Քաղաքականություն

Մարզպետն ինձ անձամբ ասաց՝ դիմում կգրես, կգնաս եւ այլեւս ոտք չդնես մարզպետարան

Մարզպետն ինձ անձամբ ասաց՝ դիմում կգրես, կգնաս եւ այլեւս ոտք չդնես մարզպետարան

Գեղարքունիքի մարզպետարանի վարչատնտեսական բաժնի նախկին պետ Մկրտիչ Սաֆարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան` ընդդեմ Գեղարքունիքի մարզպետարանի, պաշտոնում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով հատուցում տրամադրել պարտավորեցնելու պահանջով: Շուրջ 2 տարի ընթացող դատավարության արդյունքում դատարանը բավարարել է Սաֆարյանի հայցը, եւ դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Դատարանում Մկրտիչ Սաֆարյանի շահերը ներկայացնող Հրաչյա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին անօրինական են ազատել աշխատանքից, բայց հիմա էլ մարզպետարանը դատարանի օրինական վճիռը չի կատարում. «Կա 3 հրաման մարզպետի կողմից, 2 խիստ նկատողություն հայտարարելու հիմքով լիազորությունները դադարեցնելու հրաման: 3 հրամաններից մեկն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անվավեր: Մինչեւ Վճռաբեկ դատարան հասել է, դատարանն արձանագրել է, որ այս ակտն իրավաչափ չէ: Միայն այդ հիմքով Քաղաքացիական ծառայության մասին օրենքն ասում է` եթե լիազորությունները դադարեցնելու ակտը ճանաչվում է անվավեր, 5 աշխատանքային օրվա ընթացքում գործատուն պարտավոր է վերականգնել նախկին աշխատանքում կամ հարկադիր պարապուրդի ընթացքում միջին աշխատավարձի չափով հատուցում տրամադրել: Հիմա դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, երկրորդ կնիքով հաստատել ենք, դա անբեկանելի է եւ ենթակա է կատարման: Ներկայացրել եմ մարզպետարան, որ խնդրում եմ ձեր պարտականությունները կատարել, մարզպետարանից անհեթեթ պատճառաբանություններով գրություն ենք ստացել: Վարչապետին եմ բողոք գրել, որպես վերադաս մարմնի, վարչապետի աշխատակազմից մակագրել են մարզպետարան, ասել են՝ պատասխանեք: Ծիծաղելի է, բայց ուրիշ ելք էլ չի մնում, կրկին դիմել եմ դատարան, որպեսզի դատարանը պարտավորեցնի մարզպետարանին` կատարել իր պարտականությունները: Այս մասով դատական նիստը նշանակվել է փետրվարի 4-ին: Դատարանը նաեւ արձանագրել է, եւ օրինական ուժի մեջ մտած վճիռ կա, ապա իրավունք չունեն լիազորությունները դադարեցնելու, աշխատանքային պայմանագիրը լուծելու: Գործը հասել է Վճռաբեկ դատարան` դատարանը մարզպետարանի բողոքը թողել է առանց քննության, գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան, դատարանն էլ, քննության ծավալը հաշվի առնելով, բավարարել է: Մարզպետարանից ասացին, որ այդ հաստիքը գոյություն չունի, աշխատանքում չեն վերականգնի, իսկ Աշխատանքային օրենսգրքի 265 հոդվածն ասում է՝ կա՛մ աշխատանքում վերականգնում ես, կա՛մ չվերականգնելու համար հատուցում ես տալիս աշխատավարձի ութնապատիկի չափով: Կրկին դիմեցի դատարան՝ որպես երրորդ կողմ ներգրավելով ֆինանսների նախարարությանը, այս անգամ պահանջն այնպես է ներկայացված, որ չկատարելու դեպքում Քննչական կոմիտեն վարույթ կնախաձեռնի մարզպետարանի դեմ»:

Մկրտիչ Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հիմքով են իրեն ազատել աշխատանքից։ «Ինձ անհիմն ձեւով են ազատել, 2022 թվականից մինչեւ այսօր 10 մլն դրամից ավելի ինձ պետք է վճարի մարզպետարանը: Տեսնո՞ւմ եք, թե որքան են պետությանը վնաս հասցնում: Մարզպետն ինձ անձամբ ասաց՝ դիմում կգրես, կգնաս եւ այլեւս ոտք չդնես մարզպետարան: Ես ազատման դիմում չգրեցի, դրանից հետո՝ 1 ամսվա ընթացքում, 2 խիստ նկատողություն տվեց: Ես էլ իմ իրավունքը պաշտպանելու համար դիմել եմ դատարան եւ մինչեւ վերջ գնալու եմ: Էն կարգի պրինցիպ են ընկել ինձ հետ, որ չի հասկանում` որքան երկարի, այնքան ավել գումար են վճարելու: Իսկ իմ ազատման պատճառը եղել է այն, որ ես ստուգել եմ պահակի զգոնությունը: Քանի որ մի քանի ժամ դուռը թակելուց հետո չի բացել, ստիպված այնպես արեցի, որ մեքենայի ձայնային ազդանշանը միանար: Իսկ քանի որ պահակի աղջիկն այդ ժամանակ մարզպետի քարտուղարուհին էր, ինձ անհիմն աշխատանքից ազատեցին: Ու դա արեցին այնքան անգրագետ ձեւով, որ չեն կարողանում իրենց եփած ճաշը մարսել: Գործից ազատելով չբավարարվեցին, մարզպետարանից, իմ կարծիքով՝ մարզպետի կարգադրությամբ, հայտարարություն տվեցին ոստիկանություն, որ քրեական գործ հարուցեն՝ խուլիգանության հոդվածով: Քննության ընթացքում բացարձակապես ոչ մի փաստ չգտան, գործը կարճվեց: Որոշեցին գոնե 50 հազար դրամ ինձ տուգանել, անգամ այդ 50 հազար դրամը չտուգանեցին: Այ, էս կարգի մարզպետն ընկել է իմ հետեւից»,-պատմեց Մկրտիչ Սաֆարյանը:

Այս գործի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանի շահերը պաշտպանում էր մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Բուրմունք Հովհաննիսյանը: Մենք տեղեկացանք, որ Մկրտիչ Սաֆարյանի հայցը դատարանի կողմից բավարարվելուց հետո Հովհաննիսյանին ազատել են աշխատանքից: Այժմ մարզպետարանի շահերը դատարանում ներկայացնում է Մանուշ Եսայանը. «Ես վերաքննիչ բողոք եմ ներկայացրել, որ բեկանի առաջին ատյանի դատարանի վճիռը: Այդ վճռով պարտավորեցրել են մարզպետարանին` փոխհատուցել աշխատավարձը»: Ի դեպ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում աշխատանքից, իր դիմումի համաձայն, «ազատել է» մարզպետարանի քաղաքաշինության վարչության հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Արմեն Զոհրաբյանին, որը Գնել Սանոյանի մտերիմն է, իսկ այժմ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենն է։ Իսկ վարչության պետի պաշտոնն այժմ զբաղեցնում է մարզպետի համագյուղացին՝ Սասուն Սահակյանը: Մինչ այս պաշտոնը ստանձնելը Սասուն Սահակյանը 2022 թվականին եղել է մարզպետի խորհրդականը: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Սիրաս Օհանյանին նույնպես ազատել են աշխատանքից: Օրեր առաջ էլ գյուղվարչության պետ Մարտին Պետրոսյանին են ասել՝ դիմում գրի, գնա:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image