանում, ինչ արդյունքներ կան եւ ինչ հեռանկարներ են առջեւում՝ հաջորդիվ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image